Միլի մեջլիսը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները, պատճառը ԵԽ-ի ընդունած ՀՀ-ի վերաբերյալ բանաձևն է | Region

Միլի մեջլիսը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները, պատճառը ԵԽ-ի ընդունած ՀՀ-ի վերաբերյալ բանաձևն է

Մայիս 01,2026 14:24

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ընդունել է «Եվրոպական խորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ» բանաձև։

Բանն այն է, որ երեկ Եվրախորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 476 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ, Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերին։

Բանաձևով ԵԽ-ն վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։

Փաստաթուղթը կոչ է անում «պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին», և Ղարաբաղ հրավիրել միջազգային գնահատման առաքելություն։ Բանաձևը դատապարտում է նաև «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։

Այս բանաձևը ակնհայտորեն զայրացրել է Բաքվին։

Միլլի Մեջլիսի ընդունած փաստաթղթում, ինչպես գրում է ադրբեջանական APA-ն,  նշված է, որ «Եվրոպական խորհրդարանի գործունեությունը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև արդարադատության հայեցակարգի կատեգորիկ մերժման վրա։ 30 տարի շարունակ այս կազմակերպությունը անտեսել է մեր տարածքների օկուպացիան Հայաստանի կողմից, մեր հարյուրավոր քաղաքների և գյուղերի, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացումը, էթնիկ զտումները, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն փախստականների և ներքին տեղահանված անձանց իրավունքները»։ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցության համար նախատեսված հարթակները՝ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեն և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, դարձել են ճնշման, շանտաժի և մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտության գործիքներ»։

Ադրբեջանի խորհրդարանը ԵԽ-ին մեղադրում է հակաադրբեջանական քաղաքականության ու զրպարտություն և վարկաբեկում տարածելու մեջ։

Ուշագրավ է, որ բռնապետական երկրի խորհրդարանը նշում է, թե ԵԽ-ում «ժողովրդավարական արժեքները փլուզվել են, իսկ կոռուպցիան ու կաշառակերությունը խորապես արմատացած են, դարձել է մի կառույց, որը մշտապես արտահայտում է ադրբեջանաֆոբիկ և իսլամաֆոբիկ տրամադրություններ: Առավել մտահոգիչ գործոններից մեկն այն է, որ այս մարմինը ոչ միայն խոչընդոտում է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը, այլև դեմ է տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին՝ հրահրելով ռևանշիստական ​​ուժեր և փորձելով կրկին տարածաշրջանը վերածել լարվածության օջախի: Այս ամենը ժխտում է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցության բուն էությունը»։

Ահա այս հիմնավորումներով  պայմանավորված որոշում է ընդունվել՝

  1. դադարեցնել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Եվրոպական խորհրդարանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում,
  2. դադարեցնել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը,
  3. համաձայն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության՝ սկսել ընթացակարգեր՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի անդամակցությունը այս կազմակերպությանը դադարեցնելու և այդ ընթացակարգերի ընթացքում ձեռնպահ մնալ դրա միջոցառումներին մասնակցելուց։

 

Նշենք նաև, որ Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչն այսօր կանչվել է արտաքին գործերի նախարարություն, դեսպանին բողոքի նոտա է ներկայացվել։

Նորություններ