Ադրբեջանն էսկալացիայի համար պատրվակներ է փնտրում | Region

Ադրբեջանն էսկալացիայի համար պատրվակներ է փնտրում

Փետրվար 14,2024 16:34

– Արևելագետ Կարինե Գևորգյան. Բաքուն հող է նախապատրաստում հարձակման համար

–  Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է

– Իրանը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը

Երկարատև հարաբերական հանգստից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կրկին սրվել է: Փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծումը Բաքվի կողմից սովորական դարձած սադրանք է և ծրագրված սցենարի մաս։

Որոշ փորձագետներ նշում էին, որ ընտրություններից հետո Ադրբեջանի քաղաքականությունը կարող է փոփոխությունների ենթարկվել, անհնար է անվերջ շահարկել ռազմական թեման։ Ըստ նրանց՝ Ալիևի վերընտրվելուց հետո Բաքուն, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի ռազմական հռետորաբանության մակարդակը և կկենտրոնանա տարածաշրջանային խնդիրների լուծման վրա։ Սակայն Ադրբեջանն արդեն մի քանի օր է, ինչ տեղեկատվական քարոզչություն է իրականացնում, որը սովորաբար նախորդում է ռազմական գործողություններին։

Իր հերթին արևելագետ Կարինե Գևորգյանը հայտարարում էր, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում կարող է նոր սրացում սկսվել։ RUSARMINFO-ի եթերում փորձագետը հայտարարել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում կեղծ տեղեկություններ են տարածվում, թե Հայաստանն ու Ֆրանսիան հարձակում են նախապատրաստում Ջերմուկի շրջանում ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Կարինե Գեւորգյանը նշել է, որ դրանով Բաքուն հող է նախապատրաստում իր իսկ հարձակման համար։

Փետրվարի 13-ին, երբ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատեց նախագահական ընտրությունների արդյունքները, և Իլհամ Ալիևը պաշտոնապես հռչակվեց նախագահ, Ադրբեջանը կրկին անցավ բռնի ագրեսիվ գործողությունների։ Այսպիսով, Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց իր ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ոչնչացրել է Ներքին Հանդի մոտ տեղակայված հայկական դիրքերից մեկը։ Նշենք, որ Ադրբեջանը 2020-2023 թթ. օկուպացրել է բավականին մեծ տարածք Սյունիքի մարզում, այդ թվում՝ Ներքին Հանդի ուղղությամբ, ինչի արդյունքում թշնամու թիրախում է հայտնվել անգամ գյուղական դպրոցը։

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Lenta.ru-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունը  Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Պատգամավորի խոսքով՝ սա Ադրբեջանի ուժի դրսևորման և վրեժխնդրության փորձ էր, և այսօր այդ տեղեկությունը տարածում է որպես Հայաստանի հետ առճակատման հերթական հաղթանակ։ «Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ, դա ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։ Նրա կարծիքով, Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջի ցանկացած պայմանագիր ստորագրելիս։ Նա հավելել է, որ Բաքուն դադար էր վերցրել նախագահական ընտրությունների համար, որի ժամանակ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը  կրակը թեժացրել է՝ քվեարկելով Ստեփանակերտում, որտեղ հայ բնակչություն չի մնացել։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասսեր Քանաանին կրկին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծել ՝ հայտարարելով, որ Իրանը մտահոգված է երկրների միջև սահմանին լարվածության աճով: Երեքշաբթի օրը իր հայտարարության մեջ Քանաանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել այն բանից հետո, երբ վերջին բախումների հետեւանքով եղան զոհեր ու վիրավորներ: Նա վերահաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը կովկասյան տարածաշրջանում կայուն և մշտական խաղաղության հասնելու միակ ճանապարհն են ՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել խաղաղ համաձայնության հասնելու ջանքերը:

Սակայն ադրբեջանական զինուժի ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի մերձակայքում կամ բնակավայրերի միջև ճանապարհներին անօրինական է և հանցավոր։ Հետևաբար, լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պարբերաբար կնվազի և կավելանա:

 

Զաբելա Ավագյան

 

Նորություններ