Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է որոշեն իրենց ապագան, ոչ թե Մոսկվան. Գերմանիայի ԱԳ նախարար | Region

Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է որոշեն իրենց ապագան, ոչ թե Մոսկվան. Գերմանիայի ԱԳ նախարար

Նոյեմբեր 18,2026 11:14

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը  Հայաստան և Ադրբեջան մեկնելուց առաջ հայտարարություն է արել, նշելով՝ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ ի վնաս տարածաշրջանի ժողովուրդների և նրանց ապագայի։

«Հարավային Կովկասը գտնվում է շրջադարձային փուլում՝ ունենալով պատմական հնարավորություն վերջնականապես հաղթահարելու տասնամյակներ շարունակվող պատերազմը, բռնությունն ու տեղահանությունները։ Այն, ինչ երկար տարիներ հազիվ թե պատկերացնելի էր, այժմ հասանելի է։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորությունից այժմ պետք է անպայման օգտվել»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

«Հայաստանի և Ադրբեջանի համար նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի ցուցաբերած քաջությունն ու պատասխանատվությունը կարող են հարթել դեպի տևական խաղաղություն տանող ճանապարհը։ Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ուղենիշային էր այս ճանապարհին։ Այժմ չափազանց կարևոր է վճռականորեն շարունակել այս ուղղությամբ, ինչը ներուժ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխադարձ վստահության ձևավորման համար։ Սահմանի երկու կողմերում գտնվող մարդիկ պետք է կարողանան տեսնել, որ քաջությունն ու վստահությունն արդարացնում են իրենց՝ դրսևորվելով ավելի մեծ անվտանգության, բաց տրանսպորտային ուղիների և այնպիսի հեռանկարների տեսքով, որոնք տնտեսական հույս են ներշնչում և նպաստում հաշտեցմանը։ Գերմանիան այստեղ կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի կողքին՝ որպես հուսալի բարեկամ և գործընկեր։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին անգամ ես մեկնում եմ Բաքու և Երևան՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղությանն ուղղված քայլերին։ Անցյալ տարի Գերմանիան Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները դրեց նոր՝ ռազմավարական հիմքի վրա։ Այժմ մենք ցանկանում ենք գործնական քայլերով կյանքի կոչել երկու երկրների հետ համաձայնեցված համատեղ ռազմավարական օրակարգերը։ Հարավային Կովկասի տարածաշրջանը պատմական հանգույց է Եվրոպայի և Ասիայի միջև։ Այսօր նույնպես այս դերը կրկին մեծ ներուժ ունի առևտրի, էներգետիկ գործընկերության և նոր տրանսպորտային կապերի համար։ Տևական խաղաղությունն ու բաց սահմանները ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանի ժողովուրդներին, այլև կնպաստեն մեր ամբողջ եվրոպական հարևանության անվտանգությանն ու կայունությանը։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և Մոսկվայից հնչող գնալով ավելի բացահայտ սպառնալիքները պարզ են դարձնում, որ նախագահ Պուտինը չի ցանկանում ունենալ ինքնիշխան պետություններից կազմված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը։ Հարավային Կովկասում նույնպես մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում պահպանել իր ազդեցությունը՝ ի հաշիվ ժողովուրդների և նրանց ապագայի։ Սակայն այն, թե արդյոք Ռուսաստանի հարևանները ավելի սերտ հարաբերություններ կունենան Եվրոպայի հետ, չի կարող որոշվել Մոսկվայում։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսել նրանց ձայնը և հաշվի առնել նրանց շահերը»,-հայտարարել է Վադեֆուլը։

 

 

Նորություններ