Խաղաղության պայմանագիրը կնքվելու է Սահմանադրության փոփոխության հաջորդ օրը․ ԱԽ քարտուղար | Region

Խաղաղության պայմանագիրը կնքվելու է Սահմանադրության փոփոխության հաջորդ օրը․ ԱԽ քարտուղար

Նոյեմբեր 19,2026 12:34

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանն, ըստ որի՝ ԹՐԻՓՓ–ին առնչվող տեխնիկական հարցերը պիտի քննարկվեն Բաքվի հետ, քանի որ դրա մուտքն ու ելքը Ադրբեջանում է։

«Իսկ ԹՐԻՓՓ–ը ո՞ւր է գնում կպնում, այսինքն էդ ԹՐԻՓՓ–ը Հայաստանի մեջ օդ է բարձրանո՞ւմ։ Էլի մեր տարածքում է, բայց ո՞ւր է գնալու։ Ենթադրենք գնաց սարին կպավ, այնտեղ չկարողացավ Ադրբեջանի կողմով շարունակվի, չկարողացավ գնա կպնի Ղազախստանին և Չինաստանին։ Չպիտի ասե՞նք, իսկ ո՞նց ենք անցկացնում էս ճանապարհը, ու՞մ հետ պիտի տեխնիկական մասը քննարկվի, որտեղո՞վ է գնալու, Մարսո՞վ։  ԹՐԻՓՓ–ը Ադրբեջան չպիտի գնա՞»,-ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով․«Ասենք՝ ճանապարհը գալիս է, կամ տրուբեն գալիս է, պիտի գնա կպնի, եթե իրենց խողովակը գնում է, չգիտեմ, Տավուշ, մենք մի հատ խողովակ սարքենք, որը Վայոց Ձորով գալիս է, որ իրենց կպնի, այդ խողովակը չի կպնի իրար։ Անընդհատ ամեն ինչի մեջ ուզում եք վատ բան գտնեք, բայց տրամաբանություն դրեք գոնե ձեր հարցերի մեջ»։

Անդրադառնալով ընտրությունների մասին ընդդիմության քննադատությանը, Սիմոնյանն ասել է․«Վարչական ռեսուրսների կիրառումը  դա ընդդիմության հեքիաթներից է և իրենք ասում են թե մենք թույլ չտվեցինք, ժողովուրդը գնաց դեմ քվեարկեց, ժողովուրդը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն ունենա և այլն։  Բա որ ռեսուրս էինք կիրառում, այդ 1%-ն ի՞նչ էր, որ թղթի վրա չգրեինք։ Իրենք իրենց հակասում են։ Իրենք ինչ խախտումներ են ներկայացրել, որը որևիցե ձև հիմնավորել են։ Իրենք չեն կարող ասել, որ ընտրությունները կեղծվել են։ Այո, համաձայն եմ, որ կային բաներ, որ լավ կազմակերպված չէին և ընդդիմությունը նաև չի կարող ասել, որ մենք չենք հաղթել լեգիտիմորեն»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի բացառապես սահմանադրական փոփոխություններից հետո, որի  տեքստը կհրապարակվի մի քանի օրից։ Նրա գնահատմամբ՝ գործող Սահմանադրությունը նախկինում լարվածության պատճառ է հանդիսացել, մինչդեռ այսօր Հայաստանը թշնամիներ չունի․«Հայաստանի Հանրապետությունը իր տարածաշրջանում թշնամի չունի, Հայաստանի թշնամին գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք  քաղաքական միավորներ են ստեղծում։ Դեմարկացիա և դելիմիտացիա գոյություն ունի և որտեղ հայկական զորքերն են գտնվում, ադրբեջանական տարածքում դուրս են գալու և որտեղ ադրբեջանական բանակն է գտնվում հայկական տարածքում, իրենք էլ են դուրս գալու։ Խաղաղության պայմանագիրը կնքվելու է Սահմանադրության փոփոխության հաջորդ օրը»։

Ինչ վերաբերում է անհետ կորածների և գերիների հարցին, նա նշել է, որ  Հայաստանն ու Ադրբեջանը և Հայաստանը երկուստեք նախաձեռնություններ են ներկայացրել, և հայկական կողմը մոտակա ժամանակներում կփոխանցի նաև իր կողմից առաջարկող պատկերացումները և նախաձեռնությունները․«Կարծում եմ՝ մենք կաշխատենք և այդ խնդիրներին լուծում կտանք։ Հիմա խնդիրն այն է, որ առաջին պատերազմից հետո, խոսքը 90-ականների պատերազմի մասին է, մենք հիմա դժվարանում ենք տվյալներ գտնել և հասանելիություն ապահովել։ Մեր ունեցած տվյալները շատ կցկտուր են և չեն կարող հիմք հանդիսանալ հիմնական քննարկման համար։ Կիպրական փորձ կա  նաև, որը հնարավորություն է տալիս լուսանկարների կամ արխիվային փաստաթղթերի միջոցով, փորձել ճանապարհը վերականգնել և գտնել ու այդ հատվածներում սկսել որոնողական աշխատանքներ։ Սա բարդ և բազմաշերտ աշխատանք է»։

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ այն մարդիկ, որոնք անհետ կորածների ցուցակում են, կարող են ողջ լինել և ընդգծեց, որ ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ադրբեջանը փոխադարձաբար չի հենվում միմյանց տրամադրված տեղեկատվության հիման վրա․«Գերիների հարցով որևէ մեկը որոշում չի կայացրել և նման հարց չի էլ քննարկվում։ Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց, ապա «անհետ կորած» նշանակում է, որ տվյալ անձի մասին ընդհանրապես տեղեկություն չկա։ Հաստատված գերիների մասին խոսելիս մենք հաճախ հղում ենք անում Կարմիր խաչի, միջազգային տարբեր կառույցների կամ մեր ունեցած տվյալներին։ Բոլոր այն անձինք, որոնք համարվում են անհետ կորած, մեծ հավանականությամբ կարող են կենդանի լինել, մենք դա որևէ կերպ չենք բացառում, և տա Աստված, որ կարողանանք գտնել այդ մարդկանց։ Գերիների վերաբերյալ տվյալները միայն մերը չեն, դրանք նաև Կարմիր խաչի տվյալներն են, որը գործել է մինչև 2024 թվականը։ Երբ ասում ենք «անհետ կորած», դա որևէ կերպ չի նշանակում, թե այդ անձինք մահացած են. դա նշանակում է, որ նրանց ճակատագիրն անհայտ է, և չկա տեղեկություն՝ ողջ են, թե ոչ։ Մենք չենք հենվում միայն Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունների վրա, հենց դրա համար էլ կան միջազգային կազմակերպություններ։ Այնպես չէ, որ վերջիններս էլ միանշանակ վստահում են միայն մեր տվյալներին, և միջազգային կազմակերպությունների ամբողջ իմաստը հենց դրանում է»։

Տիրուն Մարգարյան

 

 

Նորություններ