Արա Պողոսյան. Պարտադրված նոր Սահմանադրության ընդունումը կամ մերժումը ցուգցվանգ է Հայաստանի համար
«Այն ինչ ասում է Փաշինյանը, որևէ առնչություն չունի ո՛չ քաղաքագիտության, ո՛չ էլ որպես այդպիսին քաղաքական տրամաբանության հետ»,-REGIONSTV-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղության հաստատման ճանապարհին գլխավոր խոչընդոտն ընդդիմությունն է։
Պողոսյանի կարծիքով՝ այդ միտքն ինքնին մանիպուլյատիվ է, ուստի, պարզ լեզվով ասած, իրենից ներկայացնում է հիմարություն, որը նույնիսկ բացատրության կարիք չունի․«Վերջին ութ տարիների նրա վարքագիծն ինքն խոսում է իր մասին՝ թե՛ խոստումները և դրանց չկատարումը, թե՛ երդումները և դրանց չկատարումը։ Այնպես որ, կարծում եմ, այստեղ առանձնապես քննարկելու բան չկա»։
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անկախ խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումից՝ կառավարությունը չի հրաժարվի նոր Սահմանադրության ընդունման օրակարգից։ Նա ասել է, որ ընդդիմությունը խաղաղության հաստատման ճանապարհին գլխավոր խոչընդոտն է՝ նշելով․ «Ընդդիմությունը դիրքավորվում է՝ որպես խաղաղության առանցքային խոչընդոտի դերակատար»։
Կառավարության ղեկավարը նոր Սահմանադրության ընդունման օրակարգն առաջ մղելու համար նախանշել է երկու ճանապարհ.«Կա՛մ հանրային ճնշում ենք գեներացնում, և ընդդիմությունը հրաժարվում է այդ դերակատարումից, կա՛մ քաղաքական պրոցեսները տանում ենք այն ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածը չի լինում խորհրդարանում»։
Արա Պողոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցի շուրջ արտահայտվել է ծայրահեղ հստակ։ Մասնավորապես, նա ուղիղ և երկիմաստությունից զերծ հասկացրել է, որ կա ընդամենը երկու ճանապարհ։ Կա՛մ ընդդիմությունը կգնա իր առաջարկած ճանապարհով՝ խորհրդարանում կողմ կքվեարկի Սահմանադրության նախագծին և դրանով իսկ ճանապարհ կբացի հանրաքվեի անցկացման համար, կա՛մ, եթե այդ սցենարը չաշխատի և իրեն չմոտեցնի բաղձալի նպատակին, Փաշինյանը քաղաքական դաշտում հանրային ճնշում կգեներացնի, և այդ ժամանակ երկրում սպասվում են արտահերթ ընտրություններ»։
Իսկ արտահերթ ընտրությունների հարցը, Պողոսյանի կարծիքով, ուղղակիորեն հանգում է Փաշինյանի նպատակներին. թե կոնկրետ ինչ խնդիրներ է նա դնում իր առջև, որքանով է իրեն ձեռնտու գնալ նոր արտահերթ ընտրությունների և, որ ամենակարևորն է, արդյոք նա կկարողանա կառուցել ապագա խորհրդարանի այնպիսի կոնֆիգուրացիա, որի դեպքում կկարողանա անարգել բավարարել իր քմահաճույքները՝ առանց նվազագույն դիմադրության։
Փաշինյանը հայտարարել է, որ ճակատագրական որոշումներ է կայացնելու, նա ժողովրդի առջև պարտավորություն է ստանձնել՝ ընդունել նոր Սահմանադրություն և հաստատել խաղաղություն։
Արա Պողոսյանը, սակայն, զարմացած է, որ իշխանությունները խաղաղությունն ուղղակիորեն կապում են Սահմանադրության փոփոխության հետ։ Պողոսյանի խոսքով՝ բազմիցս հայտարարվել է, որ Ադրբեջանն ունի շատ հստակ պահանջ. կբավարարվի պահանջը՝ կստորագրվի որևէ փաստաթուղթ, չի բավարարվի՝ չի ստորագրվի ոչ մի փաստաթուղթ․« Ընդ որում, արդյոք Ադրբեջանին ընդհանրապես պետք է որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Եվ եթե Ադրբեջանին պետք չէ, որ փաստաթուղթ ստորագրվի, ապա այսօր կլինի Սահմանադրության խնդիրը, վաղը չէ մյուս օրը կառաջանա մեկ այլ խնդիր։ Այնպես որ, ամեն ինչ շատ պարզ է։ Ձևակերպենք այսպես. խաղաղություն՝ Ադրբեջանի պայմաններով։ Կբավարարեք այդ պայմանները՝ կլինի խաղաղություն, չեք բավարարի՝ կլինի այսպիսի հարաբերական իրավիճակ՝ կախված Ադրբեջանի ցանկություններից և օրվա հրամայականներից»։
Պողոսյանը կարծում է, որ պարզապես անտրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը բացահայտ հաստատեր՝ այո՛, սա հենց Ադրբեջանի պահանջն է։ Չէ՞ որ այդ դեպքում խոսքը կգնար շատ ավելի լուրջ գործընթացի՝ սահմանադրական կարգի տապալման մասին։
Պողոսյանը համոզված է, որ Ալիևը, առաջ քաշելով մեր Սահմանադրության նախաբանին վերաբերող պայմանը, կանխամտածված Հայաստանի առջև դնում է անիրագործելի խնդիր․«Ադրբեջանն ունի երկու շատ կարևոր նպատակ։ Առաջինը՝ Հայաստանին մշտապես լարվածության մեջ պահելը։ Ինչպես արդեն ասացի, եթե դուք բավարարեք այս պահանջը, առաջ կքաշեն հաջորդը, հետո՝ ևս մեկը և այդպես շարունակ, քանի դեռ Ադրբեջանը Հայաստանը չի համարի այլևս անկենսունակ պետություն և հնարավորություն չի ստանա ուղղակիորեն կարգադրություններ անել Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Իսկ մինչ այդ, բնականաբար, առաջ կքաշվեն պահանջներ, կբարձրացվեն տարբեր հարցեր, որոնց բավարարումը վտանգավոր է Հայաստանի համար, վտանգավոր է ազգային անվտանգության համար։ Այլ կերպ ասած՝ պահանջները չբավարարելու դեպքում երկու տարբերակում էլ ստեղծվում է փակուղային իրավիճակ, որտեղ Հայաստանն ամեն դեպքում պարտվելու է։ Երկու որոշումներն էլ հավասարապես վնաս կհասցնեն և կնվազեցնեն ինչպես Հայաստանի դիմակայունությունը, այնպես էլ պետության ինքնիշխանությունը։ Որքան շատ են երրորդ կողմի հնարավորությունները՝ միջամտելու ձեր ներքին գործերին, այնքան ավելի թույլ են ձեր դիմակայունությունն ու ձեր ինքնիշխանությունը։ Եվ Ադրբեջանը դա հիանալի հասկանում է, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նվազեցում է»։
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է.«Եթե ժողովուրդը մերժի Սահմանադրությունը, ես հրաժարական կտամ, եթե ժողովուրդը քվեարկի կողմ, ես չեմ առաջադրվի հաջորդ ընտրություններում։ Կարծում եմ, որ սա առաջարկ է, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Իսկ եթե նրանք հրաժարվեն ինձ հեռացնելու տարբերակներից, մենք ինքներս նրանց կհեռացնենք. այլ ճանապարհ չկա»։
Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը՝ Պողոսյանն ասում է. «Այս պահին գոյություն ունի քաղաքական շահ, և Փաշինյանը կփորձի հասնել այդ քաղաքական շահին ցանկացած ոլորտում։ Հիմա նա երդումներ կտա։ Ես չգիտեմ, թե նա ինչ ցույց կտա՝ դա կարևոր չէ։ Էական չէ նաև Սահմանադրության նախագծի բովանդակության շուրջ քննարկումը, որը մինչ այժմ հրապարակված չէ։ Կա փաստ. Հայաստանին պարտադրվում է ինչ-որ Սահմանադրություն։ Եվ կա ևս մեկ փաստ. դրա ընդունումը նշանակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության թուլացում և երրորդ անձանց միջամտություն երկրի ներքին գործերին։ Կա նաև մեկ այլ փաստ. դրա չընդունումը նույնպես թշնամի պետությանը առիթ է տալիս ոչ միայն չստորագրել խաղաղության պայմանագիրը, այլև հաստատել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակ, ինչպես եղել է վերջին տարիներին։ Այլ կերպ ասած՝ Սահմանադրության ընդունումը կամ չընդունումը ցուգցվանգ է Հայաստանի համար»։
Զաբելա Ավագյան
