Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1.8 միլիոնի, հաջորդ տարի 400 հազար քաղաքացի կօգտվի փաթեթից․նախարար | Region

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1.8 միլիոնի, հաջորդ տարի 400 հազար քաղաքացի կօգտվի փաթեթից․նախարար

Նոյեմբեր 18,2026 16:34

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն հասել է 1.8 միլիոնի, առողջապահական ծառայություններից օգտվել է ավելի քան 1 միլիոն քաղաքացի, գրանցվել է 16.2 միլիոն սպասարկման դեպք, 10 ամսվա ընթացքում փոխհատուցման բյուջեն կազմել է 180 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր խորհրդարանումբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ապահովագրական բյուջեի շրջանակում 93% է կազմել փոխհատուցման ցուցանիշը։

Նախարարը նշել է, որ հաջորդ տարի համակարգն ընդլայնվելու է, և ևս առնվազն 400 հազար քաղաքացի հնարավորություն կունենա օգտվելու ապահովագրական փաթեթից։

Նախարարի ներկայացմամբ՝ հաջորդ տարի պետությունը շարունակելու է 100 տոկոսով փոխհատուցել մինչև 18 տարեկանների, 65 և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ապահովագրավճարները և սուբսիդավորելու է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին, ինչի համար կհատկացվի 276 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը։ Այն դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ էլ հաստատվի, որպեսզի որպես օրենք ուժի մեջ մտնի։

Նաև հիշեցնենք, որ նախագծով սահմանավում է, որ եկող տարվա հունվարի 1-ից համակարգում ընդգրկվելու են մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողներ։ Ամսական 10,800 դրամ ապահովագրավճարից 4400 դրամը վճարելու է պետությունը, 4400-ը՝ գործատուն, իսկ 2000-ը՝ աշխատողը։

Համակարգում ընդգրկվելու են  նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները։
Նոր նախագծով հնարավորություն է տրվում քաղաքացիներին իրենց ընտանիքի անդամներին կամավոր ապահովագրելու։

Նորություններ