«Այս պատժիչ մեխանիզմը պետք է վերանա»․ մանկավարժները պահանջում են վերանայել ատեստավորման թեստերն ու գնահատման կարգը
Այսօր ուսուցիչները՝ հիմնականում տարրական դասարանների դասվարները, բողոքի ցույց են իրականացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով նոյեմբերի 15-ին անցկացված կամավոր ատեստավորման քննություններից։ Նրանք դժգոհել են թեստերի կառուցվածքի ու բովանդակության, ժամանակի սղության, գնահատման համակարգի և բողոքարկման գործընթացում առաջացած խնդիրներից, մինչդեռ նախարարության ներկայացուցիչները պնդել են, որ հարցաշարերը համապատասխանել են ուղեցույցին և բողոքարկման հանձնաժողովը քննարկելու է դիմումները։
Բողոքի ցույցի մասնակից ուսուցիչներն ասել են, որ այս տարվա քննական թեստերը, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն բարդացված էին և ուղեկցվում էին որոշակի տեխնիկական խնդիրներով։

Հասմիկ Հակոբյան
Երևանի թիվ 198 դպրոցի դասվար Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարվա քննությունները նախորդ տարվա համեմատ փոփոխվել են՝ վատ իմաստով, ուսուցիչների համար է՛լ ավելի են բարդացել, 40 հարցի փոխարեն դարձել է 60 հարց։
«Առաջադրանքները չունեն մեկ հարց, այլ ներառում են մի քանի ենթահարցեր, խոսքը այստղ մաթեմատիկաայի մասին է։ Դասվարների համար սա հատկապես բարդ է, քանի որ մենք հանձնում ենք ոչ թե մեկ առարկա, այլ միանգամից մի քանիսը՝ մաթեմատիկա, մայրենի։ Քերականական հարցերը լեզվաբանի մակարդակի են։ Նույնը մաթեմատիկայի դեպքում է. թեստում կան նույնիսկ 7-8-րդ և ավելի բարձր դասարաններին համարժեք խնդիրներ, որոնք ընդհանրապես ներառված չեն տարրական դպրոցի ծրագրում և չեն համապատասխանում չափորոշիչներին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս ամենն այսքան բարդացվում»,-ասել է Հակոբյանը, հավելելով՝ այս ամենը հիասթափեցնում է ուսուցչին։
«Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է զբաղվի ինքնակրթությամբ, անհրաժեշտ է վերապատրաստվել և ունենալ ակադեմիական գիտելիքներ՝ երեխաներին լիարժեք դասավանդելու համար։ Անշուշտ, ես պատրաստ եմ անցնել այդ վերապատրաստումները, բայց ամեն ինչ պետք է լինի տրամաբանության սահմաններում, որպեսզի ուսուցիչը կարողանա հաղթահարել շեմը, ոչ թե ներառվեն այնպիսի խնդիրներ, որոնք նույնիսկ բուհ ավարտած մանկավարժները չեն կարողանում լուծել»,-նշել է Հասմիկ Հակոբյանը։
Ցույցին մասնակցել են նաև այն ուսուցիչները, որոնք դեռ չեն մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Նրանք գնահատման այս համակարգը համարում են պատժիչ մեխանիզմ։
Մանկավարժները դժգոհել են, որ փնջային կամ ենթահարցեր ունեցող առաջադրանքների դեպքում մեկ սխալ կամ թերի պատասխանի պատճառով ամբողջ միավորը զրոյացվում է՝ առանց մասնակի միավոր տրամադրելու։
Ուսուցիչները նշել են, որ օգոստոսին հրապարակված ուղեցույցից ու առցանց վերապատրաստումներից հետո դասավանդման զուգահեռ պատրաստվելը բարդ է, իսկ անցկացված վերապատրաստումների բովանդակությունը շատ դեպքերում չի համապատասխանել թեստերին։
Նրանք խոսել են քննության ընթացքում խիստ հսկողության ու լարվածության, ինչպես նաև բողոքարկման ժամանակ հաստատման կոճակի չաշխատելու կամ համակարգային խափանումների մասին։
«Ես դեռ չեմ մասնակցել, բայց հաջորդ տարի ատեստավորվելու եմ և նույն խնդրին եմ բախվելու, եթե հարցն այս տարի չլուծեն։ Ասում են՝ կամավոր, բայց եթե մասնակցում ես ու չես հաղթահարում շեմը, աշխատանքից ազատվում ես։ Էլ ո՞րն է դրա կամավոր լինելը։ Այս պատժիչ մեխանիզմը պետք է վերանա։ Թող ատեստավորումը լինի իսկապես կամավոր, որպեսզի շեմը չհաղթահարելու դեպքում ուսուցիչը երկրորդ անգամ մասնակցելու հնարավորություն ունենա։ Մենք չենք հրաժարվում ատեստավորվելուց, պարզապես պահանջում ենք համապատասխան վերաբերմունք, ճիշտ մեխանիզմներ և գրագետ կազմված թեստեր։ Թող մասնագիտական զարգացման վերապատրաստումներ կազմակերպեն հենց մեր դպրոցներում, որպեսզի նախապես իմանանք՝ ուր ենք գնում և ինչի համար։ Չհաղթահարելու դեպքում ստիպված ենք լինելու արդարանալ ծնողների մոտ և բացատրել, որ թեստերը կառուցվածքային խնդիրներ ունեին։ Բնականաբար, ծնողական համայնքից ոչ բոլորը կհասկանան դա, կսկսվեն բամբասանքներ, և ուսուցչին վերևից կնայեն»,-ասել է ուսուցիչներից մեկը։ Նա նշել է, որ կասկածի տակ է դրվում մանկավարժական համալսարանի դիպլոմը, այսինքն 5 տարի սովորել են բուհում, իսկ հիմա այդ ամենը զրոյացվում է՝ գիտելիքները ստուգելով միայն այս թեստերով։
«Պետք է վերանայվի նաև ողջ ուսուցչական կազմի աշխատավարձերի չափը, քանի որ այսօր ուսուցիչն իր ուսերին ծանր բեռ է կրում և արժանի է ավելի լավ վարձատրության։ Բոլորի աշխատավարձը պետք է բարձր լինի, իսկ ովքեր կցանկանան է՛լ ավելի բարձր վարձատրվել, թող մասնակցեն կամավոր ատեստավորմանը»,-հայտարարել են ցույցի մասնակիցները։
Նրանք ԿԳՄՍ-ից պահանջել են կազմել տարրական դպրոցի ծրագրին ու դասվարների աշխատանքին համապատասխանող հարցեր, նվազեցնել բարդության ու խճճվածության աստիճանը կամ հարցերի ավելացման դեպքում ավելացնել քննության ժամանակը և հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները,փոխել փնջային հարցերի գնահատման կարգը, չզրոյացնել ամբողջ առաջադրանքը, երբ ուսուցիչը ճիշտ է պատասխանել ենթահարցերի մեծ մասին։
Բողոքի ցույցի մասնակիցների դժգոհություններին արձագանքել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ նշելով, որ եթե թեստերում իսկապես եղել են անհամապատասխանություններ և խնդիրներ, հանձնաժողովը դրանք անպայման հաշվի կառնի։ Նա նաև հայտնել է, որ ատեստավորմանը մասնակցած 1200 ուսուցիչներից 50%-ը հաղթահարել է շեմը։ Վարչության պետի պարզաբանումը, սակայն չի բավրարել ցույցի մասնակիցներին։

Թամարա Սարգսյան
«Մենք ունենք հստակ ամրագրված գործընթաց. ատեստավորումից առաջ հրապարակվում է ուղեցույց, որտեղ ներկայացվում է թեստի կառուցվածքը, և քննական թեստը համապատասխանել է այդ ուղեցույցին։ Վերապատրաստման գործընթաց նախատեսված չէ, բացառությամբ այն ուսուցիչների, որոնք նախորդ տարի մասնակցել և չեն հաղթահարել շեմը. նրանց համար պետությունը կազմակերպում է անվճար վերապատրաստումներ։ Ուղեցույցները հրապարակվել են օգոստոսի 1-ից, իսկ քննություններն անցկացվել են նոյեմբերի 15-ին։ Եթե թեստում եղել է որևէ առաջադրանք, որը դուրս է եղել առարկայական ծրագրից, ուղեցույցից և գրականության ցանկից, ապա այստեղ երկու կարծիք լինել չի կարող՝ հանձնաժողովը կանդրադառնա դրան, քանի որ թեստերը կազմվում են հօգուտ ուսուցչի։ Բողոքարկումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, և հանձնաժողովը կքննարկի ուսուցիչների բարձրաձայնած բոլոր հարցերը, որոնց հիման վրա էլ նրանք կստանան իրենց պատասխանները»,- պարզաբանել է Թամարա Սարգսյանը։
Հանրակրթության վարչության պետը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի մոտ 10 անգամ հանդիպել են դասվարների հետ և քննարկել նրանց մտահոգությունները։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները կրում են շարունակական բնույթ և կազմակերպվում են յուրաքանչյուր տարվա ատեստավորումից հետո։
Տիրուն Մարգարյան
