Կրեմլի գլխավոր խնդիրն է՝ կարո՞ղ է ՀՀ-ում ազդեցության զիջմամբ ուկրաինական հարցում զիջումներ ստանալ. Ղուկասյանը՝ Շենժենի հանդիպման մասին
Չինաստանի Շենժեն քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 18–19-ը կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների 33-րդ հանդիպումը։ Չինաստանը համաժողովը հյուրընկալել է երրորդ անգամ։ ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցել են Ավստրալիայի, Կանադայի, Չիլիի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Թաիլանդի և Վիետնամի պետությունների ու կառավարությունների ղեկավարները։
Նոյեմբերի 19-ին Շենժենում՝ գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև։ Երեք երկրների առաջնորդները գագաթնաժողովը բնութագրել են որպես պատմական։ Վլադիմիր Պուտինը հանդիպումն անվանել է անկեղծ, օգտակար և դիվանագիտության համար կարևոր՝ նշելով մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը։ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Չինաստան ուղևորությունն ու այցը, իսկ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը եռակողմ գագաթնաժողովն անվանել է դրական, կառուցողական և արդյունավետ։
Հանդիպման արդյունքներով կողմերն ընդունել են Խաղաղության մասին համատեղ հռչակագիր, որում ամրագրված են չորս առանցքային դրույթներ.
- ՄԱԿ-ի բարեփոխում․ Երեք երկրները պատրաստակամություն են հայտնել բարեփոխել կազմակերպությունը, որպեսզի այն ավելի արդյունավետ արձագանքի գլոբալ մարտահրավերներին։
- Նավթ և էներգետիկա․ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը նախատեսում են ավելացնել նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումները, ինչպես նաև պահպանել համաշխարհային էներգամատակարարման կայունությունը։
- Միջազգային քրեական դատարան․Առաջնորդները հայտարարել են պետական պաշտոնյաների անձեռնմխելիության պահպանման կարևորության մասին և ընդգծել, որ ՄՔԴ-ն ու նմանատիպ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
- Միջուկային զենք․ Երկրները հաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և պայմանավորվել են երկխոսություն վարել միջուկային ռիսկերի նվազեցման ու միջուկային զենքի չտարածման շուրջ։
REGIONSTV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ բանակցային սեղանի շուրջ հավաքվել են միջուկային զենքի աշխարհի խոշորագույն պաշարներ ունեցող առաջատար տերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Նշանակությամբ և մասշտաբով հաջորդ միջուկային զինանոցին տիրապետում է Չինաստանը։ Ղուկասյանի խոսքով՝ Չինաստանի մասնակցությունն այս բանակցություններին արդեն կենսական անհրաժեշտություն է դարձել. միջուկային զենքի հնարավոր կրճատման մակարդակն ուղղակիորեն շոշափում է նաև չինական շահերը, ինչը նշանակում է, որ առանց նրա մասնակցության այս գործընթացն ուղղակի անհնարին է։
Քաղաքագետի կարծիքով՝ միջուկային զենքի օգտահանման հարցերը վաղուց են հասունացել, ավելին՝ դրանք համարձակորեն կարելի է գերհասունացած համարել․« Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնվել են մի իրավիճակում, երբ երկու պետություններն էլ շահագրգռված են միջուկային զենքի պաշարների կրճատմամբ։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ այդ զենքի կրող հրթիռների շահագործման ժամկետները մոտեցել են ավարտին։ Հաջորդ տարի Ռուսաստանում մարտական հերթապահությունից պետք է հանվեն 50 «Վոևոդա» հրթիռներ, որոնց վրա տեղակայված են 500 միջուկային մարտագլխիկներ՝ յուրաքանչյուրի վրա տասական։ ԱՄՆ-ն նույնպես ունի Minuteman հրթիռներ, որոնց շահագործման ժամկետը մոտենում է ավարտին՝ չնայած բազմաթիվ արդիականացումներին։ Եվ ԱՄՆ-ն նույնպես շահագրգռված է այդ հրթիռները մարտական հերթապահությունից հանելու և համապատասխանաբար մարտալիցքերի քանակը կրճատելու հարցում։ Կողմերը կարող են դա անել հիմա՝ երկկողմ կարգով, կամ ստիպված կլինեն անել միակողմանի՝ հանգամանքների բերումով»։
Միջուկային զենքի կրճատման հարցերն օրակարգում էին 2021 թվականին, և ինչպես Ղուկասյանը նշեց, դրանք սերտորեն կապված են այլ հարցերի հետ, ինչպիսիք են սովորական սպառազինությունները, ինչպես նաև վերահսկողության ու վստահության մեխանիզմները Եվրոպայում և Ասիական տարածաշրջանում․« Սա շոշափում է նաև ամբողջ աշխարհում ամերիկյան ռազմաբազաների հարցը։ Սա հարցերի մի ամբողջ համալիր է, ընդ որում՝ համատեքստն այժմ ամենաբարենպաստը չէ. ԱՄՆ-ի հակամարտությունն Իրանի հետ, Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ այս ամենն ակնհայտորեն բարդացնում է առանց այն էլ բարդ իրավիճակը, ինչը ևս մեկ չափում է ավելացնում այս բոլոր բանակցություններին, քանի որ Երկրի վրա այժմ պատերազմ է ընթանում»։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը ճանաչել են իրենց առաջնահերթ պատասխանատվությունը, և բացի միջուկային զինաթափումից, դրանք նավթամթերքի համաշխարհային շուկաներում գների հարցերն են, շուկաների վիճակը։
Ղուկասյանի կարծիքով՝ ամենակարևոր հարցը ՄԱԿ-ի բարեփոխումն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը, որը փաստացի անգործունակ է և ի վիճակի չէ գործելու այն իրավիճակներում, երբ վետոյի իրավունք ունեցող պետություններն իրենք են հակամարտության կամ ագրեսիայի կողմ․« Նման իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարող ձեռնարկել Կանոնադրությամբ նախատեսված գործուն միջոցներ՝ ժողովուրդների խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Սա շատ կարևոր հարց է, և կողմերը ճանաչել են դրա գոյությունն ու իրենց պատասխանատվությունն այն առումով, որ ՄԱԿ-ի բարեփոխման գործում պետք է անմիջական նախաձեռնություն ցուցաբերեն»։
Ինչ վերաբերում է Միջազգային քրեական դատարանին, ապա Ղուկասյանն ասաց, որ դա այն ինստիտուտն է, որը կոչված է զսպելու պետությունների ղեկավարների և պետական ներկայացուցիչների հանցագործությունները, սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս երեք խոշոր գերտերություններն այլևս չեն կարող անտեսել այդ ինստիտուտի գոյությունը և մտահոգություն են հայտնում, որ նրա գործունեությունն ուղղակիորեն շոշափում է արդեն իրենց իսկ շահերը․«Խոսքը Վլադիմիր Պուտինի և Բենիամին Նեթանյահուի ձերբակալության սանկցիաների մասին է։ Այսինքն՝ համաշխարհային քաղաքականության մեջ կան դեպքեր, երբ պետական քաղաքականությունը գրեթե հասնում է հանցագործության»։
Անդրիաս Ղուկասյանը նկատեց՝ ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ Հռչակագրում կոնկրետ առաջարկներ չկան, հանդիպման նպատակը, ակնհայտորեն, հենց գործընթացն էր՝ ճանաչել խնդիրների առկայությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու դրանց լուծման գործում․«Կարծում եմ՝ կարևոր հարցեր են. Ուկրաինայի թեման այս մակարդակում երևում է որպես ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտման թեմա։ Իրանի թեման նույն կերպ կարող է դիտարկվել որպես ՄԱԿ-ի Կանոնադրությամբ թույլատրելիի եզրին գտնվող գործողություն. չէ՞ որ այն փաստարկը, թե Միացյալ Նահանգներն ուներ Կանոնադրության 51-րդ հոդվածից՝ ինքնապաշտպանության իրավունքից օգտվելու և Իրանի դեմ ուժ կիրառելու հիմքեր, շատ մասնագետների համար մնում է վիճելի։ Կարծում եմ՝ այս հարցերը Հռչակագրում միտումնավոր դուրս են թողնվել փակագծերից, բայց դա ամենևին չի նշանակում, թե դրանք կարևոր չեն։ Պարզապես՝ գլխավոր հարցը՝ միջուկային զինաթափման հարցն առանձնացնելու համար, իսկ այն ուղղակիորեն կապված է այդ թեմաների հետ։ Իսկ ՄԱԿ-ի բարեփոխման և համաշխարհային տնտեսության պահպանման հարցերը, իմ կարծիքով, ավելի կարևոր են, ուստի դրանք չեն ծանրաբեռնել Ուկրաինայի և Իրանի խնդիրներով։ Այս բոլոր խնդիրների շուրջ կան ձևաչափեր, որոնց շրջանակում տարվում է աշխատանք այդ ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ»։
Ղուկասյանը նշեց, որ սխալ է այն տպավորությունը, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունն այժմ ինչ-որ բարեկամական հարաբերությունների մեջ են։ Նա հիշեցրեց՝ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն է ցուցաբերում, մասնակցում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, տվյալ իրավիճակում Ռուսաստանին ճանաչում է որպես ագրեսոր և այլն․«Իրականում այդ ամենը միայն արտաքին դրսևորումներ են՝ կոչված ապահովելու միջազգային հանդիպումների ֆոնը։ Սակայն իրականում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ոչ բարեկամական երկրներ են։ Եվ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ձեռք կբերեն դեմոկրատները խորհրդարանում, Միացյալ Նահանգների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ լինելու է կոշտ և պրագմատիկ»։
Անդրադառնալով Իրանի հարցին, Ղուկասյանն ասաց՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն գտնվում են բարիկադների հակառակ կողմերում․Մոսկվան աջակցում է Իրանին, նրան ռազմական օգնություն է տրամադրում։ Իրանն իր հերթին աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը և նույնպես ռազմական օգնություն է ցուցաբերում նրան։
«Կհաջողվի՞ արդյոք ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին ապագայում ընդհանուր հայտարարի գալ իրանական հարցում՝ դժվար հարց է։ Երեք տերությունների Հռչակագրում այն ներկայանում է ավելի շուտ որպես նավթավերամշակման արտադրանքի շուկայում ճգնաժամի կարգավորման հարց։ Այսինքն՝ սա բաց հարց է, և առաջին հերթին այն առումով, թե ինչպես է այս մրցակցությունն ու դիմակայությունն անդրադառնալու տարածաշրջանի մյուս երկրների վրա։ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրաքը, Պակիստանն Իրանի հարևաններն են, էլ չասած արաբական երկրների մասին, որոնք հաճախ են ներքաշվում այս հակամարտության մեջ և ենթարկվում հարվածների։ Այս ամենը շատ մեծ և բազմաշերտ հարցերի համալիր է»,-նշեց Ղուկասյանը։
Նրա կարծիքով՝ ՌԴ-ն արդեն կողմնորոշվել է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության հարցում. Մոսկվայի համար այժմ գլխավոր հարցն այն է՝ կարո՞ղ է արդյոք նա Հայաստանում իր ազդեցության զիջման միջոցով ինչ-որ զիջումներ ստանալ ուկրաինական հարցում, կարելի՞ է արդյոք Հայաստանը փոխանակել Դոնբասի հետ․«Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում և Հայաստանի շահերի հաշվին պահպանում է իր ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Նրա գործողություններն ու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ուղղված են նրան, որ թույլ չտան Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը։ Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի հետ, տեղի է ունենում հենց այս համատեքստում։ Միացյալ Նահանգներն այդ մոդելն ամրագրել է Վաշինգտոնում՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագրով և TRIPP նախագծով, որին, ինչպես տեսնում եք, ոչ ոք չի առարկում»։
Զաբելա Ավագյան
