«Պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց»․Փաշինյանը կրկին վիրավորեց ու սպառնաց ընդդիմությանը | Region

«Պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց»․Փաշինյանը կրկին վիրավորեց ու սպառնաց ընդդիմությանը

Նոյեմբեր 19,2026 14:13

«Մենք ընդդիմության հետ հարաբերվում ենք այն ձևով, ինչ ձևով իրենք են մեզ հետ հարաբերվում։ Շատ պարզ պատասխան կա՝ այսինքն մենք չենք պատրաստվում  ընդդիմությանը տալ հնարավորություն՝ ինչ ուզես, երբ ուզես, ոնց ուզես ասելու, այն պարագայում, երբ մենք այդ նույնը պետք է չանենք»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ մի կողմից ձեր թիմը բերում է նախագիծ, որով վիրավորանքի ու զրպարտության տուգանքի չափերը խստացվում են, մյուս կողմից ՔՊ-ի ղեկավարը, վարչապետը երեկ խորհրդարանում անընդունելի բառամթերքով է խոսել, ընդդիմության ներկայացուցչին «արջ քորող» ասել։

Փաշինյանը շարունակելով, ասել է․«Ասենք Մանվել Գրիգորյանի օգնականը եկել է խոսում է կոռուպցիայի մասին։ Եթե այս մեկը դատված չի, այն մեկը․․․ արա, ո՞վ դատվածությունից խոսա հլը, դու խոսա, մի հատ գնա Ախուրյանում գործարարներ կան, մինչև հիմա այդտեղ ջրանցք կա, որ չգիտեմ ինչ բեսպրեդելով վերցրել են, մինչև հիմա Հայաստանի դատական համակարգով չեն կարողանում հետ վերցնել։ Այսինքն՝ ով կոռուպցիա… այսինքն ի՞նչ պիտի մենք այսպես նայենք և չնկատելու տա՞նք։ Ասենք՝  հասկացանք, մահացածի հետևից կամ լավը, կամ ոչինչ, բայց ի վերջո պիտի մոռացության մատնե՞նք կապը՝ Ղարաբաղյան շարժում, Մանվել Գրիգորյան, օլիգարխիայի հաստատում, քաղաքացիների իրավունքների ծայրահեղ ոտնահարում Էջմիածին քաղաքում։ Գաղտնի՞ք է որևէ մեկի համար, որ Էջմիածնում կիսաճորտատիրական կարգեր են հաստատված եղել մինչև հեղափոխությունը։ Չգիտե՞ք դա դուք։ Ես պատրաստվում եմ իրերը կոչել իրենց անունով»։

Փաշինյանը նշեց, որ իրավական գործընթացներ էլ կան այդ ուղղությամբ․ «Բայց իրավական գործընթացին էլ ասում են քաղաքական հետապնդում է։ Ասում է՝ Սամվել Կարապետյանը ամենամեծ բարերարն է։ Վայ, մեծ բարերարն է, ես ասում եմ՝ գող է»։

Հիշեցնմանը, որ Փաշինյանը ժամանակին Կարապետյանին «շնորհակալություն է հայտնել ամեն մի տված կոպեկի համար», վարչապետն ասել է՝ հա, շնորհակալություն, էլի եմ ասում ամեն մի տված կոպեկի համար․«Հետո պարզվեց, որ 9 միլիարդ փող կա, որը պետք է բերվեր պետական բյուջե, չի բերվել, հիմա բերվել է։ Հիմա ասում եմ՝ նայեք, տեսեք՝ ով է իրական բարերարը։ Իրական բարերարը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որ այդ գողերի ձեռից առել է, բերել է պետական բյուջե։ Հիմա մարդիկ առողջության ապահովագրություն ունեն, ճանապարհներ ունեն, սպառազինություն ունեն, զինվորականները աշխատավարձեր ունեն, պետական ծառայողները աշխատավարձեր ունեն, և ոչ թե սպասում են՝ տեսնեն ասենք Միշիկը ծրարով փող կուղարկի իրենց, թե չի ուղարկի»։

Փաշինյանը պնդել է՝ ես այսպիսին եմ և այսպես եմ հաղորդակցում․« Ես չեմ պատրաստվում այդ դուրսպրծուկներին հանդուրժել, որ մի հատ էլ դուրս գան խոսան կոռուպցիայի մասին՝ տեղով, ամբողջ բոյով… դուք ծննդյան… ձեր ԴՆԹ-ն կոռուպցիա է, ձեր ԴՆԹ-ն կոռուպցիան է, ձեր ծագումնաբանությունը կոռուպցիա է, այդ կուտոկը, ով որ կա, իրենք ծագում են կոռուպցիայից։ Այդ մարդիկ դուրս են եկել կոռուպցիայի մասին խոսում։Ասենք Կարապետյանների ընտանիքը պիտի Հայաստանում կոռուպցիայից խոսա, Քոչարյանի ընտանիքը Հայաստանում կոռուպցիայից պիտի խոսա, Սերժ Սարգսյանն ու Միշիկը պիտի Հայաստանում կոռուպցիա… դուք տեղով կոռուպցիա եք։ Ձեր ԴՆԹ-ն հիմա ուղարկենք լաբորատորիա, կգա մի հատ պատասխան՝ կոռուպցիա, ուրիշ որևէ բան չկա։ Դուք պիտի… ես կանգնեմ ամբիոնին, ասեն կոռուպցիա, կոռումպացված, ես էլ պիտի ասեմ՝ այո, իրավական ընթացակարգ… գլուխներդ պատին եք տվել, գլուխներդ պատին եք տվել, պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց»։

 

Նորություններ