Հակամրցակցային համաձայնության համար տուգանվել են երեք խոշոր օպերատորներ․ ՄՍՇՊՀ | Region

Հակամրցակցային համաձայնության համար տուգանվել են երեք խոշոր օպերատորներ․ ՄՍՇՊՀ

Նոյեմբեր 18,2026 16:53

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը (ՄՍՇՊՀ)  87,5 միլիոն դրամով տուգանել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորների՝ «Վիվա Արմենիա», «Յուքոմ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերություններին՝ հակամրցակցային համաձայնության համար։ Այս մասին հայտնում են  հանձնաժողովից։

Ըստ այդմ՝ իրականացրած վարույթով պարզվել է, երեք օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են վճարահաշվարկային կազմակերպությունների՝ «Թել Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ՝ միջնորդավճարների չափերը նվազեցնելու պահանջով։

Ըստ հանձնաժողովի՝ նոր սակագների շուրջ համաձայնության չգալով, օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են վերջիններիս հետ գործող պայմանագրերը՝ նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը՝ «Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»։

Պայմանագրերի լուծումից անմիջապես հետո կտրուկ աճել են օպերատորների սեփական վճարային հավելվածների ներբեռնումները, հաճախորդների թիվը և դրանցով իրականացվող վճարային հոսքերը։ Այդ ցուցանիշները նվազել են միայն հանձնաժողովի միջամտությունից՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։

2026-ի փետրվարի սկզբին «Իդրամ», «Թել Սել», «Իզի Փեյ» և «Ֆասթ Շիֆթ» վճարային համակարգերով դադարեցվել էր երեք օպերատորների կապի ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հնարավորությունը։ Այս կապակցությամբ  հանձնաժողովը միջանկյալ միջոց էր կիրառել երեք ընկերությունների նկատմամբ՝ պարտավորեցնելով վերականգնել վճարումների հնարավորությունը։

Այդ միջամտությունից հետո սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու վճարային համակարգերից։

 

Նորություններ