Հանքերի, պոչամբարների վնասն ու դատական անշարժ գործը․ ո՞րն է լինելու տուժած բնակիչների հաջորդ քայլը | Region

Հանքերի, պոչամբարների վնասն ու դատական անշարժ գործը․ ո՞րն է լինելու տուժած բնակիչների հաջորդ քայլը

Նոյեմբեր 21,2026 17:05

Հանքարդյունաբերության հետևանքով ծանր մետաղներ՝ այգիներում ու բանջարանոցներում, հայցեր՝ դատարաններում, փոխհատուցման ակնկալիքներ և անվերջ սպասումներ․ ի՞նչ վնասներ են կրել և ի՞նչ են պահանջում Լոռու մարզի Ալավերդի համայնքի գյուղերի բնակիչները։

Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչները տևական ժամանակ ահազանգում են, որ ենթարկվում են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) հանքավայրի գոտու և պոչամբարի վնասակար ազդեցությանը, կանգնած են ծանր հիվանդություններ ձեռք բերելու վտանգի առաջ, վնասվել են իրենց այգիներն ու բանջարանոցները։

Կոմբինատի «Նահատակ» պոչամբարը  (մակերեսը՝ 13,7 հա) գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջև։  Պոչամբարի տարածքում կան վտանգավորության մասին զգուշացնող ցուցանակներ, ցանկապատեր ու փշալարեր, սակայն ընտանի կենդանիներն անվրդով արածում են «Նահատակի» ափին։

Վերոհիշյալ գյուղերի 70 բնակիչ 2021թ․-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի։ Ճոճկանի բնակիչ Սամվել Սիրադեղյանը հայցվորներից մեկն է։

Սամվել Սիրադեղյան

66-ամյա գյուղատնտեսի սեփական հողատարածքն ամբողջությամբ վնասվել է։ «Գարնանային վարարումների ժամանակ գետի աղտոտված ջուրը լցվել է իմ հողատարածք՝ 13000 քմ մակերեսով․ դեղձի այգի ունեի, 600 ծառ կար, որոնք ամբողջությամբ չորացան։ Հիմա երբեմնի բերրի հողատարածքն այլևս պիտանի չէ, բուսականություն չի աճում»,- Regions TV-ի հետ զրույցում պատմում է Սամվել Սիրադեղյանը։ Ըստ նրա՝ Ճոճկանի այգիներում աստիճանաբար չորանում են դեղձենիներն ու կեռասենիները։

Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի տեղեկացմամբ՝ միայն Լոռու մարզում 2 քրեական գործ կա հարուցված՝ մեկը 2021թ․-ին, մյուսը՝ 2025-ին, երբ պոչամբարներից կամ դեպի պոչամբար գնացող ուղիներից արտահոսքեր են տեղի ունեցել։

Օլեգ Դուլգարյան

«Թափոնները լցվել են գետեր, և այնտեղից ոռոգման համակարգով հայտնվել գյուղատնտեսական տարածքներում, դաշտերում՝ աղտոտելով հողը։ ՀՀ-ում չկան հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակչության առողջության ռիսկերի գնահատման մեխանիզմներ, և ըստ այդմ կանխարգելիչ որևէ գործողություն չի արվում»,-ընդգծում է բնապահպանը։

Նրա խոսքով՝ արդեն 5 տարի դատական գործընթաց է գնում, իսկ դատարանն ու տուժած քաղաքացները ՀՀ-ում չեն գտնում մի փորձագիտական ընկերություն, որը կկարողանար հաշվարկել ու գնահատել վնասները։ «Այսինքն, չկան այդ մեխանիզմները, այդ ինստիտուտները։ Դու կորցնում ես քո սեփականությունը, քո հողն ու այգին, իսկ փորձաքննություն իրականացնելու որևէ մեխանիզմ չկա․ այսինքն, համայնքի բնակիչը, գյուղացին անորոշ սպառնալիքների ներքո մնացել է միայնակ՝ առանց պաշտպանության որևէ միջոցի»։

Սամվել Սիրադեղյանն ավելացնում է․ «Դատարանը փորձագիտական եզրակացություն է ուզում, սակայն փորձաքննության իրականացման պարտավորությունը դրել են տուժող կողմի վրա։ Այսինքն, ոչ թե վնաս հասցրած սեփականատերն է անում, այլ տուժող կողմը պետք է ապացույցներ ներկայացնի։ Իսկ դա մեծ ֆինանսական միջոցների հետ է կապված»։

«Բնակիչները դատարան են դիմել առողջապահական և տնտեսական վնասների փոխհատուցման համար, սակայն ի սկզբանե առողջապահականի բաղադրիչը հանվել է այն պատճառաբանությամբ, որ չկան դրա գնահատման գործող համակարգեր ու մեխանիզմներ»,- շարունակում է  Օլեգ Դուլգարյանը։

2018-2021 թթ. չեխական «Առնիկա» կազմակերպությունը հայ գործընկերների հետ ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների հետազոտություն է իրականացրել։ Թումանյանի և Ստեփանավանի հանքարդյունաբերական տարածքներում:

Ըստ «Առնիկա»-ի հետազոտության՝ Ախթալա քաղաքի և հարակից բնակավայրերի հողերում՝ բաց հանքի, պոչանքների և պոչամբարների մոտակայքում Cu (պղինձ), Zn (ցինկ), Pb (կապար), Cr (քրոմ) և As (մկնդեղ) ծանր մետաղների և կիսամետաղների բարձր մակարդակ է հայտնաբերվել: Դեբեդ գետի ջրով ոռոգվող Ճոճկան գյուղի հողամասերում ևս նկատվել է ծանր մետաղների թույլատրելի սահմանը գերազանցող պարունակություն։

Նշվում է, որ հողի փորձանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի անթույլատրելի մակարդակ, որի առկայության դեպքում պետք է անհապաղ լուրջ միջոցներ ձեռնարկել, քանի որ մկնդեղի հետ կապված քաղցկեղածին ռիսկերի հնարավոր ուղին նմուշառվող հողերում աճեցված մշակաբույսերի, միրգ-բանջարեղենի օգտագործումն է։

Ինգա Զարաֆյան

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը նշում է՝ Դեբեդի վտակ Ախթալան արդեն վաղուց գետ համարել չի կարելի։ «Այդ գետակում, որտեղ ժամանակին ձկներ էին լողում, այսօր կենդանական աշխարհի որևէ ներկայացուցիչ չկա․ այն դարձել է պոչատար, որտեղով աղտոտված զանգվածը հասնում է Դեբեդ, այնտեղից էլ կից հողատարածքներ»։

Ախթալայի ԼՀԿ-ի ֆինանսական և աշխատանքային հաշվետվության մեջ նշվում է․ «Ընկերությունն ունի իրավական և կառուցողական պարտավորություն՝ վերականգնելու աղտոտված հողերը, որոնք տուժել են Նահատակ պոչամբարի և հանքավայրի գոտու օգտագործման ժամանակ՝ հանքի շահագործման և խտանյութի արտադրության նպատակով»։

Օլեգ Դուլգարյանը հույս է հայտնում, որ այս դատական գործընթացները միգուցե օգնեն, որ ՀՀ-ում սկսեն մտածել ավելի լուրջ օրենսդրական փոփոխությունների մասին։

Իսկ Սամվել Սիրադեղյանը, եզրափակելով խոսքը, նշում է՝ դատական գործընթացում առայժմ որևէ առաջընթաց չկա, և ՀՀ-ում արդյունքի չհասնելու դեպքում հայցվորները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2023թ․-ի մայիսին հաստատել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը։ Ռազմավարության գործողությունների պլանը նախատեսված է մինչև 2035 թ․-ը՝ տարեկան կատարողական հաշվետվություններով։ Ծրագիրը ներառում է օրենսդրական փոփոխություններ, վերահսկողական մեխանիզմների հստակեցում և միջոցառումների իրականացման չափորոշիչների սահմանում։

Իսկ 5 տարի շարունակվող դատական գործընթացը դեռևս բնակիչներին չի մոտեցրել իրենց պահանջած փոխհատուցմանը։ Նրանք կորցրել են բերքատու այգիներ, զրկվել հողատարածքներից օգտվելու հնարավորությունից, առողջության հետ կապված ռիսկերի գնահատման հարցը նույնպես մնում է չլուծված։

Մինչ բնակիչները սպասում են դատարանի որոշմանը, իսկ բնապահպանները՝ օրենսդրական ու վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը, աղտոտված հողերի վերականգնման և վնասների փոխհատուցման հարցերը շարունակում են անորոշ մնալ։ Իսկ գյուղացու համար իր այդ հողակտորը միգուցե ապրուստի միակ միջոցն է։

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ