Անհայտ կորած անձանց հարազատներն ուզում են անմիջական մասնակցություն ունենալ որոնողական աշխատանքներին․ Բադոյան | Region

Անհայտ կորած անձանց հարազատներն ուզում են անմիջական մասնակցություն ունենալ որոնողական աշխատանքներին․ Բադոյան

Նոյեմբեր 20,2026 14:52

Երևանում ընթացող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը,  մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ  ԱԱԾ ներկայացուցիչ Արմեն Արզումանյանն ասել է, որ ստեղծվում է անհայտ կորած անձանց միասնական ռեսստր, որի մասին օրենքն ընդունվել է այս տարի։

Նրա խոսքով՝ մինչ օրենքի ընդունումը անհայտ կորած անձանց առնչվող հարաբերությունները համապարփակ կերպով սահմանված չեն եղել, միայն հատվածային կարգավորումներ են նախատեսված եղել տարբեր իրավական փաստաթղթերում։

Նա նաև հայտարարել է, որ ռեեստրի ամբողջական աշխատանքները իրականացնելու է Ազգային անվտանգության ծառայությունը , որը ստեղծվում է անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքների և պատճառների ուսումնասիրման, նրանց գտնվելու վայրի պարզման, հետախուզման արդյունքներով ստացված բոլոր տեղեկությունների ու տվյալների մեկ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կենտրոնացման, ինչպես նաև արդյունավետ հետախուզման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառման համար։

«Առաջիկայում  կառավարությունը կսահմանի ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը»,-նշեց ԱԱԾ պաշտոնյան։

Արմեն Արզումանյանը ընդգծեց, որ օրենքով լիազոր մարմնին վերապահված գործառույթներն առավել արդյունավետ իրագործելու նպատակով, Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որն օժտվել է համապատասխան գործառույթներով։ Միաժամանակ ծրագրային ապահովման աշխատանքներ են տարվում միասնական ռեեստրի ստեղծման ուղղությամբ․ «Մինչև ռեեստրի ձևավորումը ու շահագործումը, տվյալ ստորաբաժանումը այս պահին էլ իրականացնում է որոշակի նախնական աշխատանքներ՝ անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա տվյալների համակարգման և  նրանց քեյսերի ստեղծման ուղղությամբ քննարկումներ են իրականացնում,  ինչպես պետական այնպես էլ  տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ անհետ կորած անձանց  հետախուզական  աշխատանքների  հստակեցման և արդյունավետ կառավարման համար»։

Անհայտ կորած անձանց ընտանիքների հետ պարբերակաբար իրականացվել են հանդիպումներ, այցելություններ են եղել նաև իրենց բնակավայրեր, որի շրջանակներում տարվել են նաև համապատասխան աշխատանքներ՝ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակմամբ, սոցիալական տարբեր հարցերի օժանդակման և հոգեբանական աջակցության  տեսքով։ Պաշտոնյայի խոսքով,  աշխատանքների կազմակերպման շրջանակներում իրենց ներդրումն ունեն տարբեր հասարակական, միջազգային, մարդասիրական կազմակերությունները, որոնց թվում է Կարմիր խաչի միջագային կոմիտեի մարդասիրական կազմակերպությունը, որը մեծ դերակատար է ունեցել։

Այս համաժողովում մասնակցում էր նաև Սասուն Բադոյանը, ով անհայտ կորած Կարեն Բադոյանի հայրն է, նաև «ՀՀ-ում անհայտ կորած անձանց հարազատների» ասոցացիայի հիմնադիր անդամը։ Նա անդրադարձավ անհայտ կորած անձանց ընտանիքների տարիներով անորոշության և  սպասումով ապրելու դժվարություների մասին, որն ազդում է հոգեբանական վիճակի, առողջության, սոցիալական կյանքի և ապագայի նկատմամբ վստահության վրա։ Հետևաբար ընտանիքները  ցանկանում են ուղիղ մասնակցություն ունենալ որոնողական աշխատանքներին։

«Մեզանից շատերը ունեն տեղեկություններ, վկայություններ և տարիների ընթացքում հավաքված նյութեր։ Ուստի մեզ համար կարևոր է քննարկել, թե ինչպես մենք կարող ենք իրական մասնակցություն ունենալ տեղեկատվության տրամադրման և ճշտման, ինչպես նաև մեզ վերաբերող գործընթացների քննարկման ժամանակ։ Այսօր ցանկանում ենք սովորել, թե տարբեր հակամարտություններից տուժած ընտանիքները ինչպես են կարողացել համագործակցել՝ չնայած իրենց տարբեր փորձառություններին և տեսակետներին։ Մեզ հետաքրքրում է, թե ինչպես կարելի է նման համագործակցությունը պաշտպանել քաղաքականացումից և ուշադրության կենտրոնում պահել ընտանիքների իրավունքները, կարիքներն ու պատասխաններ ստանալու ձգտումը»,-ասաց Բադոյանը։

Բադոյանը նշեց՝ չպետք է անհայտ կորած անձանց հանգամանքը քաղաքականացվի և  տարբեր պատմական պատումների ազդեցության ներքո լինի, առաջին հերթին այն պետք է դիտարկել մարդասիրական տեսանկյունից։

Տիրուն Մարգարյան

Նորություններ