«Ժողովուրդն ընդդիմությանն արդեն տվել է մանդատ՝ դեմ լինել նոր Սահմանադրությանը». Աբրահամյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
«Հայաստանում սահմանադրություն չպետք է փոխվի Ադրբեջանի կամ Ալիևի պահանջով։ Ժողովրդին արդեն հարցրել են հունիսի 7-ին, և չնայած ընտրախախտումներին, բռնաճնշումներին ու ընտրովի արդարադատությանը, որոնց մասին անդրադարձ կա նաև ԵԽԽՎ զեկույցում, Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» չեն ստացել սահմանադրական մեծամասնություն և 50% պլուս մեկ քվե, մինչդեռ ընդդիմությունը 80%-ով ավելացրել է ձայները։ Ժողովուրդը ընդդիմությանը տվել է մանդատ՝ դեմ լինել նոր Սահմանադրությանը»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Երեկ Փաշինյանը ընդդիմությանն առաջարկ է արել նոր Սահմանադրության վերաբերյալ․«Եթե ժողովուրդը կմերժի նոր Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը այո կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու։ Սա մի առաջարկ է, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, որովհետև եթե ընդդիմությունը հրաժարվի ինձ հեռացնելու այս տարբերակներից, մենք ենք իրենց հեռացնելու»։
Հարցին՝ արդյոք մերժելով Փաշինյանի առաջարկը՝ բաց չեն թողնում նրան հեռացնելու հնարավորությունը, Տիգրան Աբրահամյանը պատասխանել է՝ Փաշինյանը հեռանալու է, ընդդիմությունն ունի նրան հեռացնելու ճանապարհային քարտեզը՝ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ փողոցային պայքարի միջոցով․«Փաշինյանը լավ կանի օր առաջ հեռանա, որովհետև այն զիջումների անվերջանալի շղթան, որ նա բռնել է․․․որքան շուտ հեռանա, այնքան լավ Հայաստանի համար»։
Ի պատասխան Փաշինյանի առաջարկին, ինչպես Աբրահամյանն է ասել, «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է խաղաղություն՝ առանց զիջումների։
Նշում է՝ Փաշինյանը նախընտրական շրջանում խոստացել էր խաղաղություն և կարող է խորհրդարան բերել ստորագրված խաղաղության պայմանագիրը, որի նախաստորագրված տարբերակի վրա կան Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի ստորագրությունները, ինչով խաղաղության ճարտարապետությունը ֆիքսված է․«Նա այդ խոստումը՝ խաղաղություն, տվել էր մինչև ընտրությունները, պետք է հետևողական լինի, ու մի անգամ իր խոստումը կատարի»։
Լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ են արտահերթ ընտրություններին, եթե ոչ, ապա ստեղծվում է փակուղային իրավիճակ, և եթե Փաշինյանը որոշի գնալ արտահերթ ընտրությունների, արդյոք դա չի ամրապնդի իշխանությունը՝ հաշվի առնելով նրա հայտարարությունը ընդդիմությանը ջախջախելու մասին, Աբրահամյանը պատասխանել է․«Միտումները ցույց են տալիս՝ Փաշինյանը ամեն նոր ընտրությունից հետո ձայներ է կորցնում, իսկ ընդդիմության ձայներն ավելանում են։
Ընդդիմադիր պատագմավորը հայտնել է, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների, ընդ որում, վստահություն է հայտնել, որ նոր ընտրության պարագայում ընդդիմությունն ավելի կամրապնդի դիրքերը։
Պատգամավորը հիշեցրել է Փաշինյանի խոսույթը ընդդիմության հասցեին՝ «բուլդոզերով» ճնշել, «պատերին ծեփել» և այլն, ապա համելել է՝ բռնաճնշումներն արդեն սկսվել են, իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ՝ Սահմանադրությունը և Հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու համար։
Հարցին՝ արդյոք առհասարակ նպատակահարմար չեն համարում քննարկումը կամ հակընդեմ առաջարկներ ներկայացնելը, թե՞ չեն ուզում մտնել այդ դաշտ, պատգամավորը պատասխանել է՝ իշխանությունների՝ ընդդմության հետ խոսելու ոճն անթույլատրելի է, հատկապես Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի և իր հանդեպ։ է։
«Խորհրդարանի նախորդ քառօրյայի և մշտական հանձնաժողովի քննարկումների ընթացքում Արարատ Միրզոյանի պատասխաններից և Փաշինյանի ձևակերպումներից ակնհայտ է, որ դա Ադրբեջանի պահանջն է։ Նախաստորագրված խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության պահանջ չկա, սակայն կա կետ այն մասին, որ կողմերը չեն կարող վկայակոչել ներքին օրենսդրությունը և տարածքային պահանջներ ներկայացնել։ Ուստի խաղաղության պայմանագիրը ստորագրելով հարցը փակվում է, պետք է քաղաքական կամք ցուցաբերվի ու ստորագրվի, իսկ Ալիևը, տեսնում է, որ կարող է նոր զիջումներ պահանջել, իր ախորժակն էլ մեծացնում է», -ասել է Աբրահամյանը։
Լրագրողները հետաքրքրվել են՝ իշխանությունները ընդդիմությանը մեղադրում են Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, մինչդեռ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ մեկնելու է Մոսկվա. ինչի՞ համար է գնում՝ հարաբերությունները վերականգնելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու, թե՞ նրանց հարցերը քննարկելու։ Այս առնչությամբ էլ Աբրահամյանն ասել է, որ Փաշինյանն ինքն էր նախկինում խոսում ռուսական կողմի հետ լավ հարաբերությունների մասին, սակայն հաճախ հակասում է իրեն կամ նոր բան ասում։
