Հայ-ադրբեջանական դիմակայությունն ու Իրանի անվտանգության ռազմավարական կարևոր խնդիրը
-Իրանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ.
-Հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը.
– Իրանի և Հայաստանի միջև ակտիվ միջգերատեսչական համագործակցությունը.
– Երևանի առևտրային մուտքը Հնդկաստան՝ Իրանի նավահանգիստներով.
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև արդյունավետ երկկողմ համագործակցություն է իրականացվում էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանական, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում։ Չնայած մշակութային և կրոնական տարբերություններին՝ Իրանը Հայաստանին դիտարկում է որպես վստահելի գործընկեր։ Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումների ու շփումների պարբերական բնույթը նպաստում է քաղաքական, առևտրատնտեսական կապերի բազմաշերտ զարգացմանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Թեհրան երկու երկրների սերտ համագործակցության դրսեւորում է։ Այսպես, փետրվարի 15-ին Իրանի մայրաքաղաքում միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրան համաձայնագիր են ստորագրել տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է 21 կետ՝ 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Երկու երկրները պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Հայաստանը կշարունակի Իրանի հետ համագործակցությունը բժշկական զբոսաշրջության, դեղագործական ապահովագրության և առողջապահության ոլորտներում
Կընդլայնվի էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը:
Մասնավորապես, կարեւորվել է 2023 թվականին «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» նախկին ծրագրի երկարաձգման պայմանագրի ստորագրումը և իրանական ընկերությունների ներգրավումը Ագարակ-Քաջարան ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությանը։
Նշենք, որ Իրանը Հայաստանին հնարավորություն է տվել նաև մուտք գործել դեպի Չաբահար և Բանդար Աբբաս նավահանգիստներ՝ Երևանի առևտրային մուտքը Հնդկաստան դյուրին դարձնելու նպատակով։ Առաջարկվող Արևելք-Արևմուտք տարանցիկ երթուղին կծառայի որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լրացուցիչ բաղադրիչ:
Իր հերթին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Մ.Գրիգորյանի հետ հանդիպմանը աջակցել է Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը, տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում՝ ընդգծելով, որ պայմանավորվածությունների իրականացումը. պահանջում է երկու կողմերի ջանքերը՝ հիմնված տնտեսական համատեղ հանձնաժողովների արդյունքների վրա։ Իրանի նախագահը նաև աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին և ընդգծել Թեհրանի պատրաստակամությունը երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այս հարցում Իրանի «կարմիր գծերը»։
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ։
Ի դեպ, Իրանի շահերը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդհանուր առմամբ տարածաշրջանում կայունության հարցում կապված են երեք ասպեկտների հետ՝ անվտանգություն, էներգետիկ ռեսուրսներ և մեկուսացումից դուրս գալու ելք։ Դա պայմանավորված է հետևյալ գործոններով. նախ, Իրանի սահմաններին արևմտյան բլոկի տերությունների, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաքաղաքական ներկայությունը Թեհրանի կողմից ընկալվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Երկրորդ, Հարավային Կովկասը Իրանի համար չափազանց կարևոր է դեպի Կասպից ծով և նրա ռեսուրսներ, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանով անցնող եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների շնորհիվ: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացումը և դրան Հայաստանի միացումը հանրապետությունը կդարձնի կարևոր տարանցիկ հանգույց և կընդլայնի մուտքը դեպի արտաքին շուկաներ։ Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի կողմից հրապարակված «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի համար տրանսպորտային շրջանակի ստեղծում» զեկույցում։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան և Եվրոպա կշրջանցի Թուրքիան և Ադրբեջանը։ Այն էժան է և ավելի կարճ, քան Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով անցնող անդրկասպյան միջանցքը։
Հայաստանի հետ համագործակցելու Իրանի շահերի հիմնական բաղադրիչներից մեկը տարածաշրջանում Իսրայելի ազդեցության մեծացումն է, որը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Երկու երկրների միջև հարաբերությունները սկսեցին խորանալ մոտ 15 տարի առաջ, երբ Ադրբեջանը, համալրելով Կասպից ծովի ավազանում իր նավթի և գազի հանքավայրերից ստացվող եկամուտները, սկսեց նորագույն սպառազինության համակարգեր գնել: Որոշ փորձագետներ պնդում են, որ ամերիկացիներն ու իսրայելցիները ադրբեջանական տարածքը բավականին լրջորեն դիտարկում են որպես Թեհրանի դեմ պատերազմի հնարավոր ցատկահարթակներից մեկը։ Իսրայելը ռազմավարական դաշինք է պահպանում Ադրբեջանի հետ և միլիարդավոր դոլարների զենք է վաճառում այդ երկրին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը Իսրայելին նավթ է մատակարարում:
Փորձագետների գնահատմամբ՝ 2000-2022 թվականներին Իսրայելից Ադրբեջան զենքի արտահանման ծավալը կազմել է մոտ 884 միլիոն ԱՄՆ դոլար։ Մատակարարումները ներառում էին անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ և այլ զինամթերք: Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2018-2022 թվականներին Ադրբեջանը եղել է Իսրայելից զենքի առանցքային ներկրողներից մեկը (Ադրբեջանի մասնաբաժինը իսրայելական զենքի արտահանման մեջ կազմում է 9,1%)։
Ադրբեջանը գնել է իսրայելական սպառազինության ամենաժամանակակից տեսակները՝ HAROP, SkyStriker և Hermes անօդաչու թռչող սարքեր, LORA հեռահար «երկիր-երկիր» մարտավարական հրթիռներ, Barak-8 և Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգեր և այլն։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայից կարճ ժամանակ առաջ, զենքով լի մեծաթիվ բեռնատար ինքնաթիռներ Իսրայելից թռիչք կատարեցին Ադրբեջան։ 2023 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը Իսրայելի Aerospace Industries-ի հետ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Barak MX ՀՕՊ համակարգեր գնելու համար։ Այս մասին նշվում է Defense Industry Europe հրապարակման մեջ։ Այս գործարքը ամենախոշորն է այս ռազմական զենքի վաճառքի պատմության մեջ։
Բացի այդ, ըստ միջազգային լրատվամիջոցների, Ադրբեջանը համաձայնել է «թույլ տալ Իսրայելին օգտագործել իր տարածքը հակաիրանական գործունեության համար։ Ադրբեջանը կանաչ լույս է վառել Իսրայելի հետախուզական ծառայությունների՝ հատկապես նրանց արտաքին հետախուզության առջեւ։ Վերջին տարիներին Ադրբեջանը 2 օդանավակայան է կառուցել Ֆիզուլիում և Զանգելանում, որոնք գտնվում են ադրբեջանա-իրանական սահմանին շատ մոտ՝ սահմանից 30-40 կիլոմետր հեռավորության վրա։ Տեղեկություններ կան, որ Իսրայելի ռազմական հետախուզությունը կամ օտարերկրյա հետախուզության աշխատակիցներն օգտագործում են այդ օդանավակայանները Իրանի դեմ գործողությունների համար։
Էական է նաև Բաքվի քաղաքական գործիչների հռետորաբանությունը «Հարավային Ադրբեջանի» հանդեպ հավակնությունների մասին։ Ադրբեջանական քարոզիչները լիովին ստանձնել են Իրանի հյուսիսարևմտյան տարածքներում «Հարավային Ադրբեջանի» գաղափարի քարոզչությունը, իսկ ազգայնականները կոչ են անում և իրականացնում սադրիչ գործողություններ՝ Իրանի և Հայաստանի միջև լարվածություն սադրելու և երկկողմ հարաբերությունները խաթարելու համար։
Հայ-ադրբեջանական դիմակայության համատեքստում Իրանն ունի իր անվտանգության ռազմավարական կարեւոր խնդիրը՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը։ Ադրբեջանա-թուրքական «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը կարող է կտրել Իրանը Հայաստանից և, հետևաբար, խոչընդոտել Թեհրանի առևտրին ԵԱՏՄ երկրների հետ։ Բացի այդ, միջանցքի գործարկումը կհանգեցնի տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի հետագա ամրապնդմանը:
Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունն ու Իրանի հեղափոխության պահապանները բազմիցս զգուշացրել են Բաքվին ու Անկարային Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության անթույլատրելիության մասին։ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» նախազգուշական տեսանյութ էր հրապարակել՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային։ Դրանում նշվում է, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի սահմանները ուժով փոխելու փորձերը։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ պատրաստ է «Հայաստանին տրամադրել ցանկացած օգնություն, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»։ Նա ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և աշխարհաքաղաքական փոփոխություններին, իսկ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում ճանապարհները պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո։
Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային կարևոր խաղացող է և աջակցում է տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու զարգացմանը։ Իսկ Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում խիստ տագնապալի և նյարդայնացնող է նրանց համար, ովքեր փորձում են տարաձայնություններ սերմանել երկու դարավոր հարևան ժողովուրդների միջև։
Զաբելա Ավագյան