«Եթե կինը տղամարդուց շատ է վաստակում, կարող է վեճերի ու ամուսնալուծության պատճառ դառնալ»․Լոռու մարզում կրթվելու և աշխատանք գտնելու համար կանայք դեռ խնդիրների են բախվում | Region

«Եթե կինը տղամարդուց շատ է վաստակում, կարող է վեճերի ու ամուսնալուծության պատճառ դառնալ»․Լոռու մարզում կրթվելու և աշխատանք գտնելու համար կանայք դեռ խնդիրների են բախվում

Սեպտեմբեր 14,2025 22:11

Լոռու մարզում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը մնում է ցածր՝ պայմանավորված ինչպես աշխարհագրական դիրքից բխող անհավասարու­թյամբ և ենթակառուցվածքային գործոններով, այնպես էլ հասարակությունում պահ­պանվող գենդերային կարծրատիպերով և ավանդույթներով, որոնք դեռևս որոշ առումով շարունա­կում են սահմանափակել կանանց մասնագիտական ընտրության և զարգացման հնարա­վո­րու­թյունները։ Այս մասին նշված է «Սպիտակի Հելսինկյան խումբ» հասարա­կական կազմակերպության իրականացված հետազոտությունում։ Հետազոտությունն իրականացվել է 2025 թվականի մարտ-հուլիս ամիսներին, գլխավոր առանցքային ուղղու­թյուն­ներն են առողջություն, աշխատանք/զբաղ­վա­ծություն, գենդերային հիմնա­խնդիրներ, կրթություն, քաղա­քական մասնակցություն/ առաջ­նորդություն, ճգնաժա­մային իրավիճակների արձագանքում։  Հետոզությանը մասնակցել  է 25-64 տարեկան 491 կին։

Ծավալուն հետազոտությունից այս անգամ ներկայացնում ենք զբաղվածության և կրթության ոլորտների վերաբերյալ ամփոփ տվյալները։

Աշխատանք/զբաղվածություն

Լոռիում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը մնում է ցածր, դա պայմանավորված է աշխարհագրական դիրքից բխող անհավասարու­թյամբ և ենթակառուցվածքներով, գենդերային կարծրատիպերով, երեխա­ների խնամք ապահովող կառույցների  պակասով և այլն։ Թեև պետական և միջազգային ծրագրերի շնորհիվ առկա են որոշ հնարավորություններ, այնուամենայնիվ կանանց մեծամաս­նու­թյան համար աշխատաշուկան շարունակում է մնալ սահմանափակ, ոչ մատչելի և հաճախ՝ խոցելի պայ­մաններով։ Խնդիրները խորանում են հատկապես գյուղաբնակ համայնքների կա­նանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կա­նանց, ազգային փոք­րամասնությունների, երիտասարդ և երեխաներ ունեցող կա­նանց շրջանում։

Հարցվածների մոտ 70% -ը աշխատանք չունի արտադրություների, ձեռնարկությունների, փոքր ու միջին բիզնեսի բացակա­յության պատճառով։

Կանանց համար աշխատատեղերի հնա­րավոր սպեկտրը տարածվում է հիմ­նա­կա­նում պետական կառույցնե­րում ադմինիստ­րա­տիվ աշխատանքնե­րի, կրթա­կան կառույց­ների մանկավարժական հաստիքների և ծա­ռայությունների մատուցման ոլորտի որոշ արտադրամասերի վրա՝ կարի ֆաբրիկաներ, կաթի արտադրամասեր, հացի փռեր։ Այստեղ էլ խորին հարցազրույցի որոշ մասնակիցներ նշել են բռնության և շահագործման դեպքերի մասին, սակայն կանայք, անելանելիու­թյունից դրդված, շարունակում են աշխատել այդ միջավայրերում։ Նոր միտում կա նաև տուրիզմի ոլորտի զարգացման առումով, որում գերազանցապես ներգրավ­ված են կանայք:

Արդյոք տղամարդկանց համեմատ աշխատաշուկայում  կանանց  համար կա՞ն  հավասար հնարավորություններ․ այս հարցի անչությամբ հարցվածների  59%-ը դրական պատասխան է տվել, 41%-ը՝ բացասական։

Կանանց համար աշխատանք գտնելը բարդ է նաև գործատուի բարձր պահանջների, իսկ կանանց ոչ բավարար գիտելիքներ ու հմտություններ չունենալու, ինչպես նաև տարիքի պատճառով։ Այս առումով 50 +, հաշմանդամություն ունեցող կանայք առավել խոցելի են։

Լոռիում կանանց աշխատանքի տեղավորման խոչընդոտների թվում հարցվող­ների կողմից մեծամասամբ նշվում են աշխատատեղերի բացակայությունն ու ցածր աշխատա­վարձը՝ 20%, երեխաների խնամքի կազմակերպման դժվարությունները՝ 16,5%, երկար աշ­խատաժամերը՝ 12% և տրանսպորտի սահմանափակ հնարավորու­թյունները՝ 9%: Որպես կանանց` աշխատաշուկայում ներ­գրավ­վածության խոչընդոտ, հարցվողների 7%-ը կարևորել է նաև գործա­տու­ների կողմից իրա­վունք­ների ոտնահարումը, վատ աշխատանքային պայման­ները՝ 6%, գոր­ծա­տուի կողմից կա­նանց հմտությունների և կրթության թերագնահա­տումը համապա­տաս­խանաբար՝ 5% և 4%։

Թեև խորին հարցազրույցի բոլոր մասնակիցները դրական էին վերաբերվում կնոջ՝ տան տղամարդուց ավելի շատ վաստակելու հանգամանքին, սակայն պնդում էին, որ դա հոգեբանական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել տղամարդու մոտ և կնոջը՝ թեև ակամա, դարձնել արտոնյալ։ Ու եթե դա համակարգային բնույթ է կրում, կարող է վեճերի պատճառ դառնալ, ընդհուպ` մինչև ամուսնալուծության։ Նման դեպքերում տղամարդն իրեն այդ առումով ինքնավստահ չի զգում ու սկսում է փոխհատուցել ոչ թե ավելի լավ վարքով, այլ ընդհակառակը՝ բռնության տարբեր դրսևորումներով։

Աշխատանք գտնելու խոչընդոտներից մեկը՝ Լոռվա մարզում տրամադրվող մասնագիտություն­ների կամ ուսումնական հնարավորությունների ոչ արդիական և աշխատաշուկայի կարիքնե­րին չհամապատասխանող, սակավ մրցունակ մասնագիտությունների տրամադրումն է։ Ուստի հարցածների մեծ մասը նշել է ժամանակակից ոլորտներում մասնագիտանալու ցանկության մասին։ Նրանց  17.5%-ը նշել է ՏՏ ոլորտը, որին 12.5-ական տոկոսներով հաջորդում են զբոսարջային և առողջապահական ոլորտները, այնուհետև կրթական ոլորտը 11.5%:

Կրթություն

Լոռու մարզում կրթական հաստատությունների սակավությունը խնդիր է: Ըստ հետազոտության արդյունքների՝ ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացված են խոշոր համայնքներում, ինչի հետևանքով տուժում է գյուղական բնակավայրերի աղջիկների կրթական մակարդակը, քանի որ նրանցից շատերը կաշկանդվում են դիմել քաղաքային համայնքների բուհեր։ Իսկ այն աղջիկները, որոնց հաջողվում է բարձրագույն կրթություն ստանալ, բախվում են մեկ այլ խնդրի. նրանցից շատերը սովորելուց հետո սովորաբար ամուսնանում են։ Եվ մինչ երեխաներին մեծացնելը՝ տևական ժամանակահատված դուրս են մնում աշխատաշուկայից։

Լոռու մարզում կանանց կրթու­թյան հիմնական որոշիչ գործոններ են ընտանիքի ֆինանսական հնարավորու­թյուն­ները, որոնք կարևորել է մասնակցիներ 26%-ը, ընտանիքի կողմից կրթության արժե­քավորումը՝ 25%, ինչպես նաև սովորելու անկեղծ ցանկությունը, որը նշել է մաս­նակիցների 22%-ը։ Հատկանշական է, որ ուսումնական կենտրոնների առկայու­թյունը կա­րևորել է մասնակիցների 13%-ը, տրանսպորտի առկայությունը՝ 11%-ը։ Մասնակիցներից 2%-ը նշել է, որ դժվարանում է որոշել հիմնական խոչըն­դոտները, իսկ 1%-ն ընդգծել է այլ պատճառներ․ օրինակ՝ հասարակական սովո­րությունները, աշխատանքի ցանկությունը և կանանց ինքնուրույնության աստի­ճանի բարձրա­ցումը։

Հարկ է նշել, որ Լոռու մարզում գործող կարճաժամկետ մասնագիտական դաս­ընթացները, որոնք հաճախ իրականացվում են տեղական կամ միջազգային ծրա­գրերի շրջանակներում, կայուն արդյունք չեն ապահովում։ Չնայած կանանց ակտիվ մասնակցությանը տարատեսակ կարճաժամկետ դասընթացներին, դրանց շարու­նակա­կա­նությունը և կիրառական արդյունքը հաճախ բացակայում է։

Հետզոտությունում նշվում է, որ կանայք ավելի անկախացել, ձեռք են բերել հմտու­թյուններ քաղաքական, կրթական, բիզնես և հասարակական ոլորտներում և կարողա­նում են զբաղեցնել հասարակության մեջ կարևոր և տեսանելի դիրք։ Նման զարգա­ցում­ների համար նպաստավոր են նաև մասնագիտական վերապատրաստման և վերապրոֆիլավորման ծրագրերը, որոնք հաճախ ուղղված են հատկապես կանանց։  Որոշ ոլորտներում կանանց հզորացման ծրագրերը նույնիսկ բացահայտ խորացրել են կանանց և տղամարդկանց գիտե­լիք­ների տարբերությունը։ Դա առանձնակի նկատելի է հատ­կապես հանրային կառա­վարման ոլորտում։

 

Հարցվածների մեծամասնությունը՝ 60%, նշել է, որ համայնքում  կարծրատիպա­յին կարծիքը բացակայում է։ Որոշները կարծում են, որ, այնուա­մե­նայնիվ, պահպանվել են որոշակի կարծրա­տիպեր. «աղջկա սովորելն ո՞ւմ է պետք, հետո ուրիշի տուն է գնալու» (14%), «տուն պահողը տղան ա, նրան ա պետք կրթու­թյան տալ» (8%), ինչպես նաև «աղջկա սովորածը կորչելու ա տան գործերի մեջ» (7%): Խիստ քիչ են այն անձինք, որոնք կարծում են, թե «աղջիկը բավարար խելք չունի հա­մա­լսարան գնալու համար» (1%): Բացի այս, 10%-ը նշել է «Այլ» տարբերակը, որտեղ ընդգրկվել են՝ կարծրատիպերի նվազում, կրթության հավասար արժևորում աղջիկների և տղաների համար, աշխատանք գտնելու դժվարությունները բարձ­րագույն կրթություն ստացածների շրջանում, ինչպես նաև անհատական մոտեցում­ները։

Կրթություն ստանալու հնարավորությունները սահմանափակ են  հաշմանդամութուն ունեցող կանանց համար, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում։

Ըստ զեկույցի՝ չնայած որոշ ուսումնական հաստատություններ պատրաս­տա­­կա­մու­թյուն են ցուցաբերում դասերը կազմակերպելու այդ դիմորդների կարիք­նե­րին հարմարեցված պայմաններով, այնուամենայնիվ ֆիզիկական միջավայրի ամ­բող­ջական հարմարեցման բացակայությունը, հաշմանդամություն ունեցող մարդ­կանց վերաբերյալ հանրային կարծրատիպերը, համընդհանուր թերահավատու­թյունը՝ «մյուսները սովորելով չեն կարողանում աշխատանք գտնել, նա ի՞նչ է անելու իր սովորածով» և աշխատանքային շուկայում ակնկալվող խոչընդոտները հանգեցնում են նրան, որ այս խմբի կանայք քիչ են դիմում բուհեր կամ ուսումնական կենտրոններ։

Սոցիալապես անապահով ընտանիքներում կանայք հազվադեպ են հաջողում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ միջնակարգ կրթություն ունեցողները արդի աշխատաշուկայում մրցունակ չեն։ Նրանց մի մասը հիմնականում փորձում է տարբերակներ գտնել սպասարկման ոլորտում:

Հետազոտությունում նշվում է, որ կրթության բացակայությունը նաև կապվում է ընտանեկան բռնության բարձր ռիսկի հետ․ վաղ ամուսնացող և կրթություն չունեցող կանայք ավելի հաճախ են հակված են­թարկվելու ընտանեկան բռնության։ Այս դիտարկումը վկայում է կրթու­թյան դերի կա­րևորությունը ոչ միայն տնտեսական, այլև անձնական անվտան­գության և իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ