ԵՄ-ն շահագրգռված է ավելի ուժեղ ու ավելի անկախ, Կրեմլի ազդեցությունից զերծ Հայաստանով․ԵՔՀ գագաթնաժողովի ուղերձներն՝ ըստ Վարդանյանի
«Մայիսի 4-ից Հայաստանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում. Երևանը հարթակ դարձավ եվրոպական երկու գագաթնաժողովների համար, և ողջ աշխարհն ուշադրությամբ հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը և պատմության մեջ առաջին երկկողմ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը Հայաստանի պատմության խոշորագույն միջազգային քաղաքական իրադարձություններն են։ Ես բարձր եմ գնահատում եվրոպական ֆորումը։ Նման միջոցառումները, որպես կանոն, անցկացվում են բարձր մակարդակով և մեծ հարգանքով են վերաբերվում հյուրընկալող երկրներին։ Հայաստանի համար սա ամենահեղինակավոր միջոցառումն է, որը համախմբեց եվրոպական մայրցամաքի գրեթե բոլոր առաջնորդներին»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Նրա դիտարկմամբ՝ Երևան են ժամանել Եվրամիության առանցքային քաղաքական դերակատարները, իսկ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունն այս միջոցառմանը եզակի էր, ինչը դրսևորում է այս եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումների կարևորությունը․« Ես կասեի, որ այս միջոցառումները միջազգային նշանակության բավականին տեսանելի իրադարձություններ են և Հայաստանին մեծ հեղինակություն կբերեն։ Ավելին, Հայաստանը գագաթնաժողովից կստանա տնտեսական, քաղաքական և ֆինանսական օգուտներ՝ ինչու՞ ոչ։ Հնարավոր է նաև ստանալ որոշակի ռազմական դիվիդենտներ»։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են Եվրոպայի երկրների ավելի քան 40 առաջնորդներ և պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաև Կանադայի, ՆԱՏՕ-ի, ԵՄ կառույցների և ԵԱՀԿ ղեկավարները։ Մասնակիցների թվում էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Երևանյան երկրորդ խոշոր միջոցառումը պատմության մեջ առաջին երկկողմ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովն էր, որը կայացավ մայիսի 5-ին։
Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովը բացվեց «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանը համաշխարհային առաջնորդներին հարթակ է տրամադրել մի շարք առանցքային հարցերի քննարկման համար՝ սկսած «հիբրիդային սպառնալիքներից ու ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունից» մինչև էներգետիկ հարցեր։ Գագաթնաժողովի գլխավոր նպատակն է նպաստել ավելի դիմակայուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ձևավորմանը։
Վարդանյանը նշեց՝ նախ՝ Եվրոպան հերթական անգամ դրսևորեց իր համախմբվածությունը, իհարկե, Եվրոպայի առջև այս պահին բազում մարտահրավերներ կան, բայց առաջնահերթությունը հիմա, թերևս, ուկրաինական հարցն է․« Ֆորումում ևս մեկ անգամ հաստատվեց, որ Եվրոպան կշարունակի Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Իհարկե, խնդրի մի մասը վերաբերում էր նաև Հայաստանին։ Երևանից շատ կարևոր ուղերձներ հղվեցին այն մասին, որ Եվրոպական միությունը բաց չի թողնի Հայաստանին իր տեսադաշտից, մեծ ուշադրություն կդարձնի նրան, և այսուհետ Հայաստանը եվրոպացիներից մեծ օգնություն կստանա»։
Վարդանյանը ուշադրություն հրավիրեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետաքրքիր հայտարարությանը՝ «Եվրոպան պետք է օգնի Հայաստանին ավելի ինքնուրույն պաշտպանել իր սահմանները։
«Հայտնի է, որ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանը պահում է Ռուսաստանի օգնությամբ։ Փաստացի, եվրոպացիները նույնպես ձգտում են օգնել Հայաստանին սկսել ինքնուրույն պաշտպանել սեփական սահմանները։ Իհարկե, դեռևս վաղ է եզրակացություններ անել, թե Հայաստանը կպահանջի ռուսական բազայի դուրսբերումը, բայց Հայաստանը, հնարավոր է, արդեն ունակ է ինքնուրույն պահել սահմանի որոշ հատվածներ»,-ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Եվրոպան և Ֆրանսիան նաև պատասխանատվություն են ստանձնել Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Եվրամիությունը Հայաստանին հատկացրել է 30 միլիոն եվրո՝ զինված ուժերին աջակցելու համար (բացառելով մահաբեր զենքը)։ Ավելի վաղ Հայաստանի զինված ուժերը ստացել էին ԵՄ օգնության առաջին մատակարարումները՝ ընդհանուր 30 միլիոն եվրո գումարի չափով։
«Նախկինում հայ-ֆրանսիական հարաբերությունները բավականին մտերիմ բնույթ էին կրում, կային տնտեսական, մշակութային և հոգևոր կապեր, բայց որպես այդպիսին ռազմական համագործակցություն չկար։ Հիմա մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, և մեծ ուշադրություն է դարձվում ռազմական բաղադրիչին։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են համագործակցել պաշտպանության և գիտատեխնիկական համալիրի ոլորտներում, ինչպես նաև ընդլայնելու են փոխգործակցությունը պաշտպանական գերատեսչությունների գծով՝ շեշտը դնելով տեխնոլոգիաների փոխանակման վրա։ Մեր զինծառայողներն արդեն մեկնում են Ֆրանսիա՝ վերապատրաստման, ֆրանսիացիներն իրենց վրա են վերցնում հայ զինվորականների ուսուցումը։ Ֆրանսիան նաև Հայաստանին կմատակարարի վեց ուղղաթիռ։ Սա ցույց է տալիս, որ երկկողմ հարաբերություններն արդեն նոր մակարդակ են դուրս գալիս, և դրանց ավելանում է ռազմական բաղադրիչը»,-ասաց Վարդանյանը։
Եվրոպան, ըստ Վարդանյանի, շահագրգռված է, որ Հայաստանը դառնա ավելի ուժեղ, ավելի անկախ, առանց Ռուսաստանի ազդեցության կամ ունենա Ռուսաստանի թույլ ու աննշան ազդեցություն։ Նկատեց՝ իհարկե, Ռուսաստանին դա դուր չի գալիս, բայց դա իր խնդիրն է, և Հայաստանը շարունակելու է շարժվել եվրոպական ուղղությամբ։
Նա հավելեց․ «Ռուսաստանն արդեն դարձել է մահացու թշնամի և էկզիստենցիալ սպառնալիք Եվրոպայի համար։ Իրավիճակը փոխվեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հիմա Արևմուտքը կանի հնարավոր ամեն ինչ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու և սեփականն ամրապնդելու համար»։
Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի համար դժվար է ընդունել Հայաստանի եվրոպական կողմնորոշումը, Կրեմլը փորձում է խանգարել Հայաստանին դառնալ եվրոպական երկիր․«Բայց Փաշինյանը վճռական է տրամադրված արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հարցում և մոտ ապագայում լրջորեն աշխատելու է այդ ուղղությամբ։ Այս պահին կոնֆլիկտի էսկալացիայի չեմ հավատում։ Կարծում եմ, որ Ռուսաստանն առայժմ ոչինչ չի ձեռնարկի՝ սպասելով ընտրությունների արդյունքներին և հուսալով, որ դրանց հետ մեկտեղ իրավիճակը կփոխվի. ռուսամետ քաղաքական գործչի ընտրությունը կփոխի Հայաստանի քաղաքականությունը և նրա վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի, Փաշինյանը վերընտրվելու է»։
Ըստ Վարդանյանի՝ Հայաստանն ու եվրոպացիներն արդեն մշակել են գործողությունների պլան՝ Հայաստանի դեմ Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցների դեպքում։ Նշեց՝ եվրոպացիները մեծ օգնություն կցուցաբերեն, եթե, օրինակ, դադարեցվեն գազի մատակարարումները, բարձրացվեն գազի գները և այլն։ Բայց, ըստ նրա, դա ծայրահեղ դեպք է, հիմնականում հիմա կողմերը հակված են Ռուսաստանին չափից շատ չբարկացնել և սպասել հետագա զարգացումներին։
Ա«նդրադառնալով գագաթնաժողովին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մասնակցությանը, Վարդանյանն ասաց՝ Թուրքիան եվրոպական ձևաչափի մասնակից է և առանցքային տարածաշրջանային դերակատար, ու չնայած Թուրքիայի և ԵՄ-ի միջև առկա հակասություններին՝ նրանց հարաբերությունները միշտ էլ բավականին լավ են եղել, որոշ տնտեսական ասպեկտներում նրանք լավ համագործակցում են․«Փոխնախագահ Յըլմազի մասնակցությունը գագաթնաժողովին միայն ընդգծում է Թուրքիայի ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալ եվրոպական և տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև ազդակ է գործընկերներին իր աճող ազդեցության մասին։ Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որը եվրոպացիների հետ ունի ազատ առևտրի գոտի, տնտեսական մաքսային գոտի»։
Եվրոպական գագաթնաժողովին առցանց ձևաչափով ելույթ է ունեցել նախագահ Ալիևը։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը «վերականգնել է տարածքային ամբողջականությունը», հաստատել է հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղությանը՝ նշելով, որ երկու կողմերն արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսության, առևտրի և այլ ոլորտներում։ Սակայն Ալիևը խստորեն քննադատել և մեղադրել է Եվրախորհրդարանին Բաքվի նկատմամբ կողմնակալության մեջ։ Նա շանտաժի է ենթարկել Եվրախորհրդարանին, որը վերջին 5 տարիների ընթացքում Արցախի հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ 14 բանաձև է ընդունել։
Քաղաքագետ Վարդանյանի կարծիքով եվրոպական ինստիտուտների կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ու քննադատությունն ուժեղանում են։․«Ալիևն ուզում է առհասարակ այդ հարցը մոռացության մատնել, չի ընդունում արցախցիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կառույցների բանաձևերը։ Ներկայումս Ադրբեջանը կոշտ դիրքորոշում ունի արցախցիների վերադարձի իրավունքի և Ղարաբաղի հայերին վերաբերող ցանկացած հարցի շուրջ։ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա եվրոպական մի շարք ինստիտուտներից»։
Զաբելա Ավագյան
