«Կոկորդիցս բռնել էր, ասում էր՝ հորդ, մորդ կսպանեմ, քեզ կխեղդեմ»․Վեդիի բնակիչները մանրամասներ են պատմում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի մասին
Վեդիի բնակիչները վրդովված են, նրանք այսօր բողոքի ցույց էին անում համայնքում՝ պահանջելով խիստ պատիժ կիրառել այն մանկապիղծների նկատմամբ, որոնց զոհն են դարձել համայնքի երկու անչափահաս քույրերն, ինչպես նաև պահանջում են ազատ արձայել երեխաների հորեղբորը։
Հարևանուհիներից մեկը, ով տուժված երեխաներին լավ է ճանաչում, մանրամասներ պատմեց ասաց, որ ինքը փոքրի՝ 15-ամյա աղջկա հետ խոսել է, երեխան վախեցած է եղել ու խնդրել է, որ ոչ մեկի չասեն, քանի որ բռնարարը սպառնացել էր նրան, որ ընտանիքի անդամներին կսպանի։
«Ճանապարհին հավաքարարն է բռնել, թե ոնց է էդ «Դավո բեյմուրազը» երեխեքի թևից բռնած քաշքշել է, որ մտցնի ավտոն, հավաքարարն է հասել պաշտպանության, ծեծել ավելով ու երեխեքին ձեռից ազատել։ Ուսուցչուհին էլ նկատել է, որ երեխան դասի ժամանակ անընդհատ հեռախոսով է զբաղված, վերցրել է հեռախոսը ու տեսել, որ երեխային սպառնում են, վախեցնում։ Ես անձամբ փոքրի հետ խոսել եմ, պատմել է՝ «կոկորդիցս բռնել էր, ասում էր՝ հորդ կսպանեմ, մորդ կսպանեմ, քեզ կխեղդեմ։ Էրեխեն ասել է՝հոպարիս կասեմ, նա էլ ասել է՝ հոպարիդ էլ կսպանեմ։ Ինչ ձև է վարվել, որ էդ երեխան մի շաբաթ շատ վատ վիճակում պառկած, չէր կարողանում տեղից ելներ, շարժվեր։ Էդ երեխեքը սարսափելի հոգեկան վիճակում են, խոսում ես հետները, դողում են, ասում են՝ չասեք իրանց, մեզ կսպանեն։ Դրանք սրբապիղծ վիժվածքներ են,- զայրացած պատմեց հարևանուհին։ Նա ասաց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, վագոն են վարձել 10 հազար դրամով, դաշտում ապրել, գոյատևել․« Վեդիի համայնքապետարանից ոչ մի օգնություն էդ մարդկանց չի հասել։ Մի հատ բարեգործական կազմակերպություն կա մեր մոտ, գնում, հաց էին ուտում էնտեղ, դասերն էլ սովորած տուն էին գնում»։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, փետրվարի 12-ին է եղել, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 22-ին։ Տուժողների փաստաբանը պնդում է, որ «առաջին դեպքից հետո, երբ 15-ամյա աղջնակը ենթարկվել է սեռական բռնության ու իրավապահներն այդ մասին տեղյակ են եղել, պատշաճ գործողություններ չեն իրականացվել, ինչի հետևանքով հետո նաև մեծ քրոջ նկատմամբ է նույնանման բռնություն տեղի ունեցել։ Իրավապահների անգործության պատճառով, ըստ փաստաբանի, երեխաների հորեղբայրն է որոշել հաշվեհարդար տեսնել մանկապիղծների նկատմամբ ու մարմնական վնասվածքներ է հասցրել մանկապիղծներից Դավիթ Այնազյանին»։ Հորեղբայրը ձերբակալվել էր։
Փաստաբանը պնդում է, որ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են իրականացրել երեք տղամարդ։ Հանրային մեծ աղմուկից հետո նոր երկուսը ձերբակալվել են։
Վեդիի բնակիչներից մեկը, որը ներկայացավ որպես Ավետիս, ընտանիքի հարևանն է, բողոքի ցույցի ժամանակ նա անդրադառնալով երեխաների հորեղբոր միջադեպին, ասաց, որ ոստիկանությունից զանգել էին հորեղբորն ու անհարգալից խոսել նրա հետ, հայհոյել․«Եթե իրավապահ մարմնի ներկայացուցիչն իրեն թույլ է տալիս քաղաքացուն հայհոյել, ուրեմն թող չզարմանան, որ մեր երկրում նման դեպքերը ավելի շատ են լինելու։ Այստեղ հարևաններն են հավաքված, բոլորն էլ երեխաներին ճանաչում են, ու մենք գիտենք, որ երեխաները պաշտպանված չեն իրավապահների կողմից, այ դա ցավ է մեզ համար»։
Բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում Վեդու քննչականից, նրանք վստահեցնում են, որ շատ դժգոհ են իրավապահների աշխատանքից։
«Լավ էդ իրավապահ մարմինները ո՞ւր են եղել, ո՞նց էր հնարավոր, որ էս ամիսների ընթացքում մեկը չհասկանար, որ էդ երեխեքի հետ հանցագործություն է տեղի ունեցել։ Ինչի՞ են հասցրել էս օրվան, ինչո՞ւ են տարել էն մարդուն, ով իրա հարազատին է պաշտպանել, իսկ հանցագործները ազատության մեջ էին»,-դժգոհեց մեկ այլ հարևան։
