Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր․ հակիրճ նկարագրություն
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում՝ նոյեմբերի 5-ին, հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Գործողությունների ծրագիրը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝
- Փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ,
- Սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան,
- Հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը,
- Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:
Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝
- իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում,
- դրանց գործնական իրականացում և կիրառություն:
Գործողությունների ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղություններից են՝
Փաստաթղթերի անվտանգության համալիր էկոհամակարգի ստեղծում, այդ թվում՝ նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրում, անձի նույնականացման մեխանիզմների ամրապնդում,
ՀՀ քաղաքացիության օրենսդրության վերանայում,
Սահմանների համալիր (ինտեգրված) կառավարում՝
սահմանային ստուգումների և հսկողության կատարելագործում
տվյալների փոխանակման և համագործակցության ամրապնդում
ռիսկերի վերլուծության և պրոֆիլավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում
սահմանապահ աշխատակիցների կարողությունների զարգացում,
Վերադարձի և վերաինտեգրման համակարգերի ամրապնդում՝
հետընդունման և վերաինտեգրման մեխանիզմների հզորացում
Հայաստանի տարածքում անկանոն կարգավիճակում գտնվող երրորդ երկրների քաղաքացիների վերադարձման արդյունավետ մեխանիզմներ,
Ներքին անվտանգության համակարգերի բարելավում՝
հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունում, իրականացում
իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացում,
Կոռուպցիայի դեմ պայքարի հզորացում, այդ թվում՝
հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրարկում
կանխարգելիչ և քննչական գործիքակազմի ընդլայնում,
Հակախտրականության օրենսդրության հզորացում և կիրառություն՝ ապահովելով համընդհանուր հավասարություն,
Անձնական տվյալների պաշտպանության համակարգի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին,
Տեղեկատվական փոխանակման և համագործակցության խորացում ԵՄ կառույցների հետ, ներառյալ՝ Եվրոպոլի (Europol), ԵՄ սահմանային և առափնյա գործակալության (Frontex),
Հանրային իրազեկման բարձրացում՝
հանրությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործընթացի, պարտավորությունների և սահմանափակումների մասին
կանխել ապատեղեկատվության տարածումը,
Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում, հատկապես՝
փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովում
խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում։
Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքում՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Այս ռեժիմի համաձայն՝ կենսաչափական անձնագրով ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան տարածք կարճաժամկետ այցերի համար։ Իրավակարգավորումը վերաբերելու է C տեսակի կարճաժամկետ շենգեն վիզային՝ յուրաքանչյուր տարվա մեջ 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով:
Հիշեցում. ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակման նպատակով Հայաստան են ժամանել ԵՄ փորձագիտական երկու առաքելություններ։ Այդ առաքելությունների զեկույցների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը ներկայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատմանը։ ԵՄ անդամ երկրների առաջարկներով փաստաթուղթը վերջնականացվել է և փոխանցվել հայկական կողմին: Վիզաների ազատականացման գործընթացի համակարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՆԳ նախարարության կողմից՝ համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։
