«Այս պահին տարածքների փոխանակման հարց չի կարող լինել։ Տարածքների փոխանակման հարցը հնարավոր է հանրաքվեի միջոցով»․ պատգամավոր
«Վերջին յոթ տարիներին Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների և հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները շատ թափանցիկ են եղել, հատկապես վերջին տարիներին այդ մասին ամեն ինչ խոսվել է։ Գիտենք, որ այդ բանակցություններն առանձնապես արդյունք չեն տվել և դա քննադատվել է։ Բայց ես չէի ցանկանա մանրամասնել Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածները, այդ ամենը հայտնի է։ 2018-ից հետո ՀՀ-ն ասել է, որ ԼՂ-ն էլ պետք է մասնակցի բանակցություններին»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին։
Հիշեցնենք, Բայրամովն ասել է, որ 2018-ին Դուշանբեում Փաշինյանն Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ «․․․ես կձեռնարկեմ բոլոր քայլերը այս հարցը (ԼՂ հիմնախնդիրը, խմբ․ ) լուծելու համար»։ Սակայն, ըստ Բայրամովի, 2019 թվականին Վիեննայում Փաշինյանը կտրուկ փոխել է դիրքորոշումն ասել, որ «չի կարող և չի լուծի ԼՂ հարցը, նույնիսկ պնդելով, որ եթե դա անի, «ինձ կսպանեն»։ Այնուհետև նա հռետորականորեն հարցրեց նախագահ Ալիևին՝ «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանե՞ն»։
Բայրամովը նաև ասել է, որ «Փաշինյանը պնդել է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ընդհանրապես քննարկել այս հարցը, ապա պետք է բանակցի ոչ թե Հայաստանի, այլ «Լեռնային Ղարաբաղի» հետ։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է երկարատև բանակցային գործընթացի ոչնչացում»։
Խանդանյանն Բայրամովի հարցազրույցի առնչությամբ ասաց, որ այն նայել է և որևէ նոր բան չի տեսել։
Լրագրողի դիտարկմանը, որ Բաքուն Երևանին է մեղադրում բանակցությունները տապալելու համար, հիշեցնում է տավուշյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ է սպանվել, Տոնոյանի հայտնի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարոթյունը և այլն, Խանդանյանն ասաց․«Համաձայն չեմ։ Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաև ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, և բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նույն փաստարկներով ՀՀ-ին նաև մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանը։ Կրկնեմ՝ Հայաստանն այդ երկու տարիներին փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որ չհանգեցնի ռազմական հակամարտության։ Փաշինյանը չի հրաժարվել բանակցություններից։ Շուրջ քսան տարի բանակցային այնպիսի ճարտապետություն էր ստեղծվել, ու ՀՀ-ում դրա այնպիսի հակառակ պատկերն էր ներկայացվել, որ բարդ էր մանրևել ու զուգահեռ ուժերի բալանսն էր փոխվել»։
2019-ին արդյոք Բաքվի նոր առաջարկները ՀՀ-ն մերժել է, այս հարցին ի պատասխան էլ պատգամավորն ասաց․«Քննարկվել են այդ առաջարկները, արդյունք չի եղել։ Ես չեմ կարծում, որ մերժման նամակ է ուղարկվել»։
Խանդանյանի խոսքով՝ կառավարությունն ընդունում է, որ բանակցություններում բացթողումներ է թույլ տվել, բայց դրանք բխել են աշխարհաքաղաքական իրավիճակից։
Անկլավները վերադարձնելու մասին էլ մասնավորապես Փաշինյանն ասել է՝ «Արծվաշենը պետք է վերադարձնենք», սակայն Բաքուն այս մասին լռում է, փոխարեն պահանջում վերադարձնել Տիգրանաշենն ու Տավուշից երեք գյուղեր, պատգամավորն ասաց՝ այդ հարցը պետք է հասցեագրվի սահմանազտման գործընթացում։
«Այս պահին փոխանակման հարց չի կարող լինել, քանի որ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ՝ հայտնի չէ»,-ասաց Խանդանյանը։
Նա նշեց, որ սահմանազատումից, սահմանները որոշելուց հետո պայմանագիր պետք է կնքվի պետական սահմանի մասին և այլն, այսինքն մի որոշակի փուլում երկու երկրները կարող են որոշել, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում․« Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը ՀՀ օրենսդրությամբ չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի»։
Խանդանյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիր, սակայն Ադրբեջանը առաջ է քաշում պայմաններ, որոնք անընդունելի են Հայաստանի համար և այդ պայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելն է։
