«Սա ապասոցիալական, անարդար մոտեցում է»․Ծաղիկ Վարդանյանը՝ առողջության համապարփակ ապահովագրության վճարների մասին | Region

«Սա ապասոցիալական, անարդար մոտեցում է»․Ծաղիկ Վարդանյանը՝ առողջության համապարփակ ապահովագրության վճարների մասին

Նոյեմբեր 13,2025 10:00

Շրջանառության մեջ դրված առողջության համապարփակ ապահովագրության մոդելը բավականին խառն է․ պետություն-ֆիզիկական անձ-իրավաբանական անձ համակարգը Հայաստանի համար այնքան էլ հարմար չէ։ Այս կարծիքին է «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։

RegionsTV-ի հետ զրույցում Վարդանյանն ասում է՝ դեռևս բազմաթիվ բացեր կան նախագծում․«Կարծում եմ՝ կարելի էր ավելի լավ մոդել մշակել»։

Առողջապահության նախարարությունը խոստանում է՝ մի քանի անգամ հետաձգված այս համակարգը վերջապես կսկսի գործել եկող տարվանից։ Առաջին փուլով համակարգում կներառվեն 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող աշխատող քաղաքացիները, մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող ու անապահովության 28 և ավել բալ ունեցող քաղաքացիները։

Նախագծում նշվում է, որ տարիքով պայմանավորված մինչև 18 տարեկանների և 65 և բարձր տարիքի անձանց ապահովագրավճարն ամբողջությամբ կսուբսիդավորի կառավարությունը։

Նաև նախատեսվում է, որ ամբողջությամբ կսուբսիդավորվեն հաշմանդամություն ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչ 2027 թվականը կանցնեն ֆունկցիոնալության գնահատում։

Համակարգի ներդրման ընթացքում՝ սկսած 2026 թականից, ինչպես նշված է նախագծում, ապահովագրավճարի տարեկան դրույքաչափը կկազմի 120000 դրամից 164400 դրամ։ Ընդ որում, 2026-2027 թվականների համար տարեկան չափն առաջարկվում է սահմանել 129600 դրամ, իսկ 2028–ից՝ 164400 դրամ։

«Սա ապասոցիալական, անարդար մոտեցում է, որը հակասում է պետական ապահովագրական ամենահիմնարար սկզբունքներից մեկին՝ սոցալական համերաշխությանն ու արդարությանը։ Առաջանում է մեծ ամպլիտուդա, այս դեպքում ֆինանսական ամբողջ բեռը կենտրոնանում է միջին խավի, միջին եկամուտ ունեցող քաղաքացիների վրա»,-ասում է Վարդանյանը։

Նա նկատում է՝ համակարգի ներդրմանը ու գործարկելուն զուգահեռ հարկատեսակներում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են լինելու։ Օրինակ՝ «Զինծաայողների ապահովագրության հիմնադրամի» համար 4000-5000 դրամ ներկայիս վճարը դառնալու է կրկին 1000 դրամ, ինչպես նախկինում էր․«Մնացած գումարը ուղղվելու է համապարփակ ապահովագրավճարին։ Խոսվում է նաև սոցիալական կրեդիտների համակարգի ակտիվացման մասին։ Տարեկան մեկ անգամ հնարավոր կդառնա 50-70000 դրամի հետվերադարձը։ Սակայն մեկ բան պետք է ամրագրվի՝ աշխատող քաղաքացիների համար սա լինելու է լրացուցիչ ֆինանսական բեռ, ավելանալու են հարկատեսակները»։

Նախագծում նաև ներկայացված է ապահովագրական հիմնադրամի գործառույթները, սական Վարդանյանը գտնում է, որ դա պետք է ամրագրվեր առանձին օրենքով ու ավելի մանրամասնորեն։ Բացատրում է․«Սա նոր կառույց է, իսկ մենք պետական ապահովագրական փորձառություն չունեցող երկիր ենք։ Ճիշտ է, դեռ 2000-ականներին հայեցակարգային մոտեցումը մշակվել է, բայց դրանից այն կողմ քայլեր չեն արվել։ Ըստ իս, օրենքի մակարդակով էլ ավելի մանրամասնորեն պետք է ներկայացվեր բժշկական ապահովագրությունը, հնարավոր է նաև առանձին իրավական ակտի ձևով»։

Համակարգի վերաբերյալ քաղաքացիներին ամենաշատ հուզող հարցերից մեկն այն է, թե օրինակ յուրաքանչյուր ամիս (աշխատողի դեպքում) որոշակի գումար վճարելով բժշկական ո՞ր ծառայություններից ի վերջո կարող է օգտվել, ի՞նչ վիրահատություններ են ներառված և ո՞ր հիվանդությունների դեպքում ապահովագրությունն ամբողջովին կփակի։

Նախագծում այս մասին կոնկրետ բան չկա, թվարկված չեն օրինակ՝ չարորակ գոյացությունների դեպքում բուժումը կամ այլ թնակարժեք ծառայությունները ապահովագրությունը ծածկելո՞ւ է ծախսը, թե՞ ոչ։ Նախարար Ավանեսյանը խոստացել է, որ հետագայում այս ցանկը հրապարակվելու է և քաղաքացիները կկարողանան դրան ծանոթանալ։

«Այս մասով նախագծում տրված է ընդհանոր ձևակերպում, որը ինքնին բավարար չէ։ Հիվանդությունների ու մահացությունների կառուցվածքը չի փոխվում մեծ արագությամբ։ Վերջին քսան տարում գրեթե փոփոխություն չկա։ Ամրագրված չեն կոնկրետ հիվանդություններ։ Չկան ենթաօրենսդրական ակտեր։ Առկա են միայն բանավոր հայտարարություններ, որոնք արվել են առողջապահության նախարարի և սյլ պաշտոնյաների կողմից»,-ասաց Վարդանյանը։

Համակարգի լիարժեք գործելու համար, իհարկե, անհրաժեշտ են բավարար քանակի մասնագետներ, ենթակառուցվածքներ, հագեցված բուժկենտրոններ և պոլիկլինիկաներ։ Վարդանյանը կարծում է, որ այս առումով խնդիրներ են լինելու․«Արդյոք մենք ապահովագրական համակարգում ունենք բավարար քանակի մասնագետներ, առողջապահակական համակարգը բավականին փոքր շուկա է։ Մենք ունենք միայն մասնավոր ապահովագրական կազմակերպություններ, որոնք որոշակի սեգմենտալ խմբերով են զբաղվել, ու թերևս միայն նրանք փորձ ունեն ոլորտում, բայց իմ տեղեկություններով, դեռ ընդգրկված չեն նախագծում։ Իրենց հերթին որքանո՞վ են պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները պատրաստ ընդունել այս մարտահրավերը։ Չնայած, որ նրանք մասնավոր ապահովագրականների հետ աշխատելու որոշակի փորձ ունեն, բայց էլի չեն խուսափելու խնդիրներից։ Ո’չ պոլիկլինիկաների, ո’չ բուժհաստատությունների մակարդակը դեռևս նույնիսկ միջին չի կարելի համարել։ Խնդիրներ են լինելու ենթակառուցվածքների բավարարվածության ու որակյալ բուժօգնություն ցուցաբերելու առումով։ Լինելու է բավականին լուրջ պոլիկլինիկական ծանրաբեռնվածություն, որովհետև քաղաքացիների փաթեթը ակտիվանալու է միայն կանխարգելիչ բուժզննություն անցնելուց հետո։ Այդ հերթերի պայմաններում բարդ է լինելու արդյունավետ աշխատելը։ Գլխավոր հարցն այն է, թե այս պարագայում կանխարգելիչ բուժզննություններն արդյոք կատարելո՞ւ են իրենց բուն գործունեությունը վաղաժամ հայտնաբերելու և կանխարգելելո՞ւ են հիվանդությունները, թե՞ այն կրելու է միայն ֆորմալ բնույթ»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ