Պատերազմներ, շրջափակում, ադրբեջանական գերեվարություն հաղթահարած Լիանա Ավանեսովայի՝ Գյումրիում նոր կյանքը լի է խոչընդոտներով ու դժվարություններով | Region

Պատերազմներ, շրջափակում, ադրբեջանական գերեվարություն հաղթահարած Լիանա Ավանեսովայի՝ Գյումրիում նոր կյանքը լի է խոչընդոտներով ու դժվարություններով

Նոյեմբեր 26,2025 21:00

Ղարաբաղյան պատերազմների միջով անցած, երկու անգամ փախստական դարձած, Արցախի շրջափակման զրկանքները կրած, 2023-ին գերեվարված, Արցախի էթնիկ զտումից հետո Լիանա Ավանեսովն այժմ երրորդ անգամ է փորձում վերականգնել իր կյանքը։ Հիմա նա ապրում է Շիրակում, և ինչպես ինքն է ասում, ամեն օր  դժվարությունների է բախվում՝ աշխատանք գտնելուց մինչև բնակարանի վարձի վճարում։

RegionsTV-ի հետ զրույցում 53-ամյա Լիանա Ավանեսովան պատմում է իր ծանր ճակատագրի, մի քանի օր ադրբեջանական գերությունում բռնությունների ու 2023 թվականի աշնանը իրենց գյուղի՝ Սառնաղբյուրում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին։

«Ճակատագիրն ինձ բերեց Ջերմուկ»

Լիանան ծնվել է Բաքվում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը։ Նրա հայրը՝ Վլադիմիր Ավանեսովը, 1940-ականներին Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Բաքու, ամուսնացել լենինականցի Ռոզայի հետ ու ընտանիք կազմել։ Նրա հայրը աշխատել է «Վոենտորգ-11»-ում, իսկ մայրը՝ մանկապարտեզի բուժքույր էր։

Ընտանիքը Բաքվի հայերի ջարդերի ականատեսն է եղել, Լիանայի հայրը հատկապես վախենում էր դուստրերի համար, ավագն ի ծնե կույր էր։

Հայրը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները խմբերով հարձակվում հայերի վրա, ավերում նրանց տները, սպանում ու բռնություններ իրականացնում։ 1990 թվականին հայրը նախ Լիանային գաղտնի կերպով տարավ Երևան, որտեղ նրան երկու ամիս ապաստան տվեց մտավորական անծանոթ ընտանիք։ Ավելի ուշ, Բաքվում իրենց բնակարանը վաճառելուց հետո, ընտանիքը տուն գնեց Ջերմուկում և բնակություն հաստատեց այնտեղ։ Հայրը աշխատում էր որպես հյուրանոցի անվտանգության աշխատակից, Լիանան՝ որպես մատուցողուհի։

Հոր մահից հետո, նաև հանգստավայրի կլիմայի պատճառով Լիանան որոշեց տեղափոխվել Արցախ, որտեղ էլ, ինչպես ինքն է ասում, գտել է իր ճակատագիրը։ Նրա ամուսինը՝ Վալերիկ Սարգսյանն, Ասկերանի շրջանի Շոշ գյուղից էր: Այնտեղ Լիանան երեք երեխա է ունեցել: Հետագայում, աշխատանքի բացակայության պատճառով, ընտանիքը տեղափոխվել է նույն շրջանի Սառնաղբյուր գյուղ, որտեղ նրանք բնակարան են գտել: Չնայած կրտսեր որդու՝ Աշոտի առողջական խնդիրներին, Լիանան երջանիկ էր իր ընտանիքով:

Լիանան կրտսեր որդու ու դստեր հետ

«Երեխաներս վերապրել են երեք պատերազմ և մեկ շրջափակում»

«Երբ 2020 թվականին սկսվեց պատերազմը, իմ ավագ որդին` Վլադիմիրը պայմանագրային զինծառայող էր, բայց այդ օրը նա տանն էր։ Վլադիմիրը մեզ  տեղափոխեց Վեդի, ապա վերադարձավ կռվելու։ Պատերազմի ավարտից հետո նա մեզ նորից տուն բերեց։ Նոր տարվա նախօրեին, 44-օրյա պատերազմից հետո, ամուսինս մահացավ։ Մենք շարունակեցինք ապրել Սառնաղբյուրում, բայց կորցրեցինք ամեն ինչ, երբ ստիպված եղանք փախչել մեր հայրենիքից 2023 թվականի աշնանը։ Այս վերջին պատերազմը սարսափելի էր։ Ես տեսա դժոխք։ Ես հաճախ մտածում եմ. ինչպե՞ս չխելագարվեցի այս ամենից հետո»,-պատմում է Լիանան։

Հիշում է սեպտեմբերի 19-ը․ռուս խաղաղապահները չեկան սառնաղբյուրցիներին օգնելու

«Վլադիմիրը ռազմաճակատում էր, Աշոտը՝ տանը։ Ես և դուստրս՝ Ռոզան, փայտ էինք հավաքում. շրջափակում էր, էլեկտրաէներգիա գրեթե չկար, գազ էլ չկար։ Ժամը 11-ից հետո սկսեցին պայթել արկերը։ Դա բոլորովին այլ պատերազմ էր՝ ընդամենը մեկ օր, բայց աղետալի հետևանքներով»։

Լիանան երկար ժամանակ լուռ է, չի խոսում, կարծես վերապրում է այդ օրը։ Հետո սկսում է պատմել, թե ինչպես են գյուղացիները թաքնվել լանջին՝ մեծ ընկուզենու մոտ։ Անօդաչու թռչող սարքերը ռմբակոծում էին գյուղը, մարդիկ լաց էին լինում ու ճչում։ Ռումբերը ընկնում էին մոտակայքում։ Համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանի հայրն ու զոքանչը տեղում զոհվեցին, երկու անչափահաս եղբայրները՝ 10-ամյա Նվերն ու 8-ամյա Միքայել Ղազարյանը։ Լիանան ավելի ուշ իմացավ, որ նախագահի 19-ամյա որդին՝ Դավիթը, նույնպես զոհվել է։ Գարիկ Ալեքսանյանը զանգահարել է ռուս խաղաղապահներին, օգնություն խնդրել՝ շեշտելով․ «այստեղ վիրավորներ և մահացածներ կան», բայց մերժում է ստացել, խաղաղապահներն ասել էին, որ նրանք չեն կարող գալ առանց հրամանի։

Դժոխքի առաջին օրերը

«Տասնհինգ մարդ վիրավորվեց։ Բեկորային վիրավորում էր սատացել իմ դուստրը՝ այտը, լնդերը, պարանոցը, ոտքերը վնասվել էին։ Աշոտը նույնպես վիրավորվել էր՝  աչքը, ձեռքերը, ոտքերը, թոքերը․․․։ Նա անընդհատ հարցնում էր. «Կկորցնե՞մ աչքս»։ Երբ հրետակոծությունը մի փոքր դադարեց, համայնքապետ Գարիկ Ալեքսանյանը  վիրավորներին տարավ Ստեփանակերտ։ Գյուղում, որն արդեն շրջապատված էր թշնամու կողմից, մնացին միայն Լիանան, Գայանեն, (նա վիրավորվել էր որովայնից և ոտքից) և շաքարախտով հիվանդը տարեց մի կին՝ տիկին Ջեմման։  Նրանք երկու օր թաքնված մնացին համայնքապետի տանը։

Երրորդ օրը Լիանան գյուղում տեսավ ադրբեջանցի զինվորներին. նրանք ամբողջությամբ վերահսկողություն էին հաստատել գյուղի նկատմամբ։ Ադրբեջանցիները բռնագրավեցին փաստաթղթերը, խուզարկեցին տները և ամեն ինչ գլխիվայր շրջեց։

«Երբ նրանք մեզ տարնում էին, ես ճանապահին տեսա թալանված և ավերված տներ»,- հիշում է Լիանան։

Գերություն

Շարունակությունը՝ ճանապարհ դեպի Աղդամ։ «Նրանք մեզ ոչ մի օգնություն չցուցաբերեցին․ մեզ ջուր և ոչ  ուտելի թխվածքաբլիթներ տվեցին,  ամբողջ ընթացքում մեզ զենքի սպառնալիքի տակ պահեցին։ Նրանք ծաղրում էին մեզ, ծեծում, բայց չսպանեցին։ Լիպարիտին հատկապես դաժանորեն ծեծեցին։ Երբ բուժքույրը իմացավ, որ ես Բաքվից եմ, պահանջեց, որ ես երգեմ ադրբեջաներեն։ Հրաժարվեցի։ Մեզ հետ  ռուսերեն էին խոսում, ասացին՝ «մեր նախագահ Ալիևը մարդասեր է, հրամայել է չսպանել խաղաղ բնակիչների։ Եթե մեզանից կախված լիներ, մենք բոլորին կսպանեինք»»։

Ավելի ուշ հայտնվեց մի սպա, որը տիրապետում էր հայերենին։ Նրա ներկայությամբ գերիները վախենում էին միմյանց հետ խոսել իրենց մայրենի լեզվով։ Ադրբեջանցիները նկարահանել էին իրենց «բժշկական օգնություն ցուցաբերելու պահը»։ Ազատ արձակվելուց հետո Լիանան իմացավ, որ տեսանյութը հրապարակվել է Ֆեյսբուքում։

Հինգերորդ օրը գերիներին տեղափոխեցին Շուշի և հանձնեցին Արցախի փրկարար ծառայությանը։ Նրանց ժամանակավորապես տեղավորեցին Ստեփանակերտի շուկայի մոտ գտնվող դատարկ տանը։ Այնտեղ Լիանան առաջին անգամ լսեց, որ նրանք պետք է լքեն Արցախը։

Գերությունից  հետո

Ընտանիքը մեծ դժվարությամբ վերամիավորվեց։ Լիանան պատմում է, որ որդին՝  Վլադիմիրը, ամենուրեք փնտրել է նրանց։

«Նա իմ գերության մասին իմացել էր համագյուղացիներից, ովքեր տեսել էին տեսանյութը։ Նա քրոջը գտել է Ստեփանակերտի հիվանդանոցում, բայց անմիջապես չէր ճանաչել, բժիշկները վստահեցրել էին, որ բեկորները հեռացնելը վտանգավոր է։ Ռոզայի մարմնում դեռևս կան բազմաթիվ փոքր բեկորներ, դրան գումարած թունավոր խպիպը, որը Ռոզայի առողջական վիճակն էլի ավելի է վատթարացնում։ Կրտսեր ոսրդին՝ Աշոտի տեսողությունը մասամբ վերականգնվել է, բայց նրա  ձեռքերում ու ոտքերում դեռևս բեկորներ կան»,-նշում է Լիանան։

Ծանր զրկանքներից հետո նոր կյանքը ևս լի է խոչընդոտներով

Ընտանիքը փորձում է հաստատվել Գյումրիում։ Լիանան ասում է, որ այժմ իր հիմնական մտահոգությունները երեխաների առողջությունն ու մշտական ​​բնակարան գտնելն են Լիանան երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, աշխատում է շաբաթական ընդամենը երկու օր։ Նրա եկամտի մեծ մասը դեղորայքի ծախսն է։  Վարձակալած բնակարանում են ապրում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Լիանան վերջերս է իմացել արցախցիների համար նախատեսված ֆինանսական օգնության ծրագրի մասին։ Նա առցանց դիմում է ներկայացրել Հայաստանի  քաղաքացիություն ստանալու ու ​​բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար։ Սակայն նրա դիմումը մերժվել է։ Նրանից պահանջել են տեղեկանք ներկայացնել, որը կհաստատի, որ  Ջերմուկում բնակարան չունի։ Լիանան մտադիր է տեղեկանքի համար մեկնել Ջերմուկ, ֆինանսական խնդիրների պատճառով դեռևս չի կարողանում գնալ։

Որդին՝ 26-ամյա Վլադիմիրն այս տարի ամուսնացել է գյումրեցի Նաիրայի հետ։ Նա աշխատում է Երևանում, զույգն առաջնեկին է սպասում։

Լիանա Ավանեսովայի պատմությունը վկայում է ցավի, դիմադրողականության և անհավանական ուժի մասին։ Արցախցի փախստականների ճակատագրերը պահանջում են ուշադրություն, աջակցություն և մարդկասիրություն։ Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ նրանց աշխատանքի համար, ապահովել բնակարանով և հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմ, գերություն և տան ու սեփականության կորուստ վերապրած մարդկանց, որպեսզի իրենց կյանքը կառուցեն առանց հավելյալ դժվարությունների ու խոչընդոտների։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ