«Հրդեհը մոտեցել է, բայց դեռ չի մտել Դիլիջան ազգային պարկի տարածք»․Վարդազարյան
ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Վարդազարյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադառնալով վերջին օրերին մի քանի մարզերում բռնկված լայնածավալ հրդեհներին, ասաց, որ Գեղարքունիքի մարզում հրդեհի ահազանգը ստացվել էր նոյեմբերի 21-ին, փրկարար ծառայությունը մեծ թվով ուժեր ներգրավեց դեպքի վայր՝ հրդեհը կանխարգելելու համար:
Նրա տեղեկացմամբ՝ մոտ 1400 փրկարար ծառայող մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին։
«Հրդեհն արդեն իր տեմպերը թուլացրեց նոյեմբերի 22-ին, ինչը հնարավորություն տվեց մեր ուժերը տեղափոխել Տավուշի մարզ: Տավուշի մարզում արդեն երեկվանից ակտիվ աշխատանքներն ընթանում են, շուրջ 800 փրկարար է ներգրավված աշխատանքներում: Ունենք նաեւ ռեզերվ: Ներկա պահին իրավիճակը վերահսկելի է: Մենք ներգրավել ենք Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, որի միջոցով իրականացնում ենք հրդեհաշիջման աշխատանքներ»,-ասաց Վարդազարյանը:
Նա նշեց, որ ՆԳՆ-ն ներկայումս նման տեխնիկա ձեռքբերելու անհրաժեշտություն չունի, քանի որ դա համարվում է թանկ պահվող տրանսպորտային միջոց:
«Դեռևս մենք ունենք այլ մեթոդներ, որոնք փորձում ենք կիրառել նման դեպքերում ավելի արդյունավետ օգտագործելու օդային տրանսպորտը՝ անտառային հրդեհները մարելու համար: Փորձում ենք մոդիֆիկացնել եղած ուղղաթիռները՝ անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Նրանց մեջ փորձում ենք կահավորել հատուկ բաքեր, որոնք հնարավորություն կտան ուղղաթիռին ավելի մոտիկից իրականացնել հրդեհաշիջում»,-նշեց Վարդազարյանը։
Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրաված են ոչ միայն փրկարար ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, նաեւ էկոպարեկները, կամավորները, բնակչությունը, եւ ներկա պահին իրավիճակը վերահսկելի է, ուժերը՝ բավարար են․«Ըստ իմ տեղեկությունների՝ հրդեհը դեռ չի մտել Դիլիջան ազգային պարկի տարածք, մոտեցել է, բայց չի մտել»։
Նա տեղեկացրեց, որ հրդեհներ են բռնկվել նաեւ Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, դրանք այժմ մարվել են, մնացել է միայն Դիլիջանի տարածքի հրդեհը։
