Համաներումը մարդասիրական ակտ է ՔԿՀ-ում գտնվողների համար, բայց պետք է գնահատել նաև, թե այն որքանով է մարդասիրական ակտ ՔԿՀ-ից դուրս գտնվողների համար․ Գալյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողները Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հիշեցրին ՔԿՀ-ներում դատապարտյալների մահացության դեպքերը՝ նշելով, որ դեպքերն ավելացել են, երեկ էլ նման դեպք է գրանցվել՝ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքը կրող 67 տարեկան կալանավոր է մահացել, սա այս տարվա ընթացքում արդեն 22-րդն էր։ Սրբուհի Գալյանն ի պատասխան լրագրողների դիտարկմանը, խոսեց այդ դեպքերի հնարավոր պատճառներից․ «Մահերը տարբեր խնդիրների հետևանք են։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խնդիրը տարբերվող է։ Ունենք ինքնասպանության դեպքեր, ունեք ֆիզիոլոգիական մահեր։ Աշխատում ենք մի քանի ուղղությամբ։ Նախ, ինքնավնասման և ինքնասպանության հակված անձանց պարագայում փորձում ենք կանխել այդ դեպքերը»։
Նա վստահեցրեց, որ շատ շուտով կլինեն առանձին կահավորված խցեր, որտեղ կլինի ավելի փափուկ կահույք, ու ավելի քիչ հնարավորություն, նախարարի խոսքով՝ ֆատալ ելքով արարքներ կատարելու համար։
«Այդ խցերում կունենանք նաև տեսախցիկներ, որոնք կհսկեն ինքնավնասման հակում ունեցող անձանց վարքը։ Միանգամից ուզում եմ շեշտել, որ այս նորամուծությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ Մենք նաև հարցում ենք արել մեր գործընկեր եվրոպական պետություններին, թե ինչպես են իրենք պայքարում այս խնդրի դեմ։ Պատասխանը այն է, որ այլ լուծում, քան տեսախցիկներն են, չի կարող գոյություն ունենալ, որովհետև մենք չենք կարող խցում անձնական հսկողություն իրականացնել ֆիզիկական անձի մակարդակով, օրը 24 ժամ՝ կանխելու համար այդ վարքագիծը։ Առողջական խնդիրների բերումով մահերի հետ կապված էլ, ինչպես արդեն նշել եմ, կա կառավարության համապատասխան որոշման վերանայման կարիք, որը սահմանում է անհամատեղելիություն ենթադրող հիվանդությունների ցանկը։ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, ավարտին է մոտենում նաև հոգեբուժական խնդիրներ ունեցող անձանց հաշվառումը»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է համաներման խնդրին, նախարարն ասաց, որ դա իհարկե, իրավական գործիք է՝ չբացառելով դրա կիրառումը ապագայում․«Բայց այս պահին դա փոքր ինչ անհասցե է, որովհետև այն ֆիլտրը, որի միջով պետք է անցնեն անազատության մեջ գտնվող անձինք, բավականին լայն է։ Այդ պարագայում անհատական մոտեցում չկա, ու մեծ է վտանգը, որ այդքան մարդու հասարակությունում հայտնվելը գուցե ստեղծի խնդրային իրավիճակ։ Այո, սա մարդասիրական ակտ է այն անձանց համար, ովքեր գտնվում են ՔԿ հիմնարկի պատերից ներս, բայց պետք է գնահատել նաև, թե այն որքանով է մարդասիրական արարք այն մարդկանց նկատմամբ, որոնք գտնվում են ՔԿ հիմնարկի պատերից դուրս։ Եվ ուրեմն, միանշանակ է, որ պետք է լինեն այն գործիքները, որոնց միջոցով մարդիկ կհավակնեն ավելի վաղ պատժից դուրս գալուն, ինչի ուղղությամբ մենք գործուն քայլեր ենք իրականացնում»։
Նիկոլ Մարգարյան
