«Արդյունավետ հետաքննությունն առանց Բաքվի օգնության անհնար է»․Սահակյանն անհետ կորածների ճակատագրերի մասին
«Մենք, իհարկե, ունենք նաև գերիների չլուծված խնդիր, սակայն, եթե համեմատելու լինենք գոնե գերիների պարագայում մենք գիտենք նրանց գտնվելու վայրը։ Կա որոշակի աշխատանք, որի կատարումը կարող է հանգեցնել այս խմբի ազատ արձակման, իսկ անհայտ կորածների պարագայում մենք նրանց չենք կարող վերադարձնել, քանի դեռ չենք պարզել նրանց ճակատագիրը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նրա ներկայացմամբ՝ առանց արդյունավետ քննության, որոնողական գործողությունների ու համագործակցության՝ նրանք գտնվելու վայրի, վիճակի, ողջ կամ մահացած լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկություններ չկան ու սա անորոշություն է ստեղծում։
Սահակյանը նկատեց՝ այս անորոշությունն անհետ կորածների ընտանիքների համար հոգեբանական խոշտանգումների նման տառապանքներ է առաջացնում, և սա այն պնդիրն է, որը պահանջում է միջազգային արձագանք։
Նրա խոսքով՝ լիարժեք հետաքննություն անցկացնելու կարողությունների բացակայությունը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն է տիրապետում ապացույցների մեծ մասին, ուստի արդյունավետ հետաքննությունն առանց Բաքվի օգնության անհնար է։
Անդրադառնալով ներպետական խնդիրներին, Սահակյանը նշեց, որ հատկապես կարևոր է անհետ կորած անձանց կարգավիճակի հստակեցումը․«Որքան էլ որ Հայաստանի հանրապետությունը գտնվել է սառած կամ ակտիվ հակամարտության փուլում, սակայն Հայաստանում բացակայում է անհետ կորած մարդկանց իրավիճակը ամրագրող օրենք։ Որոշակի փորձեր արվել են 2000-ականներին, 2007-ին էլ նման նախաձեռնություն է եղել, սակայն այն, ցավոք, դրական արդյունք չի տվել»։
Սահակյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո էլ քննարկումներն ակտիվացել են, սակայն առանց օրենքի՝ պետության ջանքերը համակարգված չեն լինի։
Ըստ նրա՝ գործող օրենսդրությունում տարբեր դրույթներ կան, սակայն դրանք, այսպես ասած՝ ցրված են տարբեր օրենքներում․«Չկա կենտրոնական մարմին, որը պատասխանատու է այդ հարցերը լուծելու համար։ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ընդունի օրենք անհետ կորած անձանց կարգավիճակի մասին։ Անհրաժեշտ է միասնական պետական քաղաքականություն։ Օրենքի բացակայությունը հանգեցնում է գործնական խնդիրների՝ միասնական մոտեցման բացակայության պատճառով»։
Այս խնրդրի պատճառով է, որ երբ դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում նույնական գործերի նկատմամբ։
Նա ասաց, որ ներկայումս միջազգային դատարաններում քննվում են ընտանիքների ներկայացուցիչների դատական գործընթացներ, ինչը նշանակում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի ազդի անհատական բողոքարկումների վրա․«Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ տեսնել միջազգային իրավական մարմինների իրավական դիրքորոշումը, որը կծառայի որպես նախադեպ: Սա կօգնի Ադրբեջանի իշխանություններից քայլերի հասնել»։
