Հիբրիդային սպառնալիքնե՞ր, թե՞ քարոզչություն․ կարծիքներ քաղաքագետներից՝ ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին
2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Օրերս ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայատարարել է, որ ԵՄ-ն պետք է մտածի, թե ինչպես կարող է օգնել ՀՀ-ին՝ ընտրություններից առաջ։
«Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»,-Բրյուսելում ասուլիսի ժամանակ նշել է Կալլասը։ Նա հայտարարել է Հայաստանին հատկացվելիք 15 միլիոն եվրոյի մասին։
«․․․ Ռուսաստանը և իր պրոքսիներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում: Այսինքն՝ սցենարը նույնն է»,-նշել է Կալլասը:
Քաղաքագետներ Արմեն Վարդանյանի և Հրանտ Միքայելյանի հետ միասին մենք կփորձենք պարզել, թե ինչու է ԵՄ-ն ֆինանսական օգնություն տրամադրում Հայաստանին՝ հաջորդ տարվա հունիսին նախատեսված ընտրություններից առաջ։

Հրանտ Միքայելյան
Հրանտ Միքայելյանը կարծում է, որ եթե որևէ երկիր իր անվտանգությանը սպառնացող վտանգ է զգում, կարող է օգնության համար դիմել գործընկերներին, և դա ինքնին հանցանք չէ։ Նրա խոսքով՝ իրականում Հայաստանի պետականությանը կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգ չկա. հիբրիդային սպառնալիքների մասին խոսակցությունները պարզապես քարոզչություն են․«Սա աշխարհաքաղաքական գործընթաց է, և այս գումարը կօգտագործվի ԵՄ-ի օգտին, միջանցքի օգտին և Հայ Առաքելական եկեղեցու դեմ քարոզչության համար, այսինքն՝ դա կլինի քարոզչություն Հայաստանի գործող իշխանության օգտին»։
Միքայելյանը մտահոգություն հայտնեց, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները փորձում են Բրյուսելին ներքաշել երկրի ներքին քաղաքականության մեջ․«Մենք տեսնում ենք, որ դա աշխատում է: Փաշինյանը ԵՄ-ում է աջակցություն փնտրում՝ ընտրություններում հաղթելու համար, և որպեսզի Բրյուսելը լիովին հավանություն տա իր բոլոր ավտորիտար գործողություններին: Սակայն դա կվնասի Բրյուսելին, քանի որ կսկսի ընկալվել որպես ուժ, որը աջակցում է Հայաստանում ավտորիտարիզմին»։
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքները ընկալում է որպես Ռուսաստանից եկող և բոլոր հիբրիդային սպառնալիքները որակում է որպես այդպիսին։
«Իրականում Ռուսաստանից սպառնալիքներ կան, բայց ոչ թե Հայաստանի, այլ՝ ԵՄ-ի համար, որն այժմ ռազմական կամ արտաքին քաղաքական պայքար է մղում Ռուսաստանի դեմ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայում, Հայաստանում և շատ այլ երկրներում։ ԵՄ-ն փորձում է պայքարել Ռուսաստանի դեմ հայկական հողի վրա։ Այս գործընթացը որևէ ազդեցություն չունի հենց Հայաստանի վրա։ Ավելին, ներկայիս իրավիճակն ավելի վատ է. մենք ունենք ակնհայտ խնդիրներ ինքնիշխանության և մեր ներքին գործերին միջամտության հետ կապված»,-նշում է Միքայելյանը։
Նա նկատում է՝ Հայաստանի և Մոլդովայի միջև կա էական տարբերություն, սակայն Բրյուսելի տեսանկյունից տարբերություն չկա։ Ըստ նրա՝ Բրյուսելի տեսանկյունից պայքար է ընթանում արևմտյան և արևելյան ուժերի միջև, և ամեն ինչ կարելի է անել այս պայքարը խորացնելու համար․«Մոլդովայում արևմտյան ուժը Ռումինիան է, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ Թուրքիան։ Մոլդովայի համար Ռումինիայի հետ ինտեգրացիան, եթե դա տեղի է ունենա պաշտոնապես կամ փաստացի, հաստատ ողբերգություն չէ, այլ սա շատ հնարավոր օգուտ է։ Հայաստանի համար՝ հակառակը. Թուրքիայի հետ դարավոր թշնամանք կա։ Ընդ որում՝ եթե պատմությունը մի կողմ դնենենք, այժմ, երբ Թուրքիան և Ադրբեջանը այդքան շատ են խոսում խաղաղության մասին, նրանք շարունակում են վարել պատերազմի և Հայաստանը վերացնելուքաղաքականությունը։ Հայաստանին Արևմուտք-Արևելք միջանցքի թուրք-ադրբեջանական առանցքի մեջ մղելը աղետալի է Հայաստանի համար, բայց Բրյուսելի համար դա միևնույն է»։
Հրանտ Միքայելյանն առաջարկում է հաշվի առնել, որ արտաքին քաղաքականության յուրաքանչյուր ծառայություն ունի իր առաջնահերթությունները, և Հայաստանը ԵՄ առաջնահերթությունների ցանկում է, ինչպես Բրյուսելի պաշտոնյաները բազմիցս նշել են։
«Այս պահին Հայաստանը բավականին կարևոր և հարմար է Եվրամիության համար, ուստի այն անտեսում է մարդու իրավունքների խախտումները և Հայաստանում խիստ տեսանելի բռնաճնշումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցին որպես անկախ հաստատություն վերացնելու փորձերը։ Եվ սա պատահական շեղում չէ, այլ հայտարարված նպատակ։ Բրյուսելը փաստացիորեն աջակցում է ավտորիտարիզմին Հայաստանում, և, ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Հայաստանը Ռուսաստանի դեմ բուֆերային պետություն է»,-նշում է Միքայելյանը։

Արմեն Վարդանյան
Իսկ ահա քաղաքագետ Արմեն Վարդանյանն այլ տեսակետ ունի։ Նրա կարծիքով՝ հայ հասարակությունը խոցելի է ապատեղեկատվության նկատմամբ, և ԵՄ ֆինանսավորման մեծ մասը կուղղվի ապատեղեկատվության դեմ պայքարին։ «Ընտրությունների մոտենալուն զուգընթաց ապատեղեկատվությունն ավելի ու ավելի է տարածվում, և Եվրամիությունն ունի դրա դեմ պայքարելու գործիքներն ու փորձը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի և ԵՄ իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել դրա դեմ պայքարելու համար և պետք է լրջորեն աշխատեն՝ ապահովելու համար, որ կեղծ լուրերի տարածումը չազդի կամ լուրջ ազդեցություն չունենա ընտրական գործընթացի վրա»,-ասում է Վարդանյանը։
Վարդանյանը նկատում է՝ ապատեղեկատվությունը տարածվում է հիմնականում Ռուսաստանից, քանի որ ՌԴ-ն փորձում է փոխել կառավարությունը Հայաստանում և փորձում է ապալեգիտիմացնել այս ընտրությունները, և հենց այստեղից էլ գալիս է այս ապատեղեկատվության հոսքերի մեծ մասը։ Հայաստանը լավ գիտակցում է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստի, այլ կանի ամեն ինչ՝ ընտրական գործընթացի վրա ինչ-որ կերպ ազդելու համար։
Արմեն Վարդանյանը հիշեցնում է՝ Եվրամիությունը ստեղծել է արագ արձագանքման խմբեր՝ Մոլդովայի ժողովրդավարական ինստիտուտները պաշտպանելու համար հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։
Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է սովորի նաև ճիշտ ձևով պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ. «Խոսքը ժողովրդավարությունն օրինական միջոցներով պաշտպանելու մասին է, այլ ոչ թե հակաժողովրդավարական կամ անօրինական գործողությունների մասին»։
Նրա խոսքով․«Չնայած, Հայաստանը Մոլդովա չէ, ցավոք, կեղծ լուրերը տարածվում են Հայաստանում։ Ռուսաստանի ձեռաագիրը հետխորհրդային տարածքում չի փոխվում։ Այնտեղ, որտեղ իշխանության է իր համար անցանկալի կառավարություն, նա փորձում է ամեն գնով տապալել այդ իշխանությունը, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի միջոցով»։
Նրա կարծիքով՝ Հայաստանը որոշ առումներով պատրաստ չէ նման լայնածավալ սպառնալիքներին դիմակայելուն, նույնիսկ շատ զարգացած երկրներ պատրաստ չեն կիբեռհարձակումների, կեղծ լուրերի տարածման կամ հիբրիդային պատերազմի:
Վարդանյանն ասում է՝ այո, Հայաստանը պետք է օգտագործի Եվրամիության փորձը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում: «Մինչդեռ, ո՛չ մեր հետախուզական ծառայությունները, ո՛չ էլ մեր իրավապահ համակարգը չունեն անհրաժեշտ ներուժը: Հայաստանը չունի այդ խնդիրները միայնակ լուծելու կարողություն: Բնականաբար, եթե ունենար այդ կարողությունը, չէր դիմի Եվրամիությանը»,-հավելեց նա:
Սակայն Արմեն Վարդանյանը Հայաստանը չի համարում ժողովրդավարական երկիր, ասում է՝ Հայաստանը կիսաժողովրդավարական, կիսաավտորիտար պետություն է՝ խառը համակարգով։ Նրա խոսքով՝ երկրի ներսում տեղի է ունենում այլախոհության համակարգային հետապնդում. հետապնդվում են արքեպիսկոպոսներ, բարեգործներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ընդդիմադիր համայնքի առաջնորդներ, և Եվրամիությունը աչք է փակում իշխանությունների կողմից այս հետապնդման վրա։ Նա կարծում է, որ ԵՄ-ն կարող է կոշտ դիրքորոշում ընդունել աշխարհի մի մասում, բայց մյուսում՝ գործընկեր երկրի դեպքում կարող է ընտրողական վերաբերմունք դրսևորել այդ երկրում խախտումների վերաբերյալ։
Զաբելա Ավագյան
