TRIPP նախագիծ. Հայաստանի տարանցիկ ապագա՞ն, թե՞ նոր կախվածություն ԱՄՆ-ից և հարևաններից
Հունվարի 13-ին Վաշինգտոնում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել են TRIPP նախագծի իրականացման շրջանակը։
Ըստ այդ փաստաթղթի՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը (TRIPP Development Company), ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Երևանը վերահսկելու է ընկերության գործունեությունը։ Ընկերության կառուցվածքում ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն երկու կառավարությունների համաձայնությամբ։
TRIPP-ը, ինչպես նշված է փաստաթղթում միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
TRIPP-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:

Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ փաստաթուղթը բազմաթիվ հարցեր անպատասխան է թողնում, ինչը հիմք է ստեղծում տարբեր մեկնաբանությունների համար։ Պողոսյանն ուշադրություն է հրավիրում նաև անվտանգությանը վերաբերող ձևակերպումների երկիմաստության վրա։ «Կարծում եմ՝ սա հակասական փաստաթուղթ է այն իմաստով, որ մի կողմից խոսվում է ինքնիշխանության, իրավազորության մասին, մյուս կողմից շեշտվում «անխոչընդոտ կապը դյուրացնելու» մասին»,- RegionsTV-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը։
Պողոսյանի խոսքով՝փաստաթղթում հստակեցված չէ, թե ի՞նչ է նշանակում «անխոչընդոտ» և ո՞ր դեպքերում է համարվելու, որ առաջացել են խոչընդոտներ, ի՞նչ հետևանքներ կարող է դա առաջացնել և այլն․«Մյուս կողմից, կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել օգուտների մասին, նաև չափազանցված են տնտեսական օգուտների մասին հայտարարությունները, եթե չասեմ, որ դրանք առավելապես քաղաքական են»։
Քաղաքագետն անդրադառնալով ընկերության մասնաբաժիններին, ասում է՝ այս համատեքստում Հայաստանի համար դրական է, որ կլինի ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություն, բայց նույնիսկ այստեղ պարզ չէ, թե երբ Ադրբեջանը և Թուրքիան ամբողջապես կբացեն ճանապարհները․« Քաղաքական առումով թեպետ շատերը պնդում են, որ Հայաստանը կդառնա տարանցման կենտրոն, սակայն կարծում եմ այստեղ կա թյուրընկալում՝ փոխկապակցվածությունը, ինչը ցանկանում են Բաքվում, Հայաստանին առավել, քան խոցելի վիճակում կդնի՝ հանգեցնելով կախվածություն Թուրքիայից և Ադրբեջանից»։
Ըստ Պողոսյանի՝ մի կողմից փաստաթղթում խոսվում է Հայաստանի ինքնիշխանությունը չխախտելու մասին, բայց մյուս կողմից՝ կառուցապատման, շահագործման և եկամուտների հավաքագրման իրավունքները փոխանցվում են ԱՄՆ օպերատորին, և սահմանվում է ԱՄՆ վերահսկողություն Հայաստանի նկատմամբ։
Փաստաթղթում նշված է, որ Հայաստանը մտադիր է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել մի շարք բացառիկ իրավունքներ, այդ թվում՝ «ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից»։
Արա Պողոսյանն այս առնչությամբ ասում է․«Տարօրինակորեն շատ են նշվում «ինքնիշխանություն և իրավազորություն» տերմինները՝ մոտ 9 անգամ։ Սա ինդիկատոր է այն մասին, որ իրականում ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ կա իրական սպառնալիք, հակառակ պարագայում, եթե փորձենք գտնել համանման «տնտեսական նախագծեր», ինչպես օրինակ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի դեպքում է, դուք չեք տեսնի նման շեշտադրում, ինչը և այն մասին է՝ որ որևէ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային իրավազորության մասին մտահոգություն չկա։ Մեր պարագայում, ինչքան շատ են այս տերմիններն օգտագործում, այնքան իրական է վտանգը»։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ TRIPP նախագծում չպետք է լինեն այլ բաժնետերեր, բացի Երևանից և Վաշինգտոնից։ Նրա խոսքով՝ եթե առաջանա այլ բաժնետերերի ներգրավման հարց, ապա դա պետք է տեղի ունենա երկու երկրների համաձայնությամբ։ «Իմ դիրքորոշումն այն է, որ TRIPP-ը չպետք է ունենա այլ բաժնետերեր։ Բայց TRIPP-ը կապված է նաև այլ ենթակառուցվածքների հետ, մենք խոսում ենք Տրանսկասպյան միջանցքի մասին։ Դա ենթադրում է բազմաթիվ երկաթուղիներ, գազա- և նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր և այլն։ Այդ ենթակառուցվածքներում կարող են ներգրավված լինել տարբեր ներդրողներ»,– նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև հայտնել է, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է որոշում՝ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների հետ կապող երկաթուղիների վերականգնման հարցում։
Արա Պողոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը Ռուսաստանին՝ հնարավորինս շուտ վերականգնել Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման երկաթգծի հատվածները, առաջին հերթին քաղաքական նպատակ ունի։
«Ենթադրաբար հաշվարկն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն ի վիճակի չեն լինի ֆինանսական համապատասխան ներդրումներ կատարել և որոշակի ժամանակ անց ՀՀ իշխանությունները արդեն կունենան առիթ քննարկելու «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին տրված կոնցեսիայի ենթադրենք այդ հատվածը հետ կանչելու համար։ Դա հնարավորություն կտա ներքին կամ արտաքին ռեսուրսներ ներգրավելով՝ վերականգնել այդ հատվածների ամբողջականությունը»,-ասում է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է այն վտանգին, որը կարող է ներկայացնել Հայաստանի համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումը, Պողոսյանը նշում է՝ դեռ վաղ է խոսել ՌԴ–ԱՄՆ պայմանական հարևանության մասին այն իմաստով, որ դա կարող է առաջացնել բախում․«Վաղ, թե ուշ գլոբալ խաղացողները միասին որոշելու են նոր միջազգային իրավակարգը, ազդեցության գոտիները, ազդեցության գոտիներում գործունեության նպատակները և այլն։ Սա նշանակում է, որ ունենալով իշխող էլիտաներ, որոնք լայն առումով վարում են ռեակցիոն արտաքին քաղաքականություն, հիմնված երկու թշնամական երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ ներդաշնակվելու մարտավարության վրա, կարելի է ասել, որ Հայաստանը իներցիոն արտաքին քաղաքականություն է վարում, իր շահերի սպասարկման օբյեկտ դարձնելով ո՛չ թե ներքին պահանջը, այլ արտաքին պարտադրանքը»- ընդգծեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
Զաբելա Ավագյան
