«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարությունն «ղժժում է» մեր հանքափորների վրա»․գործադուլի 13-րդ օրն է, աշխատակիցներին արհամարհում են թե՛ պետական մարմինները, թե՛ կոմբինատի ղեկավարությունը
Արդեն 13-րդ օրն է՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 50-ից ավելի աշխատակից գործադուլ է անում։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում, ամբողջությամբ մարել աշխատավարձի պարտքերն ու տալ համապատասխան երաշխիքներ աշխատանքի անվտանգության վերաբերյալ։
Գործադուլ անողների մեծ մասը հանքափորներ են, նրանք պնդում են, որ հաճախ իրենց պարտականություններից ավելին են անում, հիմնական աշխատանքից բացի այլ աշխատանք էլ են անում, սակայն հավելյան վարձատրություն դրա համար չեն ստանում։ Ուստի հայտարարում են՝ իրենց աշխատավարձը համարժեք չէ կատարած աշխատանքին։
Նրանք նաև տարակուսած են՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում պղնձի գները բարձրացել են մի քանի անգամ, ընկերությունը մեծ շահույթ է ստանում, ինչո՞ւ իրենց աշխատողների վրա դա չի անդրադառնում։
Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը, որը զբաղվում է «Ախթալայի ԼՀԿ-ի» աշխատակիցների իրավունքների պաշտպանությամբ, ևս պնդում է, որ հանքափորներն աշխատում են վտանգավոր պայմաններում։

RegionsTV-ի հետ զրույցում Էդուարդ Փահլևանյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով արդեն երկու անգամ ծանուցել են գործատուին, որպեսզի նա բանակցի, կամ խնդրի լուծման տարբերակ առաջարկի, սակայն ընկերության ղեկավարությունն անտեսում է աշխատավորների պահանջը, ու դուրս չի գալիս բանակցությունների։
Նա հայտնեց, որ արհմիությունը խնդրի առնչությամբ արդեն դիմել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
«Սպասում պատասխանին, որպեսզի կարգավորվի այս ոչ նորմալ իրավիճակն ու վերանայվեն աշխատողների աշխատանքային պայմանները, որոնք ներկայումս անհամատեղելի են նրանց կյանքի և անվտանգության հետ: Մեր մյուս պահանջն, իհարկե, աշխատավարձերի բարձրացումն է»,-ասաց Փահլևանյանը։
Նա նաև ասաց, որ որ գործատուն հանքափորներին աշխատանքից ազատելու մասին ծանուցումներ է ուղարկել՝ երեք ժամից ավելի աշխատանքի վայրից բացակայելու հիմնավորմամբ, իբրև թե խախտել են իրենց պարտականությունները․« Այնինչ, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, նաև Սահմանադրությամբ շեշտված է հետևյալը. եթե աշխատավայրում առկա է կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ, այդ մասին տեղյակ է գործատուն, ու քայլեր չի ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար, աշխատակիցները իրավունք ունեն դադարեցնելու աշխատանքը: Ներկա իրավիճակը հենց այդպիսինն է: Մենք պատրաստվում ենք դատական կարգով բողոքարկել այս որոշումը՝ անմիջապես գերատեսչություններից պատասխան ստանալուց հետո»:
Փահլևանյանի ներկայացմամբ՝ գործադուլավորների հետ երեկ հանդիպել է հանքի պետը, ու ընդամենն առաջարկել է բաղնիք կառուցել աշխատակիցների համար՝ աշխատանքները վերսկսելու պայմանով․«Սա զավեշտ է, ուղղակի ծիծաղելի առաջարկ։ «Այստեղ այլ բացատրություն լինել չի կարող, քան այն, որ ղեկավարությունը ուղղակի «ղժժում է» մեր հանքափորների վրա»։
Արհմիության նախագահը վստահեցրեց՝ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:
Ուշագրավ է, որ կոմբինատի ղեկավարությունն այս խնդրի առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, մինչդեռ, հիշեցնենք, որ գործադուլն արդեն տասը օրից ավելի է շարունակվում է։

Ընկերության ֆեյսբուքյան էջում սակայն աշխատանքի հրավերի մասին հայտարարություն է տեղադրվել հունվարի 20-ին։
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար։
Կայուն աշխատանք
Մրցունակ աշխատավարձ»,-գրված է ԼՀԿ էջում։
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը սոցիալական ցանցում ևս անդրադարձել է խնդրին․«․․․Որևէ պետական լիազոր կառույց չենք տեսել, որ արձագանքի, միջամտի և փորձի խնդրին լուծում տալ։ Ինչ է ստացվում՝ մենք չունե՞նք համապատասխան լիազոր մարմիններ։ Հավանաբար ունենք, ուղղակի նրանց լիազորությունները կամ առաքելությունը չեն համապատասխանում սոցիալական պետության համար նախատեսված ձևաչափին։
Ըստ էության, պետական մակարդակով այս մարդիկ միայնակ են, և այդ անլուծելի խնդրի մեջ կա երկու լուծում․ կամ գնալ աշխատել՝ առանց պահանջների բավարարման, կամ ազատվել աշխատանքից, և այս դեպքում օրենքի ուժը կա և գործում է, կարծես։
Ըստ էության, պետական ինստիտուտների մակարդակում այս մարդիկ միայնակ են, և այդպես է եղել այս ոլորտում միշտ։ Անհատական պետական պաշտոնյաների կամ ՏԻՄ ներկայացուցիչների միջամտությունները չենք հաշվում․ մենք խոսում ենք պետական գործուն ինստիտուտների և մեխանիզմների մասին»։
Լուսանկարները Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից
Նիկոլ Մարգարյան
