Հայաստանի եվրոպական հեռանկարները
-Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հեռանկարների վերաբերյալ
– Հնարավո՞ր է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից:
– Եվրախորհրդարանի բանաձևը բխում է Արցախի շահերից։
Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունել է «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ առավել սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը՝ կոչ անելով ամրապնդել ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի հետ՝ առաջարկելով դիտարկել Երեւանին միության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը: «Կողմ» է քվեարկել 504 եվրապատգամավոր, «դեմ»՝ 4-ը, «ձեռնպահ»՝ 32-ը:
Եվրախորհրդարանը Հայաստանը համարում է տարածաշրջանի առաջատար ժողովրդավարություն, որը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, ընդլայնել ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի, Հունաստանի և ԵՄ այլ անդամ պետությունների հետ: Եվրախորհրդարանն իր բանաձևով, ըստ էության, ողջունում է Հայաստանի ցանկությունը՝ ամրապնդել և առաջնահերթ դարձնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այսպիսով, Եվրամիությունը գտնում է, որ պետք է օգնի Հայաստանին ավելի ամուր տեղ զբաղեցնել ժողովրդավարական հանրությունում:
Հայաստանի ղեկավարությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն պետք է դառնա հանրային քննարկման առարկա՝ նշելով, որ կառավարությունը քաղաքական կամք ունի շարունակելու համագործակցությունը Եվրամիության հետ: Բանաձևը դրական է գնահատել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին փաստաթղթի ընդունման համար՝ այն համարելով կարեւոր քայլ:
Կան մի շարք կարևոր կետեր, որոնք չի կարելի հաշվի չառնել Հայաստանի եվրոպական հեռանկարները գնահատելիս։ Առաջին հերթին պետք է նշել, որ Եվրախորհրդարանի բանաձևերն իրավական ուժ չունեն և խորհրդատվական բնույթ են կրում։ Եվրախորհրդարանը լուրջ ազդեցություն չունի ԵՄ գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների վրա։ ԵՄ անդամ դառնալու համար պետությունը, տվյալ դեպքում Հայաստանը, պետք է համապատասխան հայտ ներկայացնի։ Դրանից հետո Եվրոպական խորհուրդը պետք է հանձնարարի Եվրոպական հանձնաժողովին՝ եզրակացություն տալ: Եթե եզրակացությունը դրական է, ապա այն կրկին փոխանցում են Եվրախորհրդին, իսկ հետո արդեն ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները պետք է միաձայն որոշում ընդունեն երկրին թեկնածուի կարգավիճակ տալու մասին:
Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Թուրքիան և մասամբ ճանաչված Կոսովոն (Պրիշտինան հայտ է ներկայացրել, սակայն թեկնածուի կարգավիճակ չունի): Շատ երկրներ արդեն ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, որոշները՝ տասնամյակներ, օրինակ՝ Թուրքիան։
Ի դեպ, ԵՄ անդամ թեկնածու երկրների զգալի մասն այդ կարգավիճակը ստացել է միայն ասոցացման համաձայնագրի (DCFTA) ստորագրումից հետո։ Դրանք են մասնավորապես Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ Ասոցացման համաձայնագիրն այդ երկրները ստորագրել են 2014 թվականին, իսկ թեկնածուի կարգավիճակ Ուկրաինան և Մոլդովան ստացել են 2022 թվականին, Վրաստանը՝ միայն 2023 թվականի վերջին։ Բայց այդ որոշումներն էլ ընդունվել են ուկրաինական իրադարձությունների արդյունքում։ Եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ապա իրականացման գործընթացը երկար տարիներ կտեւի։ Ի դեպ, ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, ուժի մեջ է մտել միայն 2021 թվականին:
Սակայն Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Դժվար թե Երևանին թեկնածուի կարգավիճակ շնորհվի, քանի դեռ նա դուրս չի եկել ԵԱՏՄ կազմից։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը լինելու է երկարատև գործընթաց և ունենալու է ծայրահեղ ծանր տնտեսական և քաղաքական հետևանքներ երկրի համար։
Հարկ է նշել, որ Եվրախորհրդարանի բանաձևն ընդունվել է Մոսկվայի նկատմամբ Երևանի քննադատական հայտարարությունների ֆոնին: Մասնավորապես, Հայաստանը նախազգուշացրել Է ՀԱՊԿ-ում մասնակցության հնարավոր սառեցման մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամիսներ առաջ Մոսկվան «բացահայտ կոչ է արել հայ բնակչությանը՝ տապալել իշխանությանը»: Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանին զգուշացրել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների առաջիկա դուրսբերման մասին: Մոսկվան, իր հերթին, Երևանի հայտարարությունն անվանել է հակաարդյունավետ հռետորաբանություն և մեղադրել արևմտյան երկրներին Հայաստանի վրա ճնշում գործադրելու մեջ: Ավելին, Մոսկվան կարող է փորձել տարբեր սպառնալիքներ օգտագործել Երևանի դեմ՝ պատժելու նրան անկախ քաղաքական և ռազմավարական ընտրության համար։ Այդ դեպքում ԵՄ-ն պետք է պատրաստ լինի «օպերատիվ օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ բացասական հետեւանքները մեղմելու համար»։ Հայաստանն այժմ կանգնած է անվտանգության շատ լուրջ մարտահրավերների առջև։
ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում արդիական թեմաներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է։ ԵՄ-ն ցանկություն ունի Հայաստանի հետ քննարկել վիզաների հարցը, բայց ոչ ոք չի կարող ասել, թե որքան կտևեն այդ բանակցությունները։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդին ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտմանը ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության ոլորտներում:
Բանաձևը դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և որոշ մասերի շարունակական օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը: Եվրախորհրդարանի անդամները մտահոգված են Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց հայտարարություններով, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավին միացնող արտատարածքային միջանցքի ստեղծման պահանջները: Բանաձևում ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անհատների և կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Հայաստանի և Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում հիշատակվում է սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, որի հետևանքով տեղի ունեցավ հանրապետության բնիկ բնակչության զանգվածային արտագաղթ: «2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Լաչինի միջանցքի իննամսյա ապօրինի շրջափակումից հետո, անտեսելով 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրում ներառված իր պարտավորությունները և Միջազգային դատարանի որոշումը, Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածների վրա, որոնք դեռևս նրա վերահսկողության տակ չեն գտնվում։ Հայերը ստիպված են եղել լքել այդ տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ զրկվել է իր հայ բնակչությունից, որն այնտեղ ապրել է դարեր շարունակ», – նշվում է փաստաթղթի տեքստում եւ ընդգծվում, որ դա կարող է հավասարազոր լինել էթնիկ զտմանը: Բանաձևում նաև նշվում է, որ Ադրբեջանում նախկինի պես պահվում են հայ գերիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, նրանցից մի քանիսի հետ «հարցազրույցներ» են անցկացվում, և ի ցույց են դրվում՝ ի հեճուկս 1929 թվականի Ժնևյան կոնվենցիաների։
Եվրոպան կոչ է անում Բաքվին ազատ արձակել և «համաներել» Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, որոնք շարունակում են կալանքի տակ մնալ Ադրբեջանում: Փաստաթղթում նաեւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով Միջազգային դատարանի բոլոր որոշումների ամբողջական, անհապաղ եւ արդյունավետ կատարմանը: Բանաձևում նաև խոսվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարևորության մասին և լուրջ մտահոգություն է հայտնվում դրա ոչնչացման, վանդալիզմի և պղծման կապակցությամբ: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում անհետացման եզրին գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության համար:
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին նստել բանակցելու արցախահայության, նրանց ղեկավարության և միջազգային ներկայության հետ և ապահովել նրանց վերադարձը իրենց տներ, իրենց հողեր։ Այսօր շանս կա իրականություն դարձնելու արցախահայության՝ իրենց տները վերադարձնելու հարցը։ Եթե ՀՀ իշխանությունները մտափոխվեն կամ նոր իշխանություններ հայտնվեն, որոնք այդ հարցը կմտցնեն օրակարգ՝ հիմնվելով Եվրախորհրդարանի այդ դրույթների վրա, մենք հնարավորություն կունենանք ինչ-որ բան վերականգնել և, այո՛, միջազգային երաշխիքներով ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը»:
Եվրախորհրդարանի մի խումբ անդամներ կոչ են արել ԵՄ առաջնորդներին ակտիվ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: «Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծավալված մարդկային ողբերգությունը՝ մենք կոչ ենք անում եվրոպական մակարդակով կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի հայկական մշակութային և կրոնական հարուստ ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար, վերջնաժամկետ սահմանել, որի ընթացքում Ալիևի ռեժիմը թույլ կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել տարածաշրջան, ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնք կերաշխավորեն նրանց անվտանգությունը, պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ՝ Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների համար, աջակցել Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության օբյեկտներից յուրաքանչյուրում շուրջօրյա հսկողության տեսախցիկների տեղադրմանը, որպեսզի իրական ժամանակի ռեժիմում վերահսկեն այդ օբյեկտներն աշխարհի ցանկացած կետից, որպեսզի կանխեն հետագա ոչնչացումը»,- ասվում է նամակում, որը ստորագրել է շուրջ 50 պատգամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Շվեդիայից, Նիդեռլանդներից, Բուլղարիայից, Իտալիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Հունաստանից, Լիտվայից, Հունգարիայից, Խորվաթիայից, Չեխիայից և Սլովենիայից:
Ադրբեջանի նախագահն իր ելույթներում մշտապես ընդգծում է, որ աշխարհում Ադրբեջանի դերն աճել է էներգակիրների մատակարարման առումով: Նման իրողությունները, հնարավոր է, ներշնչել են Ալիևին, որ այդ կերպ կարելի է ստիպել Եվրոպային աչք փակել ռասիստական, ագրեսիվ հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք իրականացվում են վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:
Եվրախորհրդարանի բանաձևում հայտարարվում է, որ հնարավոր են նպատակային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ: Սա իսկապես կարող է զսպող գործոն լինել ադրբեջանական ռեժիմի համար, բայց արդարացի կլիներ, եթե բռնապետական ու ցեղասպան ադրբեջանական ռեժիմը պատժվեր արդեն իսկ գործած հանցագործությունների համար:
Վերջում Եվրախորհրդարանը քննադատել է Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության որոշ ղեկավարներին, որոնք շնորհավորել են Ալիեւին նախագահ «վերընտրվելու» կապակցությամբ եւ Ադրբեջանին հուսալի գործընկեր են անվանում:
Զաբելա Ավագյան