Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն | Region

Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն

Հոկտեմբեր 14,2025 12:07

Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն։ Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում հրապարակվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի գրավոր հայտարարությունը Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարման էմբարգոյի վերացման և երկու երկրների հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Կովկասում տեղի են ունեցել նշանակալի զարգացումներ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում գրանցված պատմական առաջընթացով։

Հայտարարութան մեջ նաև նշվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև ստորագրված համատեղ հռչակագրի մասին։

«Այս հռչակագիրը ներառում էր համատեղ կոչ՝ լուծարելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը և պարտավորություն՝ ապահովելու անխոչընդոտ կապը Ադրբեջանի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մեծ Բրիտանիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այս զարգացումները կարևորագույն պահ են տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերում»,-ասվում է հայտարարության մեջ։

Պետնախարարը նաև ընդգծել է, որ սրանով պայմանավորված՝ երկիրը որոշում է կայացրել ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ:

«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում արձանագրված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից վերջերս Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները, Բրիտանիան կարծում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը «զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումները Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտական գործողություններին մասնակից ուժերին» անհետանում է:

Այսպիսով, ՄԹ-ն ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն։ Այս որոշումը թույլ կտա ՄԹ-ին անվտանգության և պաշտպանության գործընկերության շրջանակներում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ զարգանալ արագ փոփոխվող համատեքստում և աջակցել իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ի պատասխան այլ պետությունների և ոչ պետական սուբյեկտների սովորական և հիբրիդային սպառնալիքների»,-նշվում է պետնախարարի հայտարարությունում։

Մեծ Բրիտանիան, ինչպես ասվում է հայտարարությամբ․ ուշադիր կհետևի տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, և որ բարենպաստ պահ է հաստատվել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար:

«Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և ակտիվ դեր խաղալու այս բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,-ասվում է հայտարարությունում

 

Նորություններ