Զորաց քարեր․ դեռ ինչքա՜ն գաղտնիքներ կան թաքնված խորհրդավոր այս մեգալիթների տակ

Քարահունջ կամ Զորաց քարեր կոչվող հնագույն մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հեռավորության վրա։ Համալիրը բաղկացած է բազմաթիվ ուղղահայաց քարերից, որոնց մեծամասնությունն ունեն անցքեր:
«Հայկական Սթոունհենջը» տասնամյակներ շարունակ եղել է գիտնականների ուսումնասիրության առարկա: Կան ենթադրություններ, որ մ.թ.ա. VI-IV հազարամյակներում Քարահունջը եղել է հնագույն աստղադիտարան, որտեղ կատարվել են մոլորակների ծագումների և լուսաբացների ու մայրամուտների դիտումներ:
Ըստ որոշ մեկնաբանությունների, Զորաց քարեր անվանումը նշանակում է «աստղերի քարեր» կամ «աստվածների քարեր»: Մեկ այլ մեկնաբանությամբ՝ Զորաց քարեր նշանակում է «Զորավոր քարեր»՝ ընդգծելով մեգալիթների էներգետիկ ուժն ու հզորությունը։
Ավանդության համաձայն՝ քարակույտերի տակ թաղված են զորավարների, իսկ ուղղահայաց քարերի տակ՝ զինվորների մարմինները:
1990-ականներին ակադեմիկոս Պարիս Հերունին հուշարձանն անվանել է Քարահունջ։ Գիտնականն ընդգծում է, որ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարում հիշատակել է մոտակայքում գտնվող Քարունջ անունով գյուղ։ Հերունին քարերը համարում է հնչող կամ խոսող՝ համեմատելով այն Սթոունհենջի անվան հետ, որը նույնպես նշանակում է «Խոսող քարեր»։ Նմանատիպ կառույցներ կան նաև Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և այլ երկրներում։
Տարբեր հետազոտողների մոտ որոշ կարծիքներ համընկնում են, սակայն հակասություններն առավել շատ են:
20-րդ դարի սկզբին եվրոպացի մի շարք գիտնականներ պնդում էին, որ աշխարհի առաջին աստղագիտական դիտարկումները և համաստեղությունների բաժանումը կատարվել են Հայկական լեռնաշխարհում։