«Մեր կնիկներն էլ իրան են նայում, ուզում դուրս գան, էդ լավ չի մեր համար։ Բա որ գնում ես էդ ժողովին, բա երեխեքը, բա պատուհանները»․Լոռիում կանանց առաջնորդությունը խոչընդոտների է բախվում | Region

«Մեր կնիկներն էլ իրան են նայում, ուզում դուրս գան, էդ լավ չի մեր համար։ Բա որ գնում ես էդ ժողովին, բա երեխեքը, բա պատուհանները»․Լոռիում կանանց առաջնորդությունը խոչընդոտների է բախվում

Հոկտեմբեր 12,2025 19:46

Չնայած այն հանգամանքին, որ ավագանու նիստերի ժամանակ հարց տվողները, առաջարկներ ներկայացնողները հիմնականում կանայք են, Լոռու մարզում համայնքի կին ղեկավարներ առհասարակ չկան: «Սպիտակի Հելսինկյան խումբ» հասարակական կազմակերպության 2025 թվականի մարտ-հուլիս ամիսներին  իրականացրած հետազոտությունը պարզել է՝ Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքներում հատուկենտ հանդիպում են համայնքապետի կին տեղա­կալներ։ Եվ, ըստ էության, քվոտայի հաշվին ավագանու կազմում կանանց ներգրավ­վա­ծու­թյունն ապահովվում է հիմնականում ձևական։ Ընդ որում, թեև ղեկավարները տղամարդիկ են, բայց աշխատանքի մեծ մասը կանայք են կատարում։

Հետոզությանը մասնակցել  են Լոռու մարզի 25-64 տարեկան 491 կանայք։ Ուսումնասիրվել են ամենատարբեր ոլորտները, որոնցում կանայք ներգրավվածության խնդիրներ են ունենում:

Հետազոտությունից այս անգամ կներկայացնենք քաղակական մասնակցության/առաջնորդության և գենդերային ոլորտներին վերաբերող ամփոփ տվյալները։

Քաղակական մասնակցություն/առաջնորդություն

Խորին հարցազրույցի մասնակիցների կարծիքները,  ղեկավար դերերում կանանց ներկայացվածության վերաբերյալ բաշխվել են տարբեր կերպ.

Հարցվողների 55%-ը կարծում է, որ իրենց համայնքում կանայք հավասարա­պես ներկայացված են ղեկավար դերերում, մինչդեռ 45%-ը համաձայն չէ այս պնդման հետ։ Միևնույն ժամա­նակ նրանցից 96%-ը կցանկանար, որ իրա­վիճակը հավասարվեր, և միայն 4%-ն է դեմ արտահայտվել դրան։

Հարցմանը մասնակցած կանանց  29%-ը կարծում է, որ ավագանու կին անդամները լիովին ինքնակամ են ընտրել այդ ուղին, 32%-ը տվել է չեզոք պատասխան, 20%-ն էլ համարում է, որ կանայք հիմնականում ինքնուրույն են որոշել ավագանու անդամ դառնալ:  8%-ը նշել է, որ ընտրությունը որոշակիորեն եղել է այլ մարդկանց ազդեցությամբ պայմանավորված, իսկ 11%-ը վստահ է, որ այդ որոշումն ամբողջությամբ եղել է բոլորովին այլ մարդկանց ազդեցությամբ։

Հետազոտության համաձայն՝ կանանց մի մասը դեռ խուսափում է որոշումների կայացման պատասխանատվությունից՝ կնոջը վերապահելով մասնավոր կյանքի տիրույթը։ Թեև կան կանայք, որ ցանկանում են կին ղեկավարներ ունենալ, որոնք կլինեն ավելի էմպաթիկ, իրենց իրավիճակն ու հիմնախնդիրները լավ կպատկերացնեն, կհասկանան, իրենց դրության մեջ կմտնեն, բայցևայնպես ո՛չ իրենք անձամբ են ընտրում քաղաքական ոլորտը, ո՛չ էլ իրենց մերձավոր կանանց են խորհուրդ տալիս։

Հարցված կանանց 58%-ը երբեք չի մասնակցում համայնքի հանդիպումներին և որոշումների կայացման գործընթացներին։ «Հազվադեպ» տար­բերակն ընտրել է հարցված կանանց 19,5%-ը նշել է, որ հազվադեպ է մասնակցում համայնքի որոշումների կայացման գործընթացին։

Ըստ հարցազրույցի մասնակիցների՝ կնոջ առաջնորդական նկրտումներին կարող են խոչընդոտել հետևյալ հանգամանքները. ընտանեկան հոգսը՝ 25%, ընտանիքի արգելքը՝ 22%, սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը 20%, հասարակության քննադատություններն ու կարծրատիպերը 16%:

Կնոջ առաջին խոցելի տեղը ընտանիքն է․այսպիսի կարծիք է հայտնել հարցծաների մեծ մասը։ Նրանք գտնում են, որ եթե ընտանիքը պատրաստ է աջակցել, ապա կնոջ մոտ կստացվի։ Ամուսնու աջակցությունը թույլ է տալիս կնոջը հաղթահարելու հասարա­կու­թյան կողմից պարտադրվող կարծրատիպերը․ «Բայց ի՞նչն ա վատ անում, հլը տեսեք՝ էսքան լիքը լավ բան ա անում, էսքան աղջիկ կրթվում ա, և այլն»։

Այդուհանդերձ, հասարակության մի ստվար զանգված արունակում է դիմադրել կնոջ՝ հանրային կյանքի ակտիվությանը: Մասնակիցները նրանց կողմից բարձրացվող մի քանի պատճառներ են նշում. «Մեր կնիկներն էլ իրան են նայում, իրանք էլ են ուզում դուրս գան, բայց էդ լավ չի մեր համար», կամ ասում են .«Բա որ գնում ես էդ ժողովին, բա երեխեքը, բա պատուհանները, բա էս չես արել, էն չես արել և այլն»:

Հաճախ կանանց քաղաքական մասնակցության մոտիվացիայի նվազման վրա ազդում է նաև իրենց ձայնը լսելի չլինելը։ Եթե հանրային լսումներ են կամ կարծիք­ների ուսումնասիրություն՝ ապա դրանք խիստ ձևական բնույթ են կրում։ Սա բերում է խոր հիասթափության և այն համոզմունքին, որ «կինը քաղաքականության մեջ չի կարող անընդհատ գլխով հարվածել պատին»։ 

 

 

Հետազոտության հեղինակները նկատում են՝ վարչական փոփոխությունները ևս նոր խոչընդոտներ են ստեղծել կա­նանց՝ տեղական ինքնակառավարման համակարգում մնալու/լինելու առումով։ Նախ, որոշ համայնքներում կին ղեկավարներն այլևս դադարեցին լինել ղեկավար` համայնքների խոշորացման պատճառով։ Բացի այդ՝ լոգիստիկ դժվարությունների պատճառով չեն կարողանում լիարժեք մասնակցություն ապահովել համայնքապե­տա­րանի/ավագանու նիստերին։

Քաղաքական մասնակցության պարագայում ևս մեկ խոչընդոտ կարող է լինել՝ թիրախավորվելու վախը` հատկապես սոցիալական ցանցերում, որի պատճառով ընտանիքում կարող են առաջանալ մեծ խնդիրներ, տան տղամարդիկ խառնվեն, և ամեն ինչ բացասական ուղղությամբ զարգանա` վերածվելով կռիվների, երբեմն նաև  թշնամանքի։

Ըստ հեղինակների՝ շատ հաճախ կանանց քաղաքական մաս­նակցությանը խոչընդոտում են կողմ­նակի ճանապարհներով լծակները՝  օգտագործելով տար­բեր կապերը, որպեսզի տվյալ դիրքում լինի ավելի ենթարկվող, չխոսող, չխանգարող թեկնածու և կատարի իրենց որոշում­ները․ «Ես նախկին ավագանու կազմում էի, էս մեկում էլ էին առաջադրել, վերջին պահին հանեցին»։ «Նախորդ անգամ աշխատում էին, որ ես չընտրվեմ, ու ես մեկ ձայնի տարբերությամբ եմ ընտրվել։ Ու ես էդ օրը հասկացել եմ մեկ ձայնի ուժը։ Էն որ ասում են՝ իմ քվեն ի՞նչ ա փոխելու, ասում եմ՝ չասեք, ես իմ օրինակով գիտեմ, որ փոխում է»։

«Ազգային փոքրամասնության կին ներկայացուցիչներն իրենց ազգային ավան­դույթների առանձնահատկությամբ պայմանավորված՝ ենթարկվում են հայր­իշխանական համակարգին. տղամարդիկ կամ իրենց հոգևոր առաջնորդն ինչպես ասեն՝ այդ կանայք այդպես էլ կվարվեն»,-նշված է հետազոտության մեջ։

Իսկ ահա հաշմանդամություն ունեցող կանայք գերազանցապես զրկված են հնարավորու­թյուններից։ Եթե նրանք ցանկանան ավագանու անդամ լինել, նույնիսկ հասարակ ընտրու­թյուն­ների գնալը միջավայրային խոչընդոտների առաջ է կանգնեցնում նրանց։ Շատերին խանգարում է նաև հասարակության կարծրատիպային մոտեցումը և դրանից ածանցվող մեծ կասկածամտությունը․ «Եթե կա առողջական խնդիր, ո՞նց կարա համայնքային աշխատանքներ իրականացնի»։ 

Երիտասարդ տարիքում ղեկավար պաշտոնի նշանակվելիս ևս միանգամից բարձրանում է քննադատության ալիք՝ փորձառություն չունի, բավարար հասուն չի։  Սրա հետևանքով շատ երիտասարդներ կորցնում են համայնքում որոշումների կայացման դիրք զբաղեցնելու մոտիվացիան։

Արցախից տեղահանվածների նկատմամբ, ըստ հետազոտության, թեև յուրահատուկ դրական վերաբերմունք կա, Լոռու մարզում նրանց նկատմամբ խիստ հոգատար են և աջակցող, սական Արցախից տեղահանված կանանք քաղաքական ոլորտում ակտիվություն դեռևս չեն դրսևորում։

 

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ