Ստորագրվեց Գազայում հրադադարի համաձայնագիրը

Իսրայելի և «Համաս»-ի միջև գերիների փոխանակումից հետո համաշխարհային առաջնորդները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը։
AlJazeera-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի առաջնորդները ստորագրել են փաստաթուղթ, որն, ըստ Թրամփի, «սահմանելու է կանոններն ու կարգավորումները»։
«Համաս»-ը և Իսրայելը գերիների փոխանակման համաձայնագիր են կնքում՝ Գազայի հրադադարի համաձայնագրի շրջանակներում։ Այս համաձայնագրով ազատ են արձակվել իսրայելական բանտերում պահվող մոտ 2000 պաղեստինցի և Գազայի հատվածում պահվող 20 իսրայելցի գերիներ։
Պաղեստինցիները շարունակում են վերադառնալ իրենց տները հյուսիսային Գազայի հատվածում։
Համաձայնագրի կնքման արարողությունը տեղի է ունեցել Շարմ էլ Շեյխում՝ Խաղաղության միջազգային գագաթնաժողովի ընթացքում: ԱՄՆ նախագահը Շարմ էլ Շեյխ է ժամանել Իսրայել այցից հետո։
Գագաթնաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԱՄՆ նախագահը դիմել է Փաշինյանին և Ալիևին, կրկին հիշեցրել է, որ տասնամյակներ տևած հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորել է։
Իսրայել-Գազա հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Թրամփն իր ելույթում ասել է․ «Սա այն օրն է, որի համար այս տարածաշրջանի և ամբողջ աշխարհից տարբեր մարդիկ աշխատել, ձգտել, հույս են ունեցել և աղոթել են։ Մեր կողմից հենց նոր ստորագրված պատմական համաձայնագրով միլիոնավոր մարդկանց աղոթքները վերջապես արձագանք են ստացել։ Միասին մենք հասել ենք անհնարինին։ Վերջապես մենք խաղաղություն ունենք Մերձավոր Արևելքում․․․։
Այս կարևորագույն առաջընթացն ավելին է, քան պարզապես Գազայի պատերազմի ավարտը. Աստծո օգնությամբ դա նոր սկիզբ կլինի ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս պահից սկսած մենք կարող ենք կառուցել մի տարածաշրջան, որը կլինի ուժեղ, կայուն, բարգավաճ և միավորված՝ մեկընդմիշտ մերժելով ահաբեկչության ուղին»։
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի կողմից Գազայի դեմ իրականացվող պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 67,869 մարդ և վիրավորվել 170,105-ը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ Իսրայելում զոհվել է ընդհանուր առմամբ 1,139 մարդ, իսկ մոտ 200-ը գերի են վերցվել։