Հովիկ Ավանեսով. Մոնթեաբերդի հուշահամալիրի ոչնչացումը Ադրբեջանի հետևողական էթնիկ զտման քաղաքականության մաս է | Region

Հովիկ Ավանեսով. Մոնթեաբերդի հուշահամալիրի ոչնչացումը Ադրբեջանի հետևողական էթնիկ զտման քաղաքականության մաս է

Փետրվար 26,2026 21:01

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը՝ ի դեմս Իլհամ Ալիևի ղեկավարած ռեժիմի, պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել ժամանակավորապես բռնազավթված Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Այս քաղաքականությունը ոչ թե առանձին դրվագների շարք է, այլ հստակ ծրագիր՝ ուղղված Արցախի հայկական ինքնությանը, պատմական հիշողությանը և քաղաքակրթական ներկայության լիակատար բնաջնջմանը։

Փետրվարի 23-ին Xocavənd Rayon İcra Hakimiyyəti-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ այս համակարգված քաղաքականության հերթական թիրախը դարձել է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Օրեր առաջ այս մասին ահազնագել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա նշել է, որ 2007 թվականի մայիսի 7-ին բացված այս հուշահամալիրը խորհրդանշում էր տարբեր սերունդների հերոսների հիշատակի միասնությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների զոհերից մինչև Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներին։ «Այսօր այդ հուշահամալիրը այլևս գոյություն չունի։ Սա պարզապես վանդալիզմ չէ, այլ մշակութային ցեղասպանություն»,-գրել է նա։

REGIONSTV-ի հետ զրույցում Օվիկ Ավանեսովն անդրադառնալով խնդրին, ասաց, որ Մոնթեաբերդի հուշահամալիրի ոչնչացումը սոսկ մեկն է այն բազմաթիվ գործողություններից, որոնք ցուցադրում են տարածաշրջանում հայկական ներկայությունը ջնջելու Ադրբեջանի համակարգված մոտեցումը։

Նրա խոսքով՝  ցավոք, նման գործողությունները նորություն չեն, Իլհամ Ալիևի վարչակարգն արդեն իսկ ցուցադրել է իր վճռականությունն այս ուղղությամբ․« 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ը Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացված վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցել է 800-ը։ Սա պարզապես վանդալիզմ չէ, այլ բազմադարյա հայկական ժառանգության նյութական վկայությունների ոչնչացման մանրակրկիտ պլանավորված գործողություն։ Ադրբեջանի կողմից սա պարզապես քաղաքական հաշվարկ չէ՝ դա գիտակցված սադրանք է, ուժի և անպատժելիության ցինիկ ցուցադրություն։ Ադրբեջանը նպատակաուղղված ոչնչացնում է Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի հուշարձանները, քանի որ հասկանում է՝ աշխարհը վաղուց սովորել է հիշողությունը վաճառել նավթի ու գազի դիմաց»։

Ավանեսովի կարծիքով՝ Ալիևի վարչակարգը գործում է գիշատչի պես. քայլ առ քայլ ջնջում է ուրիշի պատմությունը՝ ստուգելով, թե ով կհամարձակվի խանգարել իրեն։

Ավանեսովը վստահ է՝ արձագանք չի լինի, քանի որ, իր խոսքով՝ գլոբալ քաղաքականությունը վաղուց սովորել է աչք փակել հանցագործությունների վրա, եթե դրանք կատարում է տնտեսապես և ռազմավարական առումով շահավետ «ճիշտ» խաղացողը․«Սա հաշվարկ է՝ հիմնված միջազգային հանրության բարոյական թուլության վրա։ Այն բանի վրա, որ ոչ ոք լուրջ քայլ չի ձեռնարկի բռնապետի դեմ, քանի դեռ խաղասեղանին պայմանագրեր են, երթուղիներ և ուժերի հավասարակշռություն։ Եվ այս ցինիկ ծրագրում Բաքուն զարմանալիորեն պրագմատիկ գտնվեց. զոհվածների հիշատակը նրանց համար սոսկ հարմար զոհաբերություն է աշխարհաքաղաքականության զոհասեղանին։ Եվ եթե որևէ մեկը դեռ կասկածում է, ապա սա պարզապես քաղաքականություն չէ, սա բացահայտ ցուցադրություն է այն բանի, որ ուժը և ռազմավարական օգուտը կարևոր են արդարությունից, բարոյականությունից և մարդկայնությունից»։

Ըստ նրա՝ աշխարհը ոչ թե «չի տեսնում», այլ «ընտրում է չնկատել», երբ դա ձեռնտու է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, հատկապես  Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համատեքստում․« Շատ պետությունների արձագանքը զարմանալիորեն զուսպ է։ Եվ սա ոչ թե անտեղյակության, այլ շահերի մասին է»։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենն ընդգծեց, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանցագործություն է։

Նրա ներկայացմամբ՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմերի և միջազգային հումանիտար իրավունքի՝ պատմական հուշարձանների, տաճարների, գերեզմանոցների և մշակութային արտեֆակտների նպատակաուղղված ոչնչացումը միջազգային պարտավորությունների խախտում է․«Մի շարք դեպքերում նման գործողությունները որակվում են որպես պատերազմական հանցագործություններ։ Երբ անհետանում են հնադարյան եկեղեցիները, երբ ջնջվում են արձանագրությունները, երբ քանդվում են գերեզմանոցները՝ դա ոչ «վերականգնում» է, ոչ էլ «պատմության վերագրում», դա այս հողի վրա ժողովրդի ներկայության փաստը ջնջելու փորձ է»։

Ավանեսովը նշեց պատճառները, թե ինչու է միջազգային հանրությունը աչք փակում Ալիևի հանցագործությունների վրա և չի ցանկանում բարդացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ․ «Նախ, դա էներգետիկան է։ Եվրամիությունը կախված է գազի այլընտրանքային մատակարարումներից, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո։ Ադրբեջանը դարձել է ռազմավարական գործընկեր։ Երկրորդ՝ աշխարհաքաղաքականությունը։ Հարավային Կովկասը խոշոր խաղացողների մրցակցության գոտի է։ Շատերը սկզբունքայնությունից նախընտրում են «կայունությունը»։ Եվ վերջապես՝ երկակի ստանդարտները։ Երբ հանցագործությունները կատարում են «ոչ հարմար» վարչակարգերը, հնչում են բարձրագոչ հայտարարություններ։ Երբ դրանք կատարում է գործընկերը՝ միանում է դիվանագիտական շշուկը»։

Մշակութային ժառանգության ոչնչացումը հանցագործություն է պատմության և մարդկության դեմ, իսկ միջազգային կառույցների լռությունը, ինչպես ասաց Ավանեսովը, չի չեղարկում դա․« Պատմությունն արդեն ոչ մեկ անգամ ցույց է տվել՝ մշակույթը ջնջելու փորձերը չեն հանգեցնում ժողովրդի անհետացմանը։ Դրանք միայն բիծ են թողնում ոչնչացնողների և նրանց հեղինակության վրա, ովքեր ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունենում»։

Նա նաև կոշտ արտահայտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անտարբերության վերաբերյալ, ասաց՝ երբ կործանվում են տաճարները, ջնջվում են արձանագրությունները, անհետանում են գերեզմանոցները, համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության համար ստեղծված կազմակերպությունը պարտավոր է արձագանքել․«Դա նրա մանդատն է։ Բայց կոշտ դիրքորոշման փոխարեն՝ զգուշավոր ձևակերպումներ են։ Ճնշման մեխանիզմների փոխարեն՝ դիվանագիտական չեզոքություն։ Ինչո՞ւ։ Որովհետև միջազգային կառույցները կախված են անդամ պետություններից։ Որովհետև Ադրբեջանի հասցեին ցանկացած կտրուկ հայտարարություն ավտոմատ կերպով դառնում է քաղաքական հակամարտություն։ Որովհետև կուլիսներում միշտ հնչում է փաստարկը՝ «պետք չէ բարդացնել հարաբերությունները», «հիմա ժամանակը չէ», «կարևոր է պահպանել երկխոսությունը»։ Արդյունքում՝ ժառանգության պաշտպանության սկզբունքը տեղի է տալիս քաղաքական նպատակահարմարությանը։   Չեզոքությունը ժառանգության ոչնչացման իրավիճակում հավասարակշռություն չէ, այլ փաստացի համաձայնություն տեղի ունեցողի հետ»։

Ավանեսովն ընդգծեց, որ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման շարունակման պայմաններում Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում։ «Քանի դեռ Ադրբեջանը մեթոդաբար ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, նրա ընտրվելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում ոչ միայն աբսուրդ է, այլև ցինիկ ծաղր հուշարձանների պաշտպանության գաղափարի նկատմամբ։ Համակարգված վանդալիզմի և մշակութային արժեքների ցեղասպանության մեջ մեղադրվող երկիրը հանկարծ դառնում է համաշխարհային ժառանգության «պահապան»։ Սա  ֆարս է, ծաղր միջազգային հանրության նկատմամբ»,-ասաց Ավանեսովը։

Նա վստահություն է հայտնել, որ մի օր Ադրբեջանը պատասխան կտա կատարված հանցագործությունների, Արցախում հայկական ժառանգության ոչնչացման համար։

«Արցախում և մյուս բնիկ հայկական հողերում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը հնարավոր է միայն մի քանի կրիտիկական կարևոր պայմանների կատարման դեպքում։ Նախ՝ նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակ. առանց տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ արմատական տեղաշարժի, առանց Բաքվի վրա մեծ տերությունների հզոր ճնշման, հանցագործին պատժելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Երկրորդ՝ Արցախի և մյուս բնիկ հայկական տարածքների ապաբռնազավթում։ Քանի դեռ վերահսկողություն չի սահմանվել զավթված հողերի նկատմամբ, անհերքելի ապացույցների հավաքագրումը և պատմական արդարության վերականգնումը հնարավոր չեն։ Երրորդ՝ հատուկ ռազմական տրիբունալի ստեղծում. միայն անկախ միջազգային դատարանի միջոցով կարելի է ստիպել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխան տալ հայերի համակարգված ցեղասպանության և տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների դեմ իրականացված հանցագործությունների համար։ Քանի դեռ այս պայմանները կյանքի չեն կոչվել, Ադրբեջանը համառորեն խուսափում է պատասխանատվությունից, իսկ աշխարհը անտարբեր հետևում է հուշարձանների՝ պատմության կենդանի մարմնի ցինիկ կործանմանը։ Բայց սա չի չեղարկում անդրդվելի պատմական ճշմարտությունը։ Կգա օրը, երբ ստիպված կլինեն պատասխան տալ արածի համար, և ոչ մի դիվանագիտություն ու քաղաքական հնարք այլևս չեն փրկի հատուցումից»,– հայտարարեց Ավանեսովը։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ