Արմեն Վարդանյան. Իրանը պատրաստ է զիջումներ անել միջուկային ծրագրում բայց ոչ հրթիռային ծրագրում
Ամերիկա-իսրայելական պատերազմն ընդդեմ Իրանի ձգձգվում է, և դրա վերջը չի երևում։ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության ռազմավարական օբյեկտներին։ Ի պատասխան՝ Իրանը հարվածում է Իսրայելի ռազմավարական թիրախներին, ինչպես նաև Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին, որտեղ հարձակման թիրախ է դարձել նաև միջազգային օդանավակայանը։ Այնուամենայնիվ, տեղեկություններ են ստացվում ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունների մասին։
Երեկ «Truth Social»-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Իրանի կառավարության խնդրանքով ես 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, հետաձգում եմ էլեկտրակայանների ոչնչացման փուլը»։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ բանակցությունները շարունակվում են, և նա նշել է, որ դրանք շատ լավ են ընթանում։
RegionsTV-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը վերլուծում է իրավիճակն ու հնարավոր զարգացումները․ կկարողանա արդյոք Վաշինգտոնը հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Զաբելա Ավագյան– Պարոն Վարդանյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դիվանագիտական ջանքերում որոշակի առաջընթացի մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն էր այն բեկումնային պահը, որը դրդեց ԱՄՆ-ին մի քանի օր առաջ հանդես գալ հրադադարի օգտին։
Արմեն Վարդանյան- Միացյալ Նահանգների համար բավականին բարդ իրավիճակ է։ Ամերիկայում պահանջում են բացատրել, թե ինչու Իրանի դեմ արշավը չընթացավ նախնական սցենարով։ Գործողության ողջ հաշվարկն այն էր, որ իրանցիները դուրս կգան փողոց և կտապալեն իշխանությունը։ Պատերազմը ԱՄՆ-ի և Իսրայելի վրա շատ թանկ է նստում, զգացվում է նաև ներքին ճնշում. դեմոկրատները ուժեղ ճնշում են գործադրում Թրամփի վրա՝ պահանջելով դադարեցնել պատերազմը։ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։ Բոլոր կողմերն էլ ուզում են կանգնեցնել պատերազմը, բայց միևնույն ժամանակ ուզում են դուրս գալ որպես հաղթող։
Պենտագոնը պատրաստվում է ուղարկել 3-4 հազար զինվոր (The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պենտագոնը դիտարկում է մինչև 10,000 հավելյալ ցամաքային զորք Մերձավոր Արևելք ուղարկելու հնարավորությունը, խմբ.)։ Մինչ այս տարածաշրջանում արդեն կար շուրջ 50 հազար ամերիկյան զինծառայող։ Որպես հիմնական թիրախ դիտարկվում է իրանական նավթի արտահանման գլխավոր կենտրոնը՝ Խարգ կղզին։ Դրանով է անցնում Իրանի նավթի արտահանման մինչև 85%-ը, իսկ հարևանությամբ Հորմուզի նեղուցն է, որտեղով անցնում է համաշխարհային նավթի մեկ երրորդը։ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից դրա գրավման դեպքում հակամարտությունը դուրս կգա տարածաշրջանային մակարդակից։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելք զորքեր տեղափոխելուց։
Զ․Ա․- Պարոն Վարդանյան, ի՞նչ կարծիքի եք կողմերի բանակցությունների մասին, կոնկրետ ո՞ւմ հետ է Թրամփը բանակցում։
Ա․Վ․- Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին՝ Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների հնգօրյա մորատորիում սահմանելուց հետո։ Նա նշեց, որ Իրանում ռազմական գործողությունները հանգեցրել են «վարչակարգի փոփոխության» և որ իր վարչակազմն այժմ հաջող բանակցություններ է վարում «ճիշտ մարդկանց» հետ, թեև զգուշացրեց, որ «ոչ մեկին» չի վստահում։ Թե հատկապես ում հետ են վարվում բանակցությունները՝ չի հստակեցվում։ ԱՄՆ-ն ներկայացրել է իր առաջարկների փաթեթը, բանակցությունները կարծես ընթանում են մամուլի միջոցով։
Որոշ միջազգային պորտալներ նշում են, թե Թրամփն արդեն ստեղծել է բանակցային խումբ, որը կգլխավորեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Իրանական պետական «Press TV» հեռուստաալիքը հայտնել է, որ Թեհրանը մերժել է պատերազմը դադարեցնելու ամերիկյան առաջարկները՝ պնդելով, որ պատերազմը կավարտվի միայն Թեհրանի սահմանած պայմաններով և ժամկետներում։ Իրանի ԱԳՆ-ն հերքում է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն վարելու փաստը։ Այնուամենայնիվ, տեղեկություններ կան, որ Իրանն ուսումնասիրում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ առաջարկը։ Նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում բանակցություններ։
Սակայն Իրանում միասնական կառավարություն չկա, ըստ էության, խնդիրներ են առաջանում։ Կան պետական տարբեր կառույցներ, որոնց դիրքորոշումները հաճախ հակասում են միմյանց։ Հնարավոր է, որ բանակցությունները վարի ԱԳՆ-ն։ Որոշ փորձագետներ կարծում են, որ դա Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է, այլոք ենթադրում են՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Կարծում եմ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսը և Մոհամմադ Ղալիբաֆը կարող են գլխավորել իրենց պատվիրակությունները։ Իմ կարծիքով, բանակցություններն այնուամենայնիվ կկայանան, թեկուզ միջնորդավորված։ Օրինակ՝ լրատվամիջոցները պնդում են, որ դրանք ընթանում են Պակիստանի միջոցով։ ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Գրոսսին հայտարարել է, որ առաջիկա օրերին Իսլամաբադում բանակցություններ են նշանակված։
Զ․Ա․- Ի՞նչ են քննարկում բանակցություններում և ի՞նչ է պահանջում ԱՄՆ-ն Իրանից։
Ա․Վ․-Միացյալ Նահանգները ներկայացրել է 15 կետից բաղկացած առաջարկ։ «Wall Street Journal»-ը և «Associated Press»-ը հրապարակել են որոշ մանրամասներ։ Մասնավորապես, Իրանին առաջարկվում է ապամոնտաժել երեք հիմնական միջուկային օբյեկտները, դադարեցնել ուրանի հարստացումը, սահմանափակել աջակցությունը իր պրոքսի-ուժերին, ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը և լիովին դադարեցնել հրթիռային ծրագիրը։ Գլխավոր խնդիրը վերաբերում է միջուկային և հրթիռային ծրագրերի էական կրճատմանը։ Փոխարենը ԱՄՆ-ն կչեղարկի խիստ պատժամիջոցները։ Այս պահանջները նոր չեն։
Իրանը համաձայն է որոշ կետերի հետ, բայց մերժում է մյուսները։ Ինձ թվում է՝ Իրանը պատրաստ էր զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում, առավել ևս հիմա, երբ վերգետնյա օբյեկտների մեծ մասն արդեն ավերված է։ ԱՄՆ-ն պահանջում է նաև սահմանափակել հրթիռային ծրագիրը, քանի որ այն սպառնալիք է Իսրայելի համար։ Իրանը նախկինում համաձայնել էր ուրանի հարստացումը սահմանափակել մինչև 5%, բայց դեմ էր հրթիռային ծրագրի սահմանափակմանը. հենց դրա պատճառով սկսվեց պատերազմը։ Հիմա բանակցությունները նույն հարցերի շուրջ են։ Իրանն իր հերթին պահանջում է երաշխիքներ, որ ԱՄՆ-ն այլևս չի հարվածի իրեն, և փոխհատուցում պատճառված վնասի համար։ Բացի այդ, Թեհրանը պահանջում է, որ Լիբանանը ներառվի հրադադարի ցանկացած համաձայնագրում։
Զ․Ա․-Կարողանա՞ Վաշինգտոնը մոտ ապագայում դիվանագիտական ճանապարհով կարգավորել հակամարտությունը։
Ա․Վ․-ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը, բայց Իրանի հետ ուղղակի բախման ռիսկն աճում է։ Ամերիկյան դեսանտային նավերն ուղղվում են դեպի Հորմուզի նեղուց։ Չի բացառվում դեսանտային գործողության հնարավորությունը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ պատերազմն արագորեն սպառում է ԱՄՆ-ի և Իսրայելի զինանոցները։ ԱՄՆ-ն արդեն ծախսել է THAAD հակաօդային պաշտպանության համակարգերի պաշարների մոտ 40%-ը։ Չնայած Իսրայելը հերքում է դեֆիցիտը, սակայն պաշտպանական հրատապ ֆինանսավորման հաստատումը խոսում է խնդրի լրջության մասին։
Զ․Ա․-Թրամփը պնդում է, որ Իրանից էներգետիկ «նվեր» է ստացել՝ նշելով, որ այն կապված է Հորմուզի նեղուցի հետ։ Ի՞նչ կարծիքի եք։
Ա․Վ․- Հորմուզի նեղուցի շրջափակումը և հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին բերել են գների կտրուկ աճի։ Մինչ պատերազմը նավթի բարելն արժեր մոտ 70$, հիմա՝ 119-120$։ ԱՄՆ-ն որոշել է իր ռազմավարական պաշարներից համաշխարհային շուկա հանել մի քանի հարյուր միլիոն բարել նավթ։ Կարծում եմ՝ Թրամփը հենց դա նկատի ուներ «լավ նվեր» ասելով։ Սրանից մեծ շահույթ կստանան նաև նավթ արտահանող այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը և Ադրբեջանը։
Զ․Ա․- Ձեր կարծիքով, կհաջողվի՞ ԱՄՆ-ին արաբական երկրներից կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի։
Ա․Վ․-Միասնական կոալիցիայի ստեղծումը կբախվի խոչընդոտների։ Ոչ բոլոր արաբական երկրներն են Իրանին նույն մակարդակի սպառնալիք համարում։ Ոմանք նախընտրում են չեզոքություն։ Սակայն Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները պատրաստ են միանալ արշավին, քանի որ ուղղակի հարվածներ են ստացել իրենց տարածքում գտնվող ամերիկյան բազաներին։ Սաուդյան Արաբիան և Կատարը պատերազմի այս մեկ ամսվա ընթացքում միլիարդներ են կորցրել։ Հաղորդվում է նաև, որ թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը դիտարկում է երկրի ավելի ակտիվ ներգրավվածության հնարավորությունը։ Կարծում եմ՝ տարածաշրջանում պատերազմը դեռ չի դադարի և կշարունակվի ևս երկու շաբաթ։
Զաբելա Ավագյան
