Տաթևիկ Հայրապետյան․ «Որքան շատ ենք մենք հրաժարվում փաստերով ապացուցված մեր պատմությունից, այնքան ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում Բաքվի հռետորաբանությունը» | Region

Տաթևիկ Հայրապետյան․ «Որքան շատ ենք մենք հրաժարվում փաստերով ապացուցված մեր պատմությունից, այնքան ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում Բաքվի հռետորաբանությունը»

Ապրիլ 01,2026 22:25

Միանշանակ է, որ ադրբեջանցիները չունեն պատմական որևէ ապացույց՝ 1918 թվականի մարտյան իրադարձությունները «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն» ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։ Եթե հարցին նայենք պատմական տեսանկյունից, Ադրբեջանն այս առումով ներկայացնելու կամ հայտարարելու ոչինչ չունի։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն՝ անդրադառնալով Բաքվի այն հայտարարություններին, ըստ որոնց իբր «1918 թվականին Բաքվում հայերն ադրբեջանցիների կազմակերպված կոտորած են իրականացրել»։

Ադրբեջանագետի կարծիքով՝ Բաքվի առաջ քաշած այս հարցին պետք է նայել նաև արդի քաղաքական դիսկուրսի տեսանկյունից։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքական դիսկուրսի և «Արևմտյան Ադրբեջանի» օկուպացիոն ծրագրի տեսանկյունից հասկանալի է, որ նրանք կեղծում են պատմությունը։ Նա նշեց, որ պատմական գիտության և միջազգային իրավունքի տեսանկյունից Ալիևի պնդումները որևէ քննադատության չեն դիմանում․«Սա ամենակարևորն է, որ պետք է հասկանալ։ Պատմաբանները կարող են արձագանքել, հերքել փաստերով և այլն. դա կարող է տեղի ունենալ ակադեմիական ոլորտում, բայց քաղաքական տեսանկյունից սա ավելի լայնածավալ ու վտանգավոր ծրագրի կարևոր բաղադրիչ է»։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ միջազգային ատյաններից պահանջելով 1918 թվականին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները՝ իբր « հայերի կողմից կազմակերպված «ադրբեջանցիների կոտորածները» ճանաչել որպես ցեղասպանություն։ 1918 թվականի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է, թե «108 տարի առաջ ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի մի շարք քաղաքներում «հայկական ռադիկալ խմբավորումները՝ Բաքվի կոմունային և «Դաշնակցությանը» ենթարկվող հայկական ջոկատները, իրականացրել են ադրբեջանցիների զանգվածային սպանություններ»։ Այդ քաղաքների թվում Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշատակել է նաև Երևանը՝ Էրիվան անվանմամբ։

Տաթևիկ Հայրապետյանը գտնում է, որ եթե հետևենք նախագահ Ալիևի հայտարարություններին, ապա կարելի է տեսնել, որ նա տարբեր առիթներով պարբերաբար փորձում է հայ ժողովրդին ներկայացնել որպես ադրբեջանցիների նկատմամբ «ցեղասպանություն» իրականացրած կողմ։

«Եթե նայենք Խորհրդային Միությունում 1988-1990-ականների իրադարձություններին և հատկապես Խորհրդային Ադրբեջանում տեղի ունեցածին, ապա նայելով այս տրամաբանությանն ու Ալիևի ելույթներին՝ կարելի է տեսնել, որ նրանք պարբերաբար կրկնում են այդ բառերը։ Բնականաբար, նրանք երբեք չեն կարողանա դրա հետ կապված որևէ ապացուցողական բազա ներկայացնել։ Ընդհանրապես, եթե Ադրբեջանը հայկական պետությանը ատելության քարոզի մեջ մեղադրելու որևէ ապացույց ունենար, ապա, հավաստիացնում եմ ձեզ, նրանք երբեք չէին ցանկանա, որ միջազգային իրավական հայցերը հետ կանչվեին միջազգային ատյաններից։ Բայց Ադրբեջանի պահանջը հենց այդ հայցերի հետկանչն էր։ Եվ այս ամբողջ դիսկուրսը, այս ողջ նարատիվը հանգում է նրան, որ «Հայաստանի տարածքը» պատկանում է իրենց, հայերը ցեղասպանություն են իրականացրել ու վտարել իրենց, և որ պատմական «անարդարությունը» պետք է վերականգնվի. ահա այս ողջ դիսկուրսն ու բոլոր հայտարարությունները այդ նարատիվի կարևոր բաղադրիչներից են»,– նշեց ադրբեջանագետը։

Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այս հռետորաբանությունը նոր չէ և Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության մասն է՝ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակում որոշակի հասարակական կարծիք ձևավորելու համար։ Նրա կարծիքով՝ այսօր ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն ակտիվորեն տարածում է այն նարատիվը, թե Հայաստանի Հանրապետության տարածքն իրենց է պատկանում։ «Իլհամ Ալիևը, դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հանդես գալով նման հայտարարություններով, հնչեցնում էր ոչ միայն անձնական տեսակետ, այլև պաշտոնական գաղափարախոսություն, որը կոչված է լեգիտիմացնելու Ադրբեջանի հավակնությունները՝ «այս տարածաշրջանում Հայաստան անունով պետություն չի եղել, Հայաստանը մեր հողն է»։ Այս պնդումը չունի որևէ հիմք, որևէ պատմական նախադրյալ և ամբողջությամբ հերքվում է։ Բայց քանի որ ադրբեջանական ղեկավարությունն այս ամենի հիմքում դնում է ռեսուրսներ, գումարներ, ապա դա բավականին լուրջ նպատակներ է հետապնդում՝ վերականգնել «արդարությունը»»,– ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Նա համարում է, որ «Փաշինյանի քաղաքականությունը մեզ զրկում է մեր ամրագրված իրավունքներից, մեր պատմությունը փորձում են կասկածի տակ դնել՝ ստեղծելով լուրջ վակուում․« Եվ Ադրբեջանն այդ վակուումը լրացնում է իր կեղծ թեզերով։ Որքան շատ ենք մենք հրաժարվում փաստերով ապացուցված, ոչ մեր կողմից հորինված և ոչ մեր կողմից գրված պատմությունից, այնքան ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում նրանց հռետորաբանությունը մեր պետության նկատմամբ»։

Նշենք, որ վերջերս վարչապետը հայտարարել էր. «Հերիք է ժողովրդին կերակրել նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել։ Ցեղասպանության հռետորաբանություն կիրառելիս մենք ստանում ենք ցեղասպանության հռետորաբանություն։ Էթնիկ զտումների մասին հռետորաբանությունը վնասակար եմ համարում, քանի որ կարող է առաջանալ հայելային հռետորաբանություն։ Դա նշանակում է բռնել կոնֆլիկտի ուղին»։

Ադրբեջանագետը նկատեց, որ Ադրբեջանը չի էլ մտածում հրաժարվել պատերազմի և ցեղասպանության հռետորաբանությունից, և որքան շատ է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հնչեցնում անհարկի հարցեր ցեղասպանության թեմայով, այնքան ավելի վտանգավոր են դառնում Ադրբեջանի հայտարարությունները․«Նրանք հորինում են գոյություն չունեցող էթնիկ խմբեր, և ստեղծվող վակուումում լսելի է դառնում ադրբեջանական հռետորաբանությունը։ Մոտ մեկ ամիս առաջ աղմուկով աշխատանքից ազատվեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենը, ով ԱՄՆ փոխնախագահին էր նվիրել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների հետ կապված փաստերի գիրքը։ Դրա փոխարեն մենք ստանում ենք Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որը միջազգային հանրությանը ինչ-որ բան ապացուցելու փորձ է։ Այսինքն՝ այս միջազգային վակուումում գերիշխում է բացառապես ադրբեջանական հռետորաբանությունը, որը սուտ է, չունի որևէ պատմական հիմք, և որին հայկական ղեկավարությունը երբեք չի արձագանքում ու չի պատասխանում»։

Տաթևիկ Հայրապետյանը նաև նշեց, որ Ադրբեջանը պնդում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հարցը՝ որպես քաղաքական պահանջ, և այդ հարցը բարձրացնում է տարբեր հարթակներում՝ դարձնելով այն միջազգային միջնորդների հետ քննարկման թեմա։ «Բայց Հայաստանի ղեկավարությունը  պատշաճ չի արձագանքում Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջանի» օկուպացիոն հայեցակարգի մասին, որը ներառված է հանրակրթական դպրոցական դասագրքերում և Ադրբեջանի բուհական կրթության մաս է կազմում։ Քանի որ դրանք չեն քննարկվում միջազգային հանրության հետ, Հայաստանի դեմ մշտապես հնչում են հարձակումներ. Հայաստանը պետք է այս կամ այն բանն անի, որպեսզի խաղաղություն լինի։ Որքան շատ են սեփական իրավունքներից հրաժարվելուն ուղղված Հայաստանի գործողություններն ու քայլերը, այնքան ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում Բաքուն իր ելույթներում»,- ասաց փորձագետը։

Տաթևիկ Հայրապետյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն ընդհանուր առմամբ շատ նման է Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությանը։ Նա համոզված է, որ այդ պահանջը գալիս է նաև Թուրքիայի կողմից, որը միշտ պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ