Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը․Օվերչուկ
ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանի կարգավիճակը մայիսի 29-ին Աստանայում անցկավելիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է․«Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի ծաղկել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»։
Օվերչուկն ասել է՝ ԵԱՏՄ, թե ԵՄ Հայաստանի ընտրության հարցը «շատ բարդ է», նշելով՝ այստեղ շատ սերտորեն միահյուսված են տնտեսական և քաղաքական հարցերը․«Այս ամենն ազդում է նաև այսօր Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի վրա։ Այնտեղ կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանման օգտին։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրոպական միություն։ Մեր հերթին, բնականաբար, մենք ցանկանում ենք Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում։ Միևնույն ժամանակ, մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին,- շարունակել է փոխվարչապետը։ – Եվ փաստացիորեն Ռուսաստանի ջանքերն ի սկզբանե հանգեցրին նրան, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են ձևավորվում։ Մենք գիտենք, որ արդեն ընթանում է պատվիրակությունների փոխանակում, սկսվել է առևտուրը երկու երկրների միջև։ Դա բացարձակապես բնականոն գործընթաց է, և այն չի կարող մեզ չուրախացնել։
Տեղի է ունեցել Հայաստանի մասնակի տրանսպորտային ապաշրջափակում։ Այսօր ռուսական հացահատիկը, ռուսական պարարտանյութերը երկաթգծով՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, մտնում են Հայաստան։ Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին։ Այդ ամենն ամրապնդում է Հայաստանը։ Սակայն դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրոպական միության հետ մերձեցման օգտին։ Այնտեղ անցյալ տարվա ապրիլին օրենք է ընդունվել։ Այդ օրենքը միանշանակ մատնանշում է Եվրամիությանը միանալու ձգտումը։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում՝ ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»։
