Քարոզարշավի օր․«շպիոն», «թուրքի բեղեր», «զզվում եմ ձեզանից»
Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 8-րդ օրն էլ չանցավ առանց սկանդալի։ Այսօր էլ որոշ քաղաքական ուժեր առավել ակտիվ էին, նոր բացահայտումներ եղան, միջադեպեր, փոխադարձ մեղադրանքներ։ Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա քարոզարշավի ուշագրավ հայտարարություններն ու միջադեպերը։
«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր Արմավիրում էր։ ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Մեծամորում ելույթի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Ազատի զինվորական կացարանում երեք տարի առաջ ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից մեկի մայրն ընդահատել է Փաշինյանի ելույթն ու լացակումաց ասել․«Դու, որ տենց խոսում ես, դու 15 էրեխա տարար, վառեցիր, ո՞ւր է իմ էրեխեն»։ Փաշինյանի աջակիցները փորձել են «խլացնել» կնոջ ձայնը «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով։ Փաշինյանը հավաքվածներին հորդորել է հարգալից լինել կնոջ հանդեպ, ապա զոհվածի մայրը շարունակել է․«18 տարի երեխա պահեցի, տվեցի բանակին, ո՞ւր է իմ էրեխեն։ Իմ էրեխեն մի փչացած ատամ չուներ, մոխիր դարձրիք, բերեցիք։ Դուք վառեցիք մեր էրեխեքին, ձեր կեղտերը փակելու համար։ Ինձ ոչ թոշակ է պետք, ոչ աշխատավարձ, ես իմ էրեխուն եմ ուզում։ Զզվում եմ քեզնից։ Երկու անգամ Ձեզ եմ ընտրել, անիծում եմ էն օրը»։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, թե պատասխանատուներին աշխատանքից ազատել է, ու դիմել կնոջը․«Ազատված սպաներից մեկն էլ կորպուսի հրամանատարի տեղակալ էր, հիմա ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի՞ չեք գնում, ընդդիմադիր հավաքներին ասում։ Ես եմ ազատել աշխատանքից։ Դուք գիտեք՝ ովքեր են մեղավորները, դատավարություն է գնում»։
Փարաքարում Փաշինյանը կրկնել է անցած օրերին արած հայտարարությունները․«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հիմա էլ նոր սուտ է հորինել, թե Փաշինյանի՝ վարչապետ վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան։ Մեր օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Էդ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ էդ օրակարգը ներմուծեն ՀՀ կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները։ Կալուգացի Սամո, դու օտարերկրացի լրտես ես։ Դու չես հասկանում՝ ինչ ես անում։ Ես ասում եմ՝ անուղեղ լրտեսները պետք է ձայն չստանան։ Անուղեղ լրտեսները, որ Հայաստանի ժողովրդին անվանում են շուն ու շանգյալ, էլ ինչ անուն ասես՝ կպցնում են, պետք է ձայն չստանան։ Ժողովուրդ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ Կալուգացի օլիգարխը, էն համբալը՝ կներեք արտահայտությանս համար, չպետք է հավաքեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայն։ Չի կարելի որևէ ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև իրենք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը, մեր ուրախությունը»։
Արմավիրի մարզի Գայ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա քարոզարշավին ներկա էին երեխաներ։ «Երեխեք, էս դասից փախե՞լ եք։ Դուք լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է։ Երեխեք, հիմա արագ վազքով դպրոց, միանգամից դասի»,- երեխաներին է դիմել Փաշինյանն, ապա թխվածք տվել ու ճամփել դպրոց։ Երեկ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը` նշել էր, որ դպրոցի 4 տնօրենների հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։ ԿԳՄՍ նախարարությունն էլ արձագանքել էր՝ քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։
Այսօր երեկոյան Փաշինյանը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել ու գրել․«Արմավիրում հզոր էր»։
«Ուժեղ Հայաստանը» Գեղարքունիքում էր քարոզարշավի․նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանին․«Իրենց հետևից, ամեն մեկի հետևից թուրքի բեղերը երևում ա»։
Երեկոյան Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցում հրապարակել է Փաշինյանի ու Էրդողանի հայտնի լուսանկարը, որտեղ նրանք միասին են, Փաշինյանի ձեռքում էլ Էրդողանի գիրքն է։ Կարապետյանը լուսանկարին կից գրել է․«Գտիր շպիոն Օնիկին»։
Քարոզարշավի ժամանակ Կարապետյանն անդրադառնալով Բաքվում պահվող հայերին վերադարձնելու հնարավորության մասին հարցին, ասել է․« Դժվար է, բայց օրակարգային հարց է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունների ժամանակ իրենց մեծ մասին հետ բերենք, մենք վստահ ենք, որ դա կանենք: Շատ մեծ խնդիր է սպայական կազմի հետ կապված հարցը»։
Այս ուժի առաջնորդ, տնային կալանքում գտնվող, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն էլ տեսաուղերձով դիմել է Գեղարքունիքի մարզի բնակիչներին․«Միասին տալու ենք չարի վերջը, փոփոխությունը գալիս է, հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է»։
«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանն այսօր հրավիրված ասուլիսում ձայնագրություն է հրապարակել՝ պնդելով, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։
Թաթոյանը նաև պնդել է, որ ձայնագրությունում խոսող կինը դասախոս է, Արմավիրի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։ Թաթոյանը հայտարարել է՝ տեղի է ունենում պետական ռեսուրսի չարաշահում, պետության հարկադրանքի լծակներն օգտագործվում են քաղաքացիներին ստիպելու աջակցել իշխող կուսակցությանը․«Վերեւից ճնշում են տնօրեններին, ուսուցիչներին ու մանկավարժներին, հետո իրենք միջից չոր դուրս գալու համար ծառայողական քննություններ են նշանակում»։ Ապա Թաթոյանը հավելել է՝ կան կոնկրետ մարդիկ, որոնք համակարգում են ՔՊ նախընտրական քարոզարշավը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ․« Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը։ «Այս մարդիկ կանչվելո՞ւ են հարցաքննության, ձերբակալվելո՞ւ են»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Էլինար Վարդանյանը պնդել է՝ Ախուրյանի ու Չարենցավանի փոխքաղաքապետերը, որոնք ընդգրկված են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ցուցակում, հեռացվել են աշխատանքից։ Նա վստահեցրել է, որ որոշումները կվիճարկվեն դատարանում, ու նշել՝ այս երևույթը խոսում է նախընտրական հակաիրավական գործողությունների, սպառնալիքների մասին․«Ինչպես բազմաթիվ դեպքերում, այնպես էլ բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է բացառապես ընդդիմադիրների գործողությունները կանխելու, ընդդիմադիրներին պատժելու համար»։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր անդրադարձել է Փաշինյանի մեղադրանքներին, ըստ որի՝ ԲՀԿ-ին աջակցում են Ռուսաստանը և Բելառուսը։
«Ընտրություններին ընդառաջ արտաքին աջակցություն առ այսօր ստացել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններից»,-ասել է Տոնոյանը։
«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այսօր նախագահականի մոտ էին։ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է․«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ հունիսի 7-ի քվեարկությամբ դուք որոշելու եք, թե ՀՀ նախագահը լինելու է մի մարդ, որի համար մենք ամաչում ենք, թե՞ լինելու է մի մարդ, որի համար մենք կհպարտանանք և ազգովի կտեսնենք, թե նա ինչպես է մեզ ներկայացնում որպես ներկայացուցչական պաշտոնյա՝ միջազգային տարբեր հարթակներում։ Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ։ Մենք չենք ուզում ունենալ նախագահ, որն Ալիևին որ տեսնում է, ավելի շատ է քծնում, քան որևէ ադրբեջանցի պաշտոնյա։ Մենք չենք ուզում ունենալ նախագահ, որը ոչ մի հարցով տարաձայնություն չունի գործադիր, դատական և օրենսդիր իշխանության հետ»։
«Հայաստան» դաշինքը հայատարարություն է տարածել, որ տեղեկություններ են ստացել, որ «պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին աշխատանքից ազատելու սպառնալիքով»։
Դաշինքն իր հայտարարության մեջ նշել է, որ նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։
«Բոլորին դեմ եմ»-ն այսօր քարոզարշավն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Այս ուժի վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը Factor TV-ին ասել է, որ իրենք շեմը հաղթահարած ուժերին պարտադրելու են կազմել 100-օրյա ժամանակավոր կառավարություն հետևյալ երեք կետերի շուրջ՝ կայուն մեծամասնության չեղարկում, ընտրական շեմի իջեցում 1%,«բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։
«Մենք առաջարկում ենք ընդամենը 100 օրով մեզ տալ իշխանությունը, որից հետո մենք կկազմակերպենք Հայաստանի պատմության մեջ առաջին, իսկապես աննախադեպ ընտրությունները, որտեղ վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը, որովհետև մեր կուսակցությունը լուծարվելու է։ Վարչապետն ինքը չի ընտրվելու 10 տարի, հաջորդ 10 տարիները չի հավակնելու որևէ նշանակովի կամ ընտրովի պետական պաշտոնի»,-ասել է նա։
Հայաստանում քարոզարշավի այս ակտիվ փուլում ՌԴ-ից Հայաստանին ուղղված հայտարարություններ են հնչում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է․«Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները»։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կազանում հայտարարել է․«Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, և Ռուսաստանը կհասկանա Երևանի ընտրությունը»։
