Ընտրություններ Հայաստանում․«4 ուժ, 0 հաշվարկ»
RegionsTV-ն շարունակում է ներկայացնել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող այն ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները, որոնք հրապարակել են իրենց ծրագրերը։
Քանի որ ընտրություններին մասնակցում են 19 ուժեր, ուստի մեկ հոդվածում բոլորին ներառել հնարավոր չէ։ «Միասնության թևերի», «Ուժեղ Հայաստանի», ՀԱԿ-ի, «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի, ՔՊ-ի, «Հանրապետություն» կուսակցության ծրագրերին արդեն անդրադարձել ենք։
Այս անգամ ներկայացնում ենք Ռեֆորմիստների, ԱԺԲ-ի, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության և ԼՀԿ-ի ծրագրերը, որոնք շատ ընդհանրական են, խոստումներ են՝ առանց կոնկրետ հաշվարկների, չեն նշում, թե ինչպես ու ինչի հաշվին են իրականացնելու ծրագրային այս կամ այն դրույթը։
Այսպիսով՝
«Լուսավոր Հայաստանի» խոստումները
ԼՀԿ-ն ընդհանրապես տնտեսական առաջարկներ իր ծրագրում չի ներկայացրել։
«Մեզ համար առաջնայինը սոցիալ-տնտեսական խոստումներով վստահություն շահելը չէ։ Կարևոր է տարբերակել պետություն ունենալու համար գլխավորը երկրորդականից»,-իր ծրագրում նշել է ԼՀԿ-ն։
«Լուսավոր Հայաստանը» բացատրում է, թե ինչու «երկար-բարակ» ծրագիր չի ներկայացնում․« Այս ընտրությունները սովորական չեն․ հունիսի 7-ին որոշվում է հայկական պետականության և մեր ազգային բովանդակության լինելիության հարցը։ Հայկական պետականության և մեր ինքնության պաշտպանությունից է կախված այսօրվա Հայաստանի հարատևությունը։ Հենց այս գիտակցումով Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես չի գալիս երկրորդական, երրորդական բնույթի ծրագրերով կամ պոպուլիստական խոստումներով՝ ելնելով վերը նկարագրված օրհասական իրավիճակից»։
Ապա չորս կարճ պարբերությամբ նշում է, թե ինչ կլինի, եթե քաղաքացիներն իրենց ձայն տան։ Ըստ այդմ այս ուժն ասում է․«Ընտրելով ԼՀԿ-ին՝ 1) դուք ձևավորում եք ՀՀ քաղաքացու շահերը ներկայացնող խմբակցությունն 2)Ազգային Ժողովում, նպաստում եք պետական ինստիտուտների հեղինակության բարձրացմանը, 3) ներդրում եք ունենում Հայաստանի հավասարակշված արտաքին քաղաքականության վարմանը, 4)պաշտպանում եք հայկական ինքնությունը՝ կառուցվելիք եվրոպական մոդելի երկրում»։
Ազգային ժողովրդավարական բևեռի խոստումները
Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը սահմանվում են որպես ռազմավարական առաջնահերթության գոտիներ։ Նախատեսվում է՝
- արտոնյալ տնտեսական ռեժիմի կիրառում.
- վերաբնակեցման խթանում.
- ենթակառուցվածքների արագ զարգացում.
- կանաչ տնտեսության փորձնական ծրագրերի իրականացում.
- վերականգնվող էներգետիկայի զարգացում։
ԱԺԲ-ն նշում է, որ «մերժվում է Հայաստանի տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրումը՝ ցանկացած ձևակերպմամբ»։
Տնտեսական և սոցիալական քաղաքականություն
Տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու արտադրողական տնտեսության ձևավորմանը։
Առաջնահերթություններն են՝
- արդար հարկային համակարգի ներդրում.
- փոքր և միջին բիզնեսի խթանում.
- տեխնոլոգիական և գիտական զարգացման խրախուսում
- նպատակային սոցիալական պաշտպանություն.
- տեղահանված անձանց իրավունքների ապահովում.
- սոցիալական բնակարանաշինություն.
- եկամուտների և սպառողական զամբյուղի կապի ապահովում.
- կոմունալ ծառայությունների սակագների նվազեցում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խոստումները
- Կասեցնել «ուղեղների արտահոսքը» և տարբեր ոլորտներում աշխարհի հայազգի լավագույն մասնագետների՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելը խրախուսելը,
- Սփյուռքի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացումը.
- Ընդերքի աստիճանական ազգայնացումը,
- Դեմոգրաֆիական կտրուկ աճի ապահովումը,
- Հայաստանի Հանրապետության համաչափ զարգացումը՝ առանցքային նշանակություն տալով գյուղական և սահմանապահ համայնքների զարգացմանը։
Ռեֆորմիստների խոստումները
Ռեֆորմիստներինը թերևս ամենակարճ ծրագիրն է՝ 6 կետ, 6 նախադասություն, ու չնայած փաստաթղթում այս ուժը նշել է «Ռեֆորմիստների 7 կետերը», սակայն դրանք իրականում 6-ն են։ Կամ վրիպակ է եղել, կամ 7-րդ կետը մոռացել են նշել։
- Ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։
- Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել դրա կանխման պետական ծրագիր ներառելով ներգաղթի կազմակերպում։
3.Սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափանիշներ։
- ՀՀ-ում ընտրություններին մասնակցությունը դարձնել պատվավոր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով:
- Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը ՀՀ-ում դարձնել անվճար և զգալիորեն բարձրացնել մանկավարժների, բժիշկների աշխատավարձը։
- Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։
Նկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ
