Քարոզարշավի օրը․Փաշինյանին սպառնացող դիմակավորվածներ, չզոհվելու համար արցախցուն մեղադրող, նախկիններին «սատկացնել» խոստացող վարչապետ
Այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 11-րդ օրն էր։ Քարոզարշավը լի էր սկանդալային հայտարարություններով, մասնավորապես ՔՊ վարչապետի թեկնածու ու գործող վարչապետն այսօր վիրավորանքների ու սպառնալիքների ռեկորդ սահմանեց։
Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա՝ մայիսի 18-ի քարոզարշավի ուշագրավ հայտարարություններն ու միջադեպերը։
«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում էր քարոզարաշավ իրականացնում։ Այսօր նախ նրան մոտեցել էր թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհի Արփինե Սողոյանը, որի եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է։ Տիկին Արփինեն Փաշինյանին մեղադրել է Փաշինյանին, ասելով․«Դուք գողացել եք իմ հայրենիքը, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ եղբորը, իմ էրեխեքին։ Դուք փորձեցիք մեզ կզզացնել, բայց դուք եք կզել»։
Հետո Փաշինյանը հունից դուրս է եկել․ « Ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկեքովները, որ վիդեոներ են տարածում, դրանք փախածներն են, փախել են պատերազմից։ Ռոբին էլ եմ կզզացնելու, Սերժին էլ եմ կզզացնելու, կալուգացիին էլ եմ կզզացնելու, Գագոյին էլ։ Ռոբիդ կզզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնեմ, կալուգացուդ էլ չոքացնելու եմ, սատկացնեմ։ Հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Հանեք ձեր մասկեքը, Ռոբի, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, մասկեքն էլ հատ-հատ հանելու, կոխելու եմ համապատասխան տեղերը»։
Բանն այն է, որ այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ դիմակավորված անձինք արցախյան բարբառով ու զենքերով դիմում են Փաշինյանին․«․․․պատասխան ես տալու, մունք գիդում ենք՝ դու շտեղով ես ման կյամ․ որ փողոցներով ես անց կենում, մունք քեզ ջրելու ենք, դու ս․․․ա ես, դու խաբեբա ես»։
Փաշինյանը քարոզարշավը շարունակեց նույն ոճով․ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի հետ զրույցը վերջինիս համար ճակատագրական եղավ․Օսիպյանը մի քանի հարց էր ուղղել Փաշինյանին, պնդում էր, որ երբ Արցախում իրենք պայքարում էին թալանչիների դեմ, Փաշինյանն աջակցել է Արայիկ Հարությունյանին, որը փող է բաժանել։ Հետո Փաշինյանը հունից դուրս է եկել ու նորից վիրավորանքներ ու ատելություն հրահրող հռետորաբանությամբ հայտարարել․«Էս Ղարաբաղի փսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից, գնան ընդհանրապես։ Արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքեր են սրանք։ Արթուր Օսիպյանն եմ, գլուխդ պատովն ես տվել, գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Գնայիր զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, այ տականք։ Շահրամանյանը ինչի՞ ա կենդանի»։
Միջադեպից կարճ ժամանակ անց պարզվեց, որ Օսիպյանը ձերբակալվել է։ ՆԳՆ-ն հայտնել է, որ նա ձերբակալվել է խուլիգանություն անելու կասկածանքով։
Փաշինյանը ընդդիմադիր այլ ուժերի էլ «անուշադրության» չմատնեց։ Քարոզարշավի օրն ամփոփելով Մերգելյան այգում ելույթ է ունեցել, հավանաբար այնտեղ էր «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը, քանի որ Փաշինյանը նրա անունը հնչեցրեց․« Զարուհի, ի՞նչ ես խոսում, այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, էժան, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր, ստահակ։ Հետո պարզվեց, որ դու, քո շեֆը՝ Րաֆֆին, Ռոբին ու Սերժին ծախված եք։ Ժողովրդին առաջնորդում էիք գիտակցված դեպի կործանում։ Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբից, որ ժողովրդին ամեն անգամ տանեք պարտության։ Այդ հեղափոխությունը 2018-ին չէր լինի, այլ կլիներ 2003-2004-ին, եթե Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, Զարուհին և իրենց նման ստահակները նախապես գործարքի տարած չլինեիք ժողովրդին։ Ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որ էս ժողովրդին ամեն անգամ տարել է դեպի պարտություն»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է․«Փաշինյանի այսօրվա սրացումները և խայտառակ հայտարարությունները ընդամենը մեկ պատճառ ունեն․ նա հասկանում է, որ չի հաղթում ընտրություններում։ Այսօր դա արդեն արձանագրված փաստ է, ուստի փորձում է սրել հայաստանցի-ղարաբաղցի, նախկին-ներկա, պատերազմ թե խաղաղություն թեմաները։ Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Փաշինյանն ամբողջ խաղադրույքը դրել է դրա վրա, և չտրվեն նրա սադրանքներին, հունիսի 7-ին հանգիստ գնան ընտրության և ընտրությունների միջոցով փոխեն իշխանությունը»։
Մարուքյանն անդրադարձել է Փաշինյանի՝ նախկին նախագահներին, Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին ուղղված այսօրվա հայտարարություններին՝ «․․․ Գլուխները կտրելով հերթով եկել ենք, հիմա մնացել են վերջին երեք գլուխը։ Մինչև տարվա վերջ դա պետք է տեղի ունենա»։
Մարուքյանը սա անվանել է նախընտրական քարոզչական թատրոն։
«Փաշինյանը սկսել է 2021թ. նոր խաղերը, տինտիրիտները, որովհետև տեղը նեղն է»,-ասել է ԼՀԿ առաջնորդը:
«Բևեռացումը միայն Փաշինյանին է ձեռնտու։ Նա ուզում է առաջին հերթին հաղթել ընտրություններում, երկրորդ՝ ունենալ էն պառլամենտը, որը էսօր կա, էսօրվա պառլամենտից բեթար պառլամենտ կարող է ունենալ: Այս սրացումները թատրոնի մի հատվածն են, ժողովուրդը չպետք է տրվի սրան, որ 2021թ. կրկնությունը տեղի չունենա»:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքել է Փաշինյանի մեղադրանքներին, ասելով՝ «Փաշինյանը առավոտվանից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել։ Այս տեսանյութը, ըստ որի՝ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են իրեն, վերցրել է, ընկել փողոցները ու սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում ու ընդդիմությանը մեղադրում այդ երեւույթի հետ կապ ունենալու համար:
Այս մարդու մոտ բան չի փոխվել: Այս նույն ձեռագիրն է ու վառված ձեռագիրն է: Այս նույնը արել է պատերազմից հետո, դիմադրության շարժման ժամանակ, «Սրբազան շարժման» ժամանակ: Հենց նեղն է ընկնում, իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, որ նախ վախ սերմանի ժողովրդի մեջ, հետո դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, ձերբակալությունները եւ երկրի սահմանադրական կարգի տապալումը»։
Նույն դաշինքից Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին»։
Իսկ ահա դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ընտրողներին վստահեցրել է՝ իր ղեկավարման դեպքում պատերազմի հավանականությունը վերանալու է, իսկ այս իշխանությունը, Քոչարյանի խոսքով՝ « պատերազմի համար էստի համեցեք է, որովհետև թույլ է, չի հասկանում նման պրոցեսներից»։
Քոչարյանը նշել է․«Պետք է ունենալ մարտունակ բանակ և վերականգնել հարաբերությունները հզոր դաշնակցի հետ։ Այս երկու հանգամանքները միասին երաշխավորելու են, որ որևէ մեկը չի համարձակվի պատերազմ սկսել»։
«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադառնալով Փաշինյանին սպանացող դիմակավոր անձանց տեսանյութին, ասել է․«Ցանկացած բռնություն բացարձակապես անընդունելի է։ Հայաստանում պետք է հաստատվի իրավունքի պետություն, որտեղ յուրաքանչյուր նման դեպք ենթարկվում է լիարժեք բացահայտման և պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է մեղավորը և ում նկատմամբ է կատարվել բռնությունը։ Տարածված տեսանյութի հետ կապված պետք է անհապաղ քննություն իրականացվի, բացահայտվի, բայց պետք է պարզվի նաև՝ արդյո՞ք սա պրովոկացիա է, և արդյո՞ք այս իշխանությունները չեն կազմակերպել այն, որովհետև նրանք հաճախ թիրախավորում են արցախցիներին»։ շխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանումներով, ապացույցներով և հրապարակային քննությամբ ցույց տալ իրականությունը՝ համոզելու նաև հակառակ կարծիք ունեցող քաղաքացիներին, քանի որ հանրային վստահությունը պահանջում է բաց, օբյեկտիվ և թափանցիկ գործընթաց։
Սա պետք է օբյեկտիվ, հրապարակային, հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի»։
Բացի սկանդալային տեսանյութին անդրադառնալուց, «Միասնության թևեր»-ը նաև նախընտրական ծրագրից է խոսել, վստահեցրել են՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։
«Նոր ուժ» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը սոցիալական ցանցում տարածած տեսանյութի միջոցով նախընտրական ծրագրից հատված է ներկայացրել՝ շրջանառության հարկը 10 տոկոսից նվազեցնել մինչև 5 տոկոս և մասնագիտացված ծառայությունները վերադարձնել շրջանառության հարկի ռեժիմ։
Մարությանն ասել է․«Հիմա կլինեն մարդիկ, որ կասեն՝ մի րոպե, բա այդքան գումար քիչ է մտնելու բյուջե։ Հավատացնում եմ, որ դա այդպես չի աշխատում. եթե հարկերը փոքրացնում ենք, մարդիկ ավելի շատ են աշխատում և ավելի մեծ գումարներ են տալիս պետությանը, այսինքն՝ պետությունը ոչ թե պետք է հարկերը բարձրացնի, այլ իջեցնի և թողնի, որ մարդիկ ավելի շատ աշխատեն և ավելի մեծ գումարներ տան պետությանը»։
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն․«Մենք գնում ենք Ազգային ժողովում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը փոխարինելու»։
«Հանուն հանրապետության» կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը հայտարարել է՝ «ընդդիմությունը ծրագրել է ոչ թե հաղթել ընտրություններում, այլ երկիրը տանել ցնցումների հետընտրական ժամանակաշրջանում»:
Բաբաջանյանը վստահեցրել է, որ հիմնական անելիքը պետք է լինի այն, որ թույլ չտան, որպեսզի պետությունը հայտնվի հետընտրական նորանոր ցնցումների մեջ, «որը կարող է մեր պետությունը տևապես հետ գցել բնականոն զարգացման ընթացքից: Որքան քիչ ձայն ստանան մեր պետականության թշնամիները, Պուտինը, այնքան անհնար կդառնան մեր պետությունը հետընտրական ցնցումների ենթարկելու սրանց մտադրությունները»։
«Ազգային ժողովրդավարական բևեռը» այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ու Վանաձորում։
Նրանք հայտարարել են, որ իշխանությունների քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք ոչ միայն Արցախը, այլ կորցնելու ենք մնացյալ Հայաստանը․« Եթե մենք մնանք մեր տներում, չցուցաբերենք ակտիվություն, այսօրվա իշխանությունները կկործանեն մեր երկիրը։ Օրվա իշխանությունները Ադրբեջանի հրահանգով կրճատում են հայկական բանակը»։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը տեսաուղերձով անդրադարձել է Փաշինյանին, ու նշել, որ «այսօր հայ ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը։ ․․․Փաշինյանի անգամ 20 օր ղեկավար մնալը վտանգավոր է երկրի համար։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ տղամարդու կերպարը»։
Այս ուժի նախընտրական ցուցակի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է իրենց քարոզարշավի վերջին օրերին։
«Կային դրական ու բացասական բաներ։ Դրականն այն էր, որ գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր և բանջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է և կարելի է շատ շահավետ վաճառել։ Բացասականն այն է, որ կա ջրի խնդիր, չկա մթերում, և պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում»,- ասել է Կարապետյանը՝ նկատի ունենալով Արմավիրում հանդիպումները։
Նա նշել է, որ Գեղարքունիքում իրավիճակն այլ էր, մասնավորապես, գործազրկության մակարդակի առումով։ Նա նշել է՝ աշխատուժի պակասի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ կոչ անելով այցելել Հայաստանի մարզեր և տեսնել արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թիվը։ Կարապետյանն ասել է, որ եթե նոր աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ չեն արտագաղթի, կմնան Հայաստանում ու կաշխատեն։
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ Սյունիքի մարզում էր քարոզարշավի։ Նա նույնպես անդրադարձել է Փաշինյանին, ասել է՝ Փաշինյանը վիրավորում է, որովհետև ասելու բան չունի։
Լրագրողի հարցին ի պատասխան, Ծառուկյանն ասել է, որ չի պատրաստվում իջնել նույն մակարդակին և վիրավորանքներին պատասխանել նույն ոճով։
«Եթե ինքը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Ես էլ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ինձ մոտենում են նույնիսկ ՔՊ-ականներ՝ կին, տղամարդ, ես ասել եմ՝ եթե քննադատությունը տեղին է, ես կընդունեմ, դա ամոթ չէ։ Բայց ոչ թե պիտի գոռգոռաս կամ նյարդայնանաս»։
Նա նաև նշել է, որ իշխանության նպատակը հասարակական քննարկումը իրական խնդիրներից շեղելն է, ու դրանք անձնական վիրավորանքների ու սկանդալների դաշտ տեղափոխելը։
Ռեֆորմիստների կուսակցության անդամները Աշտարակում էին, բնակիչների հետ հանիպման ժամանակ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են․«Հաճախ է խոսվում կուսակցությունների անցնելու, չանցնելու, փոշիացնելու մասին։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապագա խորհրդարանում լինելու են երեք կամ չորս կուսակցություն։ Մարդկանց հիսուն տոկոսը չգիտի, թե ում է ընտրելու։ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը ունեն հստակ ընտրազանգված, իսկ մյուս կուսակցությունները կարող են ստանալ այդ չկողմնորոշված մարդկանց ձայները»։
