Քարոզարշավի օրը․համայնքապետարանի աշխատակիցներ, խոսելու իրավունքից «զրկված» պապիկ՝ Փաշինյանի հավաքին, «ФСБ-ում աշխատած» վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածու
Այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 12-րդ օրն էր։ Քարոզարշավն այսօր էլ աղմկահարույց միջադեպերով ու բացահայտումներ լի։
Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա՝ մայիսի 19-ի քարոզարշավի ուշագրավ հայտարարություններն ու միջադեպերը։
«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչնեչն այսօր Լոռու մարզում էին։ Սպիտակ քաղաքում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ նրան փորձում էր մոտենալ Ազատի կացարանի հրդեհից զոհված զինվորի պապիկը, սակայն քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնցից մեկը ներկայացել էր որպես ոստիկան, նրա բերանը փակելով հեռացրել են հավաքից։ Տարեց տղամարդը փորձում էր պարզաբանում ստանալ, թե ինչու երեք տարուց ավելի է՝ հրդեհից այրված զինվորների, այդ թվում՝ իր թոռան գործով պատասպանատվության ենթարկվածներ չկան։ Սակայն նրա հայտարարությունից հետո Փաշինյանը, որն ավտոմեքենայի թափքից էր ելույթ ունենում, ոստիկաններին հրահանգել է՝ «խոչընդոտելու համար եկածներին հեռացրեք»։ Փաշինյանը պնդել է՝ «փող են տալիս, ուղարկում ՔՊ-ի հավաքը հատուկ խոչընդոտելու։ Ասենք կալուգացի օլիգարխը ամեն տեղ մի 200 հազար դրամից բանից տալիս է… Ես հրահանգում եմ ոստիկաններին, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին»:
Հիշեցնենք, որ վերջերս էլ Ազատի կացարանի հրդեհի զոհ դարձած մեկ այլ զինվորի մայրն էր մոտեցել Փաշինյանին ու վրդովված ասում՝ «․․․ես չեմ հանգստանում, ես գիշերը արցունքն աչքերիս իմ էրեխին եմ ուզում։ Դուք տարաք մեր էրեխեքին վառիք, մոխիր դառած բերիք դրիք իմ առաջը։ Զզվում եմ քեզնից, զզվում եմ քեզնից: Ձեզ ես էրկու անգամ ընտրել եմ, բայց անիծում եմ էդ օրը»։
«Ազատությունն» այսօր արձանագրել է, որ Սպիտակում Փաշինյանին լսելու եկածների մեջ շատ էին քաղաքապետարանի, «Հայփոստ»-ի աշխատակիցները, ոմանք նույնիսկ հաստատում էին, որ քաղաքապետարանի կամ այլ բնակավայրի վարչական կառույցի աշխատակից են։
Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանը հարվածել է «Ազատության» լրագրողի տեսախցիկին, խոչընդոտել աշխատանքն ու հունից դուրս եկել, երբ վերջինս նրանից հետաքրքրվել է, թե ինչու է աշխատանքային ժամին ներկա գտնվում իշխող ուժի քարոզարշավին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ աշխատանքային ժամին ընթացող քարոզչական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Սպիտակի համայնքապետը։
Տաշիր համայնքի (այս համայնքներում Սամվել Կարապետյանի աջակցությունը վայելող համայնքապետ է պաշտոնավարում ) Մեծավան բնակավայրում, որտեղ անցած շաբաթ ՔՊ-ի և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների միջև միջադեպ էր տեղի ունեցել, այսօր էլ հանգիստ չէր։ Փաշինյանի այցից առաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ստուգումներ էին իրականացնում գյուղի կենտրոնում, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում։ Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանն դուրս էր բերվել աշխատասենյակից, որտեղ անվտանգության աշխատանքներ էին իրականացվում
Փաշինյանն այսօր հայտարարել է․«Մեզ հետ անհամաձայն քաղաքացիները թող չգան մեր քարոզարշավին»։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին աղմկահարույց բացահայտումներ եղան։ Ռուսական The Insider-ը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որտեղ անվանական ներկայացված են Կրեմլի «հայկական ուղղությունը» համակարգող պաշտոնյաներն ու հատուկ ծառայությունների աշխատակից «դիվանագետները»։ Հոդվածում հիշատակվում են նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը։
Ըստ հրապարակման՝ «Մոլդովայում և Հունգարիայում ձախողումից հետո Կրեմլը իր բոլոր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրությունը։ The Insider-ը պարզել է, թե ով է համակարգում հայկական ուղղությունը ՌԴ նախագահի վարչակազմում, СВР-ի (Արտաքին հետախուզության ծառայություն), ГРУ-ի (Գլխավոր հետախուզական վարչություն) և ФСБ-ի (Դաշնային անվտանգության ծառայություն) որ սպաներն են գործուղվել Երևան առաջադրված նպատակների իրականացման համար, և ինչպես են ընդդիմադիր թեկնածուները կապված ռուսական հատուկ ծառայությունների հետ։
Factor-ը ներկայացրել է The Insider –ի ամբողջական հետաքննությունը, որտեղ հիշատակվում է նաև Սամվել Կարապետյանը․«1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։ Ինչպես խմբագրությանն է պարզաբանել ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը, այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։ Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այդպես նշում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիներին կամ ոչ հրապարակային տեղեկատուներին (негласных осведомителей)։
«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի անձնագրային գործում ФСБ աշխատավայր նշմանը՝ ըստ The Insider-ի, ասել է․«Այս հոդվածն ո՞վ է պատվիրել՝ կարո՞ղ է ինչ-որ աշխատակազմի ղեկավար պետական ռեսուրսների վատնում է կատարել և սխալ տեղեր է փող ծախսում։ Մեր պետության փողերը, լավ կլինի, որ ծախսեն մարդկանց կարիքների համար։ Մարդիկ հարյուրավոր հազարներ են ծախսում՝ սուտ բաներ տարածելու համար, ու դա անում են պետական ռեսուրսներով կամ ստվերային ֆինանսավորումներով»։
Ինքը Սամվել Կարապետյանն այսօր այս նույն թեմայով Ֆակտորի լրագրողի հարցին չի պատասխանել, միայն ասել է՝ «շան տեղ մի դրեք, Փաշինյանն է տարածել»։ Նա Փաշինյանի երեկվա հայտարարություններիի ու սպառնալիքների մասին էլ ասել է․«Փողոցում վազվզում է խելագար»։
«Հայաստան» դաշինքն այսօր Շիրակում էր, դաշինիքի առաջնորդ Ռոբեր Քոչարյանը Փաշինյանի մասին ասել է՝ «հիստերիկ, գժական գնացող։ Ասում էր՝ ղարաբաղյան հարցի բանակցությունների ժամանակ ինձ գժի եմ տեղ եմ դնում։ Չէր դնում, շատ բնական էր»։
Քոչարյանը շիրակցիներին վստահեցրել է՝ գերիների վերադարձի հարցը ողջամիտ ժամկետում իր լուծումը կարող է ստանալ։
«Միասնության թևերի» առաջնորդ Արման Թաթոյանը Վաղարշապատում բնակիչների հետ զրույցում հայտարարել է,«Մեր նպատակն է թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ն վերարտադրվի, թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի վարչապետ»։
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներն այսօր կրկին ինքնատիպ ակցիա են արել Արաբկիրում՝ մարդկանց կաթ-մածուն են բաժանել։ «Քանի որ երեկ Արաբկիրում թույնը վխտացել ա, ատելության խոսքի մակարդակի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, հին մեթոդներով մարդկանց կաթ ու մածուն ենք տալու, որ թույնը դուրս գա, չտանջվեն»,-ասել են կուսակցության ներկայացուցիչները։ Երեկ Արաբկիրում, հիշեցնենք, Փաշինյանը արցախցի Արթուր Օսիպյանին ասել է․« Գնայիր զոհվեիր, դու խի ես կենդանի, այ տականք»։
Նույն ուժից Արամ Քոչարյանը արձագանքել է Փաշինյանի և ՔՊ այլ ներկայացուցիչների հայտարարություններին, որ ներկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, մինչդեռ նախկինում դրա համար մարդկանց զուգարանում ծեծելով սպանում էին:
«Ոնց մնացած քաղաքական ուժերն են հայտնվել քաղաքական աղբանոցում նման վարքի համար, դուք էլ եք հայտնվելու նույն աղբանոցում: Հերիք է ադալժենիի ձևով խոսեք… Ժողովուրդը Արթուր Օսիպյանի համար էլ է ձեզ այդ քաղաքական գնահատականը տալու: Ադալժենի եք անում քաղաքացուն, որ գոհ եղեք՝ ձեզ զուգարանում չենք ծեծում»,- ասել է նա ու կոչ արել իշխանությանը՝ եթե այնպես ստացվի, որ քաղաքական բանավեճի բռնվի նրանցից որևէ մեկի հետ, իրեն զուգարանում ծեծեն՝ «ադալժենի» չանեն»։
Ի դեպ, ՄԻՊ ներկայացուցիչներն այսօր այցելել են Արթուր Օսիպյանին, նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։
Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանն այսօր հայտարարել է․«Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները և անպարկեշտ խոսույթը նրանց հասցեին։ Լիովին կիսում եմ Արթուրի տեսակետը, փայլուն տիրապետում է արցախյան հարցին, բանակցային գործընթացին և տեղի ունեցած հանցագործությունների հիմքերին։ Նա չի զոհվել զուտ պատահականությամբ, բախտի բերմամբ, այնպես, ինչպես ես, ինչպես մեր շատ մարտական քույրեր և եղբայրներ։ Արթուրին անհապաղ ազատ արձակեք, նրա վարքի և խոսույթի մեջ հանցակազմ չկա, նա հալածվում է քաղաքական հայացքների համար, դուք ձեր գործողություններով թաղում եք Հայաստանում ժողովրդավարության համակարգայնացման վերջին հույսը»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Ակադեմիական քաղաքի տարածքում էին: Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասել է՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվի, պատասխանատուներն էլ պետք է վճարեն մինչ օրս ծախսված գումարները:
«Բայց եթե որևէ բան պետք է այդ տարածքում կառուցվի, քանի որ պետական որոշակի ներդրումներ կան, առաջարկում եմ այստեղ տեղափոխել կառավարական բոլոր շենքերը: Ամեն առավոտ ավտոբուսներով՝ վարչապետն ու նախարարները թող գան աշխատանքի՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը»։ Իսկ Երևանի փոքր կենտրոնը՝ իրար կապող բուհերով, առաջարկում է դարձնել ոչ երթևեկելի տարածք, ամբողջությամբ կանաչապատել և դարձնել ուսանողական տարածք․ օդը մաքուր կլինի, քաղաքն էլ կբեռնաթափվի»,-ասել է Մարուքյանը։
ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Փաշինյանի երեկվա հայտարարություններին ու արցախցիների հասցեին հնչող մեղադրանքներին․«Դա քուչի գյադու բառապաշար է։ Փաշինյան, դու էդպես էլ պետական գործիչ չդարձար»։
ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Արամ Մանուկյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել է՝ Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է, ընդգծելով՝ ՀԱԿ-ը ռեալիստ է, նման հարց չկա իրենց օրակարգում:
«Բայց մարդկանց վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ այսօրվա Ադրբեջանի դիկտատորական պայմաններով որևէ հայ այնտեղ գնալու ծրագիր չի ունենա, և դա ես չեմ էլ համարում ռեալ, ինչը խոստանում են շատ քաղաքական ուժեր»,- աել է Մանուկյանը:
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը դաշտում գործող այլ ուժերի այլընտրանքն է։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված նախընտրական քարոզչության ընթացքում Արտակ Սարգսյանը հայտարարել է. «Մենք միակ ուժն ենք, որ հանդես ենք գալիս հայկական օրակարգով, Հայաստանի, հայ ազգի շահերից»։
Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը հայտարարել է․ «Խորհրդարանական ընտրությունները բառացիորեն վերածել են մարդու անհատական պայքարի, դա դիտավորություն է, որովհետեւ երկիրը չի ազատագրվել: Իսկ եթե չի ազատագրվել, չի լինի պառլամենտարիզմ»։
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն․«Մենք գնում ենք Ազգային ժողովում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը փոխարինելու»։
«Հանուն հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․« Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է նախընտրական գործընթացում բռնության, սպանության սպառնալիքի և վախի մթնոլորտ ձևավորելու ցանկացած փորձ։ Սա ուղղված է ոչ միայն կոնկրետ անձի կամ ուժի դեմ, այլև ընտրական գործընթացի, հանրային համերաշխության և ժողովրդավարական մրցակցության դեմ։ Յուրաքանչյուր ուժ, որը լռում է նման երևույթի առջև, փաստացի լռությամբ նորմալացնում է քաղաքական ահաբեկման մշակույթը։
Իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ, ամբողջական և հրապարակային ընթացակարգով ստուգել կատարվածը, տալ իրավական գնահատական և ապահովել, որ ընտրական գործընթացը չթունավորվի սպառնալիքով, սադրանքով և անպատժելիության զգացումով։
Ընտրարշավի մասնակից բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք սկզբունքային դիրքորոշմամբ հանդես գալ այս մերժելի գործելակերպի վերաբերյալ»։
Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկվա վարքագիծը, երբ նա վիրավորանքներ, սպառնալիքներ էր հնչեցնում, նաև՝ արցախցիների հանդեպ ատելություն սերմանող հայտարարություններ։
ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտնել է, որ Արթիկի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին՝ Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը։ Երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ իր համաքաղաքացին իրեն խոստացել է յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 հազար դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
