Տիգրան Գրիգորյան․«Պուտինն ազդակ է հղում՝ եթե ՀՀ-ն Մոսկվային զրկի կարևոր լծակից՝ երկաթուղու կառավարումից, ապա լուրջ հետևանքներ կլինեն» | Region

Տիգրան Գրիգորյան․«Պուտինն ազդակ է հղում՝ եթե ՀՀ-ն Մոսկվային զրկի կարևոր լծակից՝ երկաթուղու կառավարումից, ապա լուրջ հետևանքներ կլինեն»

Ապրիլ 02,2026 20:50

Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպման առանցքային թեման երկաթուղին էր, և պատահական չէր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական շեշտադրումներ արեց աևտրաշրջանառության, գյուղմթերքի արտահանման վրա, հատուկ շեշեց, որ գազի գնի տարբերությունը Հայաստանի համար այն 177 դոլար է, ԵՄ-ի համար՝ 600, ասաց «Եվրամիության հետ մաքսային միությունում և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է»։

Մինչ այս էլ մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել են երկաթուղուց, որ ՌԴ-ն չի պատրաստվում զիջել «Հարավակովկասյան երկաթուղիներ»-ի կոնսցեսիոն կառավարումը, Պուտինի երեկվա հայտարարություններն ազդակ են՝ եթե դուք նման որոշում կայացնեք ու ՌԴ-ին զրկեք կարևոր լծակից՝ կոնցեսիոն կառավարումը փոխանցեք այլ երկրի, ապա դա ունենալու է լուրջ հետևանքներ։ Այս կարծիքին է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։

Նա RegionsTV-ի հետ զրույցում ասաց՝ Պուտինի տնտեսական այդ շեշտադրումները հենց երկաթուղու ապագայի հետ կապված գործընթացներին են վերաբերվում։

Գրիգորյանը հիշեցրեց, որ ՌԴ այս դիրքորոշումն այսօր հասատատեց նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօրվա իր հարցազրույցում, որտեղ բավականին բաց տեքստով է խոսել։

Օվերչուկը, հիշեցնենք, ասել է․«․․․եթե մեզ ասեն, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, փոխադարձության սկզբունքի հիման վրա, արդարացի է հարցնել. եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել և գումար վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ կարող են հայկական ընկերություններն ու ձեռնարկատերերը գործել և գումար վաստակել Ռուսաստանում»։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին հայտարարել էր, որ «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը»:

Հայկական երկաթուղին ՌԴ-ին կոնցեսիոն կառավարման է հանձվել 2008 թվականին՝ 30 տարով, ևս 10 տարի ավելացնելու հնարավորությամբ:

Թե որքանով են լուրջ ռուսական կողմի այս սպառնալիքները, Գրիգորյանն այս առնչությամբ ասաց՝ մինչ այժմ ՌԴ-ն Հայաստանի տարբեր որոշումներին ու քայլերին բավականին մեղմ էր արձագանքում։ Օրինակ՝ այս տարիներին ՀՀ-ն որոշ ուղղություններով փորձել է մեղմել ՌԴ-ից կախվածությունը, որոշ դեպքերում սիմվոլիկ էր։ Նա օրինակ բերեց Զվարթնոց օդանավակայանից ու հայ-ադրբեջանական սահմանից ռուս սահմանապահների դուրս բերումը, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը, այս որոշումներից ռուսական կոշտ արձագանք չեղավ։

«Բայց հիմա հարցը բավականին լուրջ ենթակառուցվածքի նկատմամբ ռուսական վերահսկողությունն ու լծակը չեզոքացնելու մասին է խոսքը։ Այս իմաստով, կարծում եմ, ռիսկերը մեծանում են, ու ավելի կոշտ գործիքակազմ կկիրառվի»,-ասաց Գրիգորյանը, ու հավելեց՝ ՌԴ-ն չի պատրաստվում կոնցեսիոն կառավարումը, ավելի կոնկրետ՝ իր այդ լծակը զիջել։

Նա, նկատի ունենալով Օվերչուկի այսօրվա հայտարարությունն, ասաց, չի բացառվում, որ Մոսկվան Հայաստանից Դ արտահանումների վրա սահմաննափակումներ դնի, ու կարծես թե ռուսներն այս փուլում հակված են գնալ այդ քայլին։

«Կարծես թե բավականին հստակ դիրքորոշում կա, որ ռուսները չեն պատրաստվում հրաժարվել երակթգծերի նկատմամբ վերահսկողությունից։ Այսօր էլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ թեմայով ռուսների հետ քննարկումները շարունակվում են։ Դա նշանակում է, որ որևէ ընդհանուր հայտարարի այս հարցում չեն եկել։ Այս փուլում Հայաստանի համար բավականին դժվար կլինի, քանի որ մի կողմից կան ազդակներ, որ ռուսական վերահսկողությունը երկաթուղու նկատմամբ կարող է խոչընդոտել ապաշրջափակման գործընթացը, բայց մյուս կողմից էլ կա ՌԴ-ի կողմից կոշտ արձագանքի հավանականություն»,-նկատեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահը։

Սա նշանակում է արդյոք, որ TRIPP-ը վտանգված է կամ դրա լիարժեք իրագործումը կարող է փակուղի մտնել, մեր այս հարցին ի պատասխան էլ Գրիգորյանն ասաց՝ խնդիրը ոչ թե բուն TRIPP-ն է, այլ՝ TRIPP-ի շարունակությունը։ Նա հիշեցրեց, որ ըստ ՀՀ իշխանությունների, Մեղրիի հատվածում կառուցվող երկաթգիծը չի լինելու ռուսական վերահսկողության տակ, ՀՀ-ն չի էլ պատրաստվում ռուսներին ներառել այդ նախագծի մեջ։ Ըստ Գրիգորյանի՝ խնդիրն այն է, որ TRIPP նախագիծն ավարտելուց հետո ի՞նչ երթուղով է գնալու այն և արդյոք կապվելու է Հայաստանի հետ, թե՝ ոչ Նախիջևանի տարածքով։ Եթե կապվի, ապա ի՞նչ պայմաններով։

Նա նկատեց՝ նախորդ տարվանից ԵՄ-ն բավականին լուրջ հետաքրքրություն ունի Նախիջանի հատվածում երկաթգծի վերականգնման գործընթացին աջակցելու մեջ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը անցած տարի Նախիջևան էր այցելել, ապա հրապարակային հայտարարություններ են եղել այդ երկաթուղու վերակնգման մասին․«Բայց ԵՄ-ն նախապայման է դնում Բաքվի առջև, ասում է՝ եթե մենք ձեզ ֆինանսապես օգնենք այդ հատվածը վերականգնելու համար, այն պետք է անպայման կապվի Հայաստանի հետ՝ Երասխում։ Ադրբեջանցիներն այս ընթացքում առաջ էին տանում այն նարատիվը, թե երկաթգծերը վերահսկում է ռուսական ընկերությունը, որը ԵՄ պատժամիջոցների տակ է ու սա բավականին լուրջ կարծիք է, որն առկա է նաև Բրյուսելոմ։ Այսինքն սա լուրջ խնդիր է, ու այս հարցում եթե հնարավոր չլինի ռուսներից վերցնել երկաթգծի կառավարումն ու 3-րդ կողմին փոխանցելը, ապաշրջափակման գործընթացը շարունակելու միակ միջոցը լինելու է արդեն եվրոպացիների հետ աշխատանքը, որպեսզի ինչ որ միջոց գտնեն իրավական այս խնդիրները շրջանցելու համար»։

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։ Պուտինն ասել է, որ ՌԴ իշխանությունները շատ կցանկանայինք, որ ռուսամետ բոլոր քաղաքական կուսակցությունները, գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում․«Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»։

Արդյոք սա կարելի է դիտարկել Պուտինի կողմից միջամտություն ՀՀ ներքին գործերին։ Այս առնչությամբ էլ քաղաքագետը նախ նկատեց՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ խորհրդարանական ընտրությունները աշխարհաքաղաքականացված են, այսինքն, բոլոր աշխարհաքաղաքական բևեռներն ինչ-որ նախապատվություն ունեն այս ընտրություններում և փորձում են աջակցել իրենց համար ընդունելի թեկնածուներին․«Այդ առումով, իհարկե, զարմանալի է, որ հրապարակային ասվեց այդ մասին։ Կարծում եմ՝ սա կարող է նաև վնասել իրենց ընդունելի թեկնածուին։ Սակայն, ուղերձի իմաստն այն է, որպեսզի կանխվի մոլդովական սցենարը, երբ ընտրություններից առաջ կուսակցություններին (խոսքը «Մեծ Մոլդովա» և «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությունների մասին է, այս ուժերն, ըստ իշխանությունների, սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ, խմբ․) արգելվեց մասնակցել ընտրություններին։ Չնայած, որ Փաշինյանը կարծես այլ ուղղությամբ գնաց, փորձեց ասել, որ նա իրավունք չունի անձամբ մասնակցել ու առաջադրվել և այլն։ Կարծում եմ, որ հիմնական շեշտադրումը կապված էր հենց այդ քաղաքական ուժի հետ, որովհետև կան խոսակցություններ, որ հնարավոր է նման որոշում կայացվի՝ արգելվի մասնակցել ընտրություններին»։

Նելլի Բաբայան

Գլխավոր լուսանկարը՝ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

 

Նորություններ