Գյումրիում ավագանու 33 մանդատի համար պայքարելու է 370-ից ավելի թեկնածու

Գյումրիում թեժ ընտրապայքար է սպասվում, ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվել է 9 քաղաքական ուժ
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն այսօր էր։ Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։
«Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հանդես կգան «Մեր քաղաքը» դաշինքով, որի 34 անձից կազմված ցուցակը գլխավորում է «Պատիվ ունեմ» խմբակցության ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ցուցակի 2-րդ համարը Գյումրու նախկին ավագանու անդամ Սվետլանա Ադամյանն է, 3-րդը՝ Հովհաննես Գևորգյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հարենիք» կուսակցությունները։ 57 հոգանոց ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը, 2-րդ համարը լրագրող, մեկնաբան Դերենիկ Մալխասյանն է, 3-րդը՝ Աննա Մուրադյանը:
Իսկ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունները հանդես կգան «Եվրադաշինք» անվամբ, որի 25 թեկնածուից կազմված ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լևոն Բարսեղյանը, 2-րդ համարը փաստաբան Գայանե Գևորգյանն է, 3-րդը՝ Անուշ Կարապետյանը։ Ի դեպ, «Եվրադաշինքի» ցուցակում կանայք 48 տոկոս են, տղամարդիկ՝ 52, իսկ օրենքն ասում է, որ ընտրացուցակներում թեկնածուների առնվազն 30 տոկոսը պետք է լինեն կանայք։
Առաջինը առաջադրման հայտ ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրել է «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը, որի 33 թեկնածուով ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, 2-րդ տեղում նրա փեսան է՝ Ավետիս Առաքելյանը, 3-րդ համարը զբաղեցնում է Լուսինե Անանյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցության 40 թեկնածուով ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, 2-րդ համարը զբաղեցնում է Վահե Կիրակոսյանը, 3-րդ տեղը՝ Սուսաննա Մկրտչյանը։
«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության 32 թեկնածուով ցուցակի առաջին համարը զբաղեցնում է երգիչ Արտյոմ Թումանյանը, 2-րդ համարը Բարսեղ Տիլեվերյանը, 3-րդ համարը՝ Աիդա Ղազարյանը:
«Ապրելու երկիր» կուսակցության 30 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, 2-րդ համարը Հայկ Պողոսյանն է, 3-րդը՝ Գյումրու նախկին ավագանու անդամ Կալիպսե Ասատրյանը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակն ամենափոքրն է։ 23 հոգանոց ցուցակի առաջին տեղում գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է, 2-րդ տեղում գործարար Գագիկ Ադամյանն է, 3-րդ տեղում՝ Սեդա Խաչատրյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ամենամեծն է։ 99 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, 2-րդ համարը Վահագն Մկրտչյանն է, ով վարչապետի կնոջ մորաքրոջ թոռն է, 3-րդ համարը՝ Էմմա Բարսեղյանն է։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի տեղեկացմամբ՝ որոշ քաղաքական ուժերի փաստաթղթերում առկա էին թերություններ, որոնք շտկելու համար իրենք 5 օր ժամանակ ունեն։
«Մենք բովանդակային չենք նայել փաստաթղթերը, քանակային ենք նայել, ինչ էս պահին տեսել ենք, դա ենք փոխել տվել, որովհետև առաջադրման վերջնաժամկետի ավարտից հետո ցուցակների հետ մանիպուլյացիա անել այլևս հնարավոր չէ, դրանք պակասեցնել կարող ենք, բայց ավելացնել՝ ոչ»,- նշեց Տիգրան Ղազարյանը։
Նրա խոսքով, այդ ցուցակները ճշտելու են ոչ միայն իրենք, այլ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը, այսինքն կրկնակի ստուգում է կատարվելու։
Ըստ նախագահի, անհամապատասխանություն էր առաջացել «Մայր Հայաստան» դաշինքում ընդգրկված կուսակցությունների և դաշինքի տված ցուցակների միջև, ինչը շտկելու համար լիազոր ներկայացուցիչներին ժամանակ տրվեց և վերջնաժամկետի լրանալուց 10 րոպե առաջ նրանք կարողացան թեկնածուների լիարժեք ցուցակ ներկայացնել հանձնաժողով։
Տիգրան Ղազարյանի խոսքով՝ հնարավոր է անհամապատասխանություն լինի նաև թեկնածուների և զբաղեցրած պաշտոնների միջև։ Օրենքը չի թույլատրում առաջադրվել ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Իսկ օրինակ ԱԺ պատգամավորներին կամ մարզպետներին թույլատրում է առաջադրվել։
Ի դեպ,«Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի 99-րդ համարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է։
Զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելիությունը նրանց դեպքում սկսվում է այն ժամանակ, երբ ստանում են մանդատը։ Այդ դեպքում չի թույլատրվում զբաղեցնել հիշյալ պաշտոնները։
«ԱԺ պատգամավորը կարող է ցուցակի առաջին համարում լինել, ընտրվել քաղաքապետ, պատգամավորի մանդատից հրաժարվել, գալ աշխատել քաղաքապետ, դա նորմալ է։ Անհամատեղելիությունը գործում է մանդատը ստանալուց հետո։ ԱԺ պատգամավորը կարող է մնալ ցուցակում տարիներով, բայց երբ մանդատ ստանա, պետք է հրաժարվի պատգամավորի աշխատանքից»,- տեղեկացրեց Տիգրան Ղազարյանը։
Նա խոսեց նաև կանանց քվոտաների մասին։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրական ցուցակի բոլոր եռյակներում պետք է լինեն կանայք։ Ու եթե ընտրվելուց հետո մանդատը որոշեն վայր դնել, ապա մանդատ ստացող հաջորդ թեկնածուն պետք է անպայման կին լինի։ Ի դեպ, այս օրենքը ըստ Տիգրան Ղազարյանի, գործել է դեռ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Գյումրիում կանանց և տղամարդկանց համամասնությունը ավագանիում պահպանվել է։ Բայց հանրապետությունում կան շատ համայնքներ, որտեղ ՏԻՄ-ում կանայք շատ քիչ են, որոշներում ընդհանրապես չկան, ինչը օրենքի խախտում է։
Եվ այսպես, Գյումրիում 3 դաշինք և 6 կուսակցություն 10 օրից պաշտոնապես դուրս կգա ընտրապայքարի։ Ավագանու 33 մանդատի համար պայքարելու է 370-ից ավելի թեկնածու։
Կարինե Կազարովա
Նորություններ

