ԵԱՏՄ երկրներին էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումն առանցքային առավելություններ կտա. Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է փոխզիջման հասնեն էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման համար։ Այդ մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կտա մի շարք առանցքային առավելություններ՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Դա հաշվի առնելով՝ կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,- հայտարարել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի:
«Սակայն, մեր կարծիքով, անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի փուլային անցումը դեպի թվային հարթակի վրա փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի առանձին քննարկում և մանրամասն ուսումնասիրություն կպահանջի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։