«Որևէ երաշխիք չկա, որ պայմանագիրը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանը չի հարձակվի». ԱԺ պատգամավոր
«Խաղաղության մասին չէ այն գործընթացը, որը տեղի է ունենում Երևանի ու Բաքվի մեջ»,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը ԱԳՆ-ում ծանոթացել է Հայաստանի կողմից Ադրբեջան ուղարկված վերջին առաջարկներին:
«Մեր տեսած պայմանագրի կետերով Ադրբեջանը պարզապես ֆիքսում է այն, ինչ ձեռք է բերել ուժի սպառնալիքով, միաժամանակ Հայաստանը որևէ հավելյալ երաշխիք չի ստանում իր տարածքները պաշտպանելու, որևէ մեխանիզմով չի պարտադրվում Ադրբեջանին դուրս գալ օկուպացված տարածքներից, որևէ երաշխիք չկա նաև, որ այդ պայմանագիրը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանը չի հարձակվի: Մենք ասում ենք, որ բոլոր կարմիր գծերը խախտված են, որևէ մեխանիզմ չկա, որ այդ գծերը հատած թշնամուն կարողանանք հետ մղել, և այս պայմաններում խաղաղության գործընթաց է ընթանում»,-ընդգծեց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանն ու Փաշինյանի առաջարկած ագրեսիվ աշխարհին հարմարվելու մեխանիզմին, պատգամավորը նշեց ՝ ագրեսորին զիջումներով հնարավոր չէ կանգնեցնել, հետքայլը միայն մեծացնում է Բաքվի ախորժակը.
«Հարց է առաջանում՝ որտե՞ղ է այն կետը, որտեղ ավարտվելու են այդ զիջումները: Միջազգային պրակտիկայում որևէ երկրի սահմանադրություն լեգիտիմ ակտ չի հանդիսացել նրա վրա հարձակվելու համար»,-հայտարարեց ԱԺ պատգամավորը: