ԵԱ․ Արսեն Հարությունյանը 1 րոպե 28 վայրկյանում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին | Region

ԵԱ․ Արսեն Հարությունյանը 1 րոպե 28 վայրկյանում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

Փետրվար 16,2024 21:15

Արսեն Հարությունյանը (57 կգ) Ադրբեջանը ներկայացնող ըմբիշի նկատմամբ փայլուն հաղթանակով նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր։

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանն Իսլամ Բազարգանովին հաղթեց ժամկետից շուտ՝ 10-0։ Գոտեմարտը տևեց 1 րոպե 28 վայրկյան։

Փետրվարի 17-ին հայ ըմբիշը ոսկե մեդալը կվիճարկի թուրք Մուհամետ Կարավուսի հետ։

24-ամյա Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպեում 10-0 հաշվով վստահ հաղթել էր ուկրաինացի Կամիլ Կերիմովին։

ԵԱ-ի առաջին մրցումային օրը պայքարի մեջ է մտել Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ։

Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում 3-1 հաշվով ուժեղ է գտնվել գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից, իսկ երկրորդ գոտեմարտում 6-5 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևին։ Եզրափակիչի ուղեգիրն Անդրեասյանը կվիճարկի Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսակաևի հետ։

Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) տիտղոսի պաշտպանությունը սկսել էր լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և կամային հաղթանակ տարել 7-2 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Թևանյանը մրցել էր ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովի հետ ու լարված պայքարում պարտվել 4-5 հաշվով։

Արման Ավագյանը (79 կգ) նույնպես մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ հավասար միավորների պայմաններում հաղթելով Ռումինիան ներկայացնող Յակուբ Շիխդժամալովին (6-6)։ Քառորդ եզրափակիչում Ավագյանը 4-8 հաշվով պարտվել էր վրացի Ավթանդիլ Կենտչաձեին։

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում 2-13 հաշվով պարտվել էր Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Սուլթանովիչ Բատաևին ու ավարտել ելույթները։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն փետրվարի 17-ին:

Նորություններ