ԵԱ. Սամվել Գասպարյանը` փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր | Region

ԵԱ. Սամվել Գասպարյանը` փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր

Փետրվար 19,2024 18:27

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կարգի պայքարը նույնպես հաջող էր հայ ծանրորդների համար։

Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216 կգ) արդյունքով դարձավ Եվրոպայի եռակի փոխչեմպիոն։ 26-ամյա ծանրորդը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Գարիկ Կարապետյանը` երկամարտի  394 կգ (182+212 կգ)  արդյունքով դառնալով բրոնզե մեդալակիր։

Կարապետյանը լավագույնն էր պոկում վարժությունում` արժանանալով փոքր ոսկե մեդալի։

Մրցումային նախավերջին` 8-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն նաև Պետրոս Պետրոսյանը (109 կգ, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ից), Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը (երկուսն էլ` 87 կգ, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ից)։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էր արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)` 5-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ։

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Նորություններ