ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր և ավարտեց կարիերան
Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) երկամարտի 227 կգ (105+122) արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
36-ամյա Խուրշուդյանը պոկում վարժությունում էլ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը: Խուրշուդյանն աշխարհամասի առաջնությունում վերջին մոտեցումից հետո հանեց մարզակոշիկները, արտասվեց և շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, հայ մարզուհին ավարտեց կարիերան:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում գրավեց չորրորդ տեղը: Հակոբյանը չորրորդ տեղը գրավեց նաև պոկում և հրում վարժություններում:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ նորվեգուհի Կոանդա Սոլֆրիդը, որը երկամարտում գրանցեց 280 կգ (120+160) արդյունք:
Հռիփսիմե Խուրշուդյանը 2006 թվականին դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, հաջորդ տարի նվաճել էր աշխարհամասի առաջնության ոսկե մեդալը, նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում կրկին արժանացել էր բրոնզե մեդալի: