«Համայնքներում հանրային լսումները աշխատում են որպես հակաժողովրդավարական գործիք։ Դեմ կարծիքները լռեցվում էին»․Դուլգարյանը Գինեվետի լսումների մասին

Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում Կարմիր սարում օգտակար հանածոյի արդյունահանման ՇՄԱԳ հայտի վերաբերյալ այսօրվա հանրային լսումներն անցան լարված մթնոլորտում։ իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը RegionsTV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հանրային լսումներն անցել են տեղական ժողովրդավարության սկզբունքների խախտումներով։
«Օրդ գրուպ» ՍՊԸ-ն ծրագրում է Կարմիր սարի կրաքարային մերգելների /կավակրաքարերի/ հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահանում իրականացնել, ինչի համար էլ այսօր հրավիրել էր հանրային քննարկում՝ հանքի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը մեզ հետ զրույցում նշեց՝ անօրինական գործողությունները սկսվել են դեռ մինչև հանրային լսումների մեկնարկը․ այսօր նախ ոստիկանները թույլ չեն տվել ներս մտնել այն մարդկանց, ովքեր Գինեվետ գյուղի բնակիչներ չեն, ապա հորդորել են ներս թողնել այնքան մարդու, որքան նստելու տեղ կա։ Երկու դեպքում էլ ոստիկանները հանդիպել են բնակիչների դիմադրությանն ու ձախողվել։
Դուլգարյանը տարակուսած է, որ այսօրվա լսումներին ներկա էին մեծ թվով ՏԻՄ ներկայացուցիչներ, սպասվածից ավելի։ Նրանք, մեր զրուցակցի տպավորությամբ, ստանձնել էին «Օրդ գրուպ»-ի կողմնակցի դերը․«Քաղաքացիներն, ովքեր դեմ կարծիք էին արտահայտում, անմիջապես լռեցվում էին։ Ամեն ինչ արվում էր, որպեսզի դեմ կարծիքները չլսվեն։ Ավելին, ՏԻՄ ներկայացուցիչները թույլ չէին տալիս, որպեսզի ելույթներ լինեին։ Դա իր հերթին բերում էր լարվածության։ Ամենավերջում, երբ տեսան, որ դեմ կարծիքները շատ են, կամայականորեն դադարեցրին լսումները։ Դա անօրինական էր, քանի որ հարցերը դեռ չէին սպառվել»։
Ընդ որում, բնապահպանները պնդում են, որ Կարմիր սարում բաց հանքի արդյունահանումը սպառնալիք է գյուղատնտեսության համար։
Լսումների ժամանակ, երբ բնակիչներից մեկը հայտնեց, որ այդ տարածքներում էնդեմիկ և կարմիրգրքային բույսեր կան, լսումների նախաձեռնողը ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը ներկայացրեց, ըստ որի՝ հանքի շահագործման տարածքում Կարմիր գրքային բույս չկա։
Իսկ ահա «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը հակառակը պնդեց, վստահեցրեց, որ ՇՄ նախարարությունը եզրակացություն է տվել՝ այդ հատվածում կարմիր գրքային բույսեր կան։
Հանքի շահագործմանը դեմ արտահայտվողների հասցեին ընկերության ներկայացուցիչները, որոշ գյուղացիներ սկսեցին վիրավորել, հայտարարեցին, թե նրանք «Վեդի Ալկո»-ի շահերն են պաշտպանում են։ Ապա իրավիճակը լարվեց։
Այդպես էլ պատասխաններ չտրվեցին շրջակա միջավայրին, մասնավորապես գյուղատնտեսությանը պատճառվող վնասների, օդի աղտոտվածության, արտանետումների վերաբերյալ հարցերին։
Ի վերջո վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչը հանրային լսումները դադարեցրեց, պնդելով, թե այլևս նոր հարցեր չկան, բոլոր հարցերը կրկնվում են։
«Ամոթ, հանրային լսումները չեն կայացել, քանի որ բոլոր հարցերը չեն լսվել և ելույթներ չեն եղել և անօրինական ձևով կասեցվեց»,-հայտարարեցին բնապահպանները։
Մեզ հետ զրույցում Դուլգարյանը հիշեցրեց՝ նախորդ տարի «Օրդ» ՍՊԸ- ի կողմից Կարմիր սարում հանք շահագործելու հայտ էր ներկայացվել, որը բացասական եզրակացություն էր ստացել ՇՄ նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից․«Այսքանից հետո, թվում էր, թե հարցը վերջնականապես կփակվի, բայց ոչ։ Հնարավոր է, որ այս անգամ հայտը ևս նույն ընկերությունն է ներկայացրել, պազապես նոր անվամբ, և ավելի գրավիչ խոստումներով։ Հայաստանում դեռևս շարունակվում է այն մոտեցումը, երբ համայնքներում հանրային լսումները աշխատում են որպես հակաժողովրդավարական գործիք, և այս ամենը առկա օրենսդրական բացերի պատճառով»։
Նկատենք, որ «Օրդ գրուպ»-ն այս անգամ ավելի փոքր՝ 54 հա տարածքում ցեմենտ արդյունահանելու հայտով է դիմել։ Ընկերությունը խոստանում է աշխատատեղեր բացել, գյուղի ջրի հարցը լուծել։
Դուլգարյանի կարծիքով՝ պետք է փոփոխություններ կատարվեն «Շրջակա միջվայրի ազդեցության գնահատման» մասին օրենքում, և եթե որևէ բնակավայր 2 անգամ լսումներով մերժել է այդ տարածքում հանք բացելու ծրագիրը, ապա այդ համայնքում առնվազն 5 տարի ժամկետով պետք է բացառվեն նմանատիպ թեմայով հանրային քննարկումները։ Ինչպես նաև, ըստ նրա, անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, որոնք ՏԻՄ ներկայացուցիչներին զերծ կպահեն գործընթացին միջամտելուց, առավել ևս նախաձեռնող կողմի շահերը պաշտպանելուց՝ ի հակառակ համայնքի բնակիչների կարծիքի։
30 աշխատանքային օրվա ընթացքում Վեդի համայնքի ավագանին պետք է որոշում կայացնի՝ տալ համաձայնությունը նախագծին, թե՝ ոչ։ Դրական պատասպանի դեպքում տվյալ տարածքում փորձաքննություն է իրականացնելու նախարարությունը, և արդեն իրենք են որոշելու երբ կազմակերպել հաջորդ լսումները;
Նիկոլ Մարգարյան