«Ադրբեջանով, ապա Վրաստանով բերվող ղազախական ցորենի ճանապարհը Փոթիի երկաթուղային ճանապարհից 30%-ով երկար։ Ակնկալել, որ այն ավելի էժան կլինի՝ անհնար է»․ Պարսյան
Մինչ կառավարությունը փիարվում էր, որ կարծես Հայաստանի ապաշրջափակումը սկսվել է, Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է ներկրվում, փորձագետներն էլ հացի գնի նվազում էին կանխատեսում, պարզվեց, որ այդ ցորենը 4-րդ կարգի է, այսինքն՝ այն հիմնականում օգտագործվում է անասնակերի արտադրության մեջ։
Հետո իշխանականները սկսեցին պարզաբանել, թե անասնակեր էլ է պետք, և պնդեցին, թե իրենց հայտարարություններն ավելի շատ վերաբերում էին ցորենի շուկայի դիվերսիֆիկացիային։
Regions TV-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց՝ Հայաստանը ցորենի արտադրության մասով ինքնաբավ երկիր չէ, ընդհամենը 30-32%-ն է ինքնաբավություն կազմում։
«Հայաստանի ցորենով, բնակչությունը կարող է ապրել ընդհամենը 3 ամիս։ Մնացած ցորենը ներկրում ենք Ռուսաստանից, մենք պետք է փորձենք մեր ներկրման երկրները դիվերսիֆիկացնենք, որ ոչ միայն Ռուսաստանից ներկրենք այլ նաև Ղազախստանից, Ուկրանիայից և այլ երկրներից, տնտեսական տեսանկյունից դա կարևոր քայլ կլինի»- նշեց տնտեսագետը։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ ակնկալել, որ այս ներկրումները էապես կազդեն հացամթերքի էժանացմանը, դժվար է ասել, քանի որ Ղազախստանի և Ռուսաստանի տրանսպորտային ծախսերը այդքան էլ մատչելի չեն։
«Ադրբեջանի տարածքով, ապա Վրաստանով բերվող ղազախական ցորենի ճանապարհը 820-830 կմ է, Փոթիի երկաթուղային ճանապարհից 30%-ով երկար։ Ակնկալել, որ այն ավելի էժան կլինի՝ անհնար է։ Ռուսաստանի և Ղազախստանի տրանսպորտային ծախսերը մեծ են։ Ղազախական ցորենի մասով կան խնդիրներ, այն ավելի ցածր որակ ունի քան ռուսականը։ Պատճառը Ղազախստանում այս տարվա երաշտն է, առաջին, երկրորդ և երրորդ կարգի ցորեն ավելի քիչ կա, բնականաբար, Ղազախստանն էլ առաջին հերթին մտածում է ներքին սպառման պահանջարկը բավարարի, հետո նոր արտահանման»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Հայաստան ներկրվեց ղազախական ցորենի առաջին խմբաքանակը, այն ՀՀ հասավ երկաթուղով՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։
Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատոր «Պրոդկորպորացիա» ազգային ընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերին ընկերությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր էր ստորագրել հայ սպառողներին հացահատիկի մատակարարման համար։ Նշվում է, որ փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կենդանիների կերերի արտադրության համար։ «Պրոդկորպորացիա» ազգային ընկերության կառավարիչ տնօրեն Տոբիլբեկ Օմարովն ասել է՝ Ղազախստանի հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական հայ սպառողներին մատակարարել մոտավորապես 15 000-20 000 տոննա պարենային հացահատիկ։
Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։
Տիրուն Մարգարյան
