Ֆիդանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում․ Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տպավորություն է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ընտրել է հետևյալ քաղաքական մոդելը. մի կողմից խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանին, իսկ մյուս կողմից իրականացնել որոշ գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի իշխանությունների վերարտադրությանը 2026թ․ ընտրություններում։
Գործնականում դա ունի հետևյալ տեսքը․ ստեղծել պատրանք կամ ձևավորել կարծիք, թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը գրեթե ավարտված գործընթաց է և Հայաստանն առաջիկայում ապաշրջափակվելու է, սակայն միաժամանակ զերծ մնալ այնպիսի կոնկրետ քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանի ազգային շահերին։ Այլ խոսքով՝ հստակ տարանջատված են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի իշխանությունների շահերը։
Հետևաբար մինչև հունիս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի շարք քայլեր, որոնք Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերումներ, սակայն դրանք իրականում կլինեն իմիտացիոն կամ PR բնույթի։ Օրինակ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ սահմանների բացման մասին որոշ փաստաթղթերի նախաստորագրում, երրորդ երկրների քաղաքացիների կամ բեռների համար սահմանային որոշ արգելքների մեղմացում, ևս մեկ ավիաընկերության մուտք հայկական ավիացիոն շուկա, ժամանակակից Թուրքիայի որոշ քաղաքներում հայկական եկեղեցիների վերականգնում և այլն։
Ֆիդանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում, ինչը նշանակում է, որ իրական առաջընթաց կարող է լինել միայն Հայաստանում սպասվող ընտրություններից և հանրաքվեից հետո։ Ընտրություններից հետո իշխանության բարձր լեգիտիմությունը Թուրքիայի համար չափազանց կարևոր է՝ օրակարգը առաջ մղելու տեսանկյունից։
Միևնույն ժամանակ նման աջակցությունը Հայաստանի իշխանություններին փաստացի դնում է կախվածության մեջ Թուրքիայից, ինչը ևս, դատելով քայլերից, հաշվարկված ռազմավարության մասն է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Անկարան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։
«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, երբ դա ու Հայաստանի Սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն, ու խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը»,-ասել է Ֆիդանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Արմենպրեսի հետ զրույցում արձագանքելովէ Ֆիդանի հայտարարությանն, ասել է․«Նախ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ»:
